...

Նիկոլ Փաշինյանն ուզում է կրկնե՞լ հրաժարական տալու «տրյուկը»

Նիկոլ Փաշինյանն ուզում է կրկնե՞լ հրաժարական տալու «տրյուկը»

Նկատե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շաբաթներին փաստացի նախընտրական քարոզարշավի ռեժիմով է ապրում։ Բայց չափչփում է ոչ թե Երևանի փողոցները, ինչպես Տիգրան Ավինյանն ու մյուս թեկնածուներն են անում՝ ամեն մեկն իր «Չալոյի կամանդը» ետևը գցած, այլ թրև է գալիս մարզից մարզ ու «տեղերում ծանոթանում բնակչությանը հուզող խնդիրներին»։ «Չնախատեսված հանդիպումների» սցենարներն էլ են նախընտրական՝ շնորհակալություն հայտնող պապիկ, թոշակի համար օրհնող տատիկ, մի երկու օրվա թրաշ պահած ու ընդհանուր առմամբ կյանքից գոհ հասարակ աշխատավոր գյուղացի, գրկելու և թուշը պաչելու համար նախատեսված երեխա, հետո՝ անպայման այցելություն ինչ-որ պուճուր արտադրամաս (սպիտակ խալաթով ֆոտոները լավ են նայվում), հետո՝ աշխատանքային խորհրդակցություն ինչ-որ աննախադեպ բորդյուրի թեմայով, և այլն։ Հարց է ծագում՝ ո՞րն է այս ամենի իմաստը։ 

Առաջին պատճառը թերևս այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր այդ «առօրեական» պահվածքով փորձում է ցույց տալ, թե ինչ ահռելի կոնտրաստ կա հայաստանյան և արցախյան իրողությունների միջև։ Իբր՝ «տեսեք, ես պատասխանատու եմ բացառապես ՀՀ 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքի համար, այդ տարածքում առկա ցանկացած խնդիր հուզում է ինձ, այդ տարածքի ժողովուրդն էլ ինձ սիրում ու ընդունում է, և, ի դեպ, Արցախի վերաբերյալ էլ ոչ մի հարց չի տալիս, այսինքն՝ ժողովրդին նույնպես Արցախը չի հետաքրքրում, եթե հետաքրքրեր՝ ա՛յդ հարցը կբարձրացնեին, և ոչ թե ասֆալտի, խմելու ջրի կամ կոյուղու հարցերը»։ Իրականությունը, իհարկե, այն է, որ վարչապետին մոտենալ և տեսախցիկների առջև հարցեր տալ թույլատրում են միայն նրանց, ովքեր հենց ա՛յդ թեմաներով կխոսեն, բայց քարոզչական հնարքն այնուամենայնիվ աշխատում է։

Իսկ ահա երկրորդ պատճառը կարող է շատ ավելի լուրջ լինել։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր ցանկացած աղետաբեր սխալի տակից դուրս գալու ունիվերսալ ձև է գտել՝ հայտարարում է, որ սխալվել է, բայց չի պատրաստվում հրաժարական տալ, որովհետև «ստացել է ժողովրդի մանդատը»։ Այլ հարց է, որ այդ «մանդատը» ժամանակ առ ժամանակ պետք է թարմացնել, հատկապես՝ երբ խոսքը ոչ թե իր բերած «շարքային, մանր-մունր աղետների», այլ մասշտաբային կատաստրոֆայի մասին է։ Վերջին անգամ նա իր մանդատը «թարմացրել է» 2021-ի հունիսին՝ 44-օրյա պատերազմից հետո, և այն, որ այսօր փաստացի քարոզարշավ է սկսել, կարող է նշանակել միայն մի բան՝ առաջիկայում նոր մասշտաբային կատաստրոֆա է ծրագրել, որից հետո անհրաժեշտ է լինելու ևս մեկ անգամ «թարմացնել» մանդատը։ Ու որպեսզի իր հավանական մրցակիցներից ավելի շահեկան վիճակում լինի՝ նախապես է սկսել քարոզարշավը։

Հասկանալի է, որ այդպիսի մասշտաբային կատաստրոֆա կարող է լինել Արցախի տեղահանումը, որը Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահի կհայտարարի «անխուսափելի», հետո դրա համար կմեղադրի նախկիններին, հետո կհայտարարի, որ այո, ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց արդյո՞ք թիվ մեկ մեղավորն է, հետո կասի, որ իր հրաժարականի հանրային պահանջ չկա, բայց ինքը «մեծահոգաբար» պատրաստ է ևս մեկ անգամ հրաժարական տալ ու հերթական արտահերթ ընտրություններն անցկացնել․․․ Մեծ հավանականությամբ՝ հենց սա է չհայտարարված քարոզարշավ սկսելու հիմնական պատճառը, որովհետև ամենալավը հենց ինքը գիտի, թե ինչ նոր աղետներ է պատրաստվում բերել, ու ամենալավը հենց ինքն է հասկանում, որ առանց ընտրությունների չի կարողանալու «պլստալ» դրանց տակից։ 

Որովհետև որքան էլ վիրաբույժը տխմար լինի, միևնույն է՝ առաջինը ինքն է տեսնում իր ձախորդ վիրահատության աղետալի հետևանքները։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   829 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ