Իմ լավ ընկեր Արմինե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում մի նյութի հղում է տեղադրում, որպեսզի ընկերներն էլ կարդան և հավանեն։ Այդպես էլ լինում է՝ 151 հավանում, 11 կիսում։ Սակայն նյութի տակ մեկնաբանությունների տեսքով տեղի է ունենում կազմակերպված հարձակում։
Մեր Արմինեն
Արմինե Գրիգորյանը հանրաճանաչ երգչուհի է, ինքնատիպ և ինտելեկտուալ անձնավորություն, բայց և՝ նուրբ ու խորը զգացմունքային, ինչպես բնորոշ է բոլոր լավագույն արտիստներին։ Արմինե Գրիգորյանի սկզբունքայնությունը հստակ դրսևորվել է վերջին 20 տարիներին. շոու բիզնեսի շատ ու շատ ներկայացուցիչների նման չի ձգտել դեպի իշխանական կերակրատաշտ, մնացել է անկախ ստեղծագործող, ինպես նաև մշտապես քննադատել է գործող ռեժիմներին։ Այդպիսով զրկված է եղել պետականորեն կազմակերպված մշակութային միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից, այսինքն՝ վաստակել է բացառապես իր տաղանդով, և ոչ թե որևէ իշխանավորի բարեհաճությամբ։ Ավելին, երկու տասնամյակ Արմինե Գրիգորյանի առջև փակ են եղել հեռուստա և ռադիո եթերները։ Մի խոսքով՝ Արմինե Գրիգորյանը նախկին ռեժիմի համար եղել է անցանկալի անձ։
2018-ին Արմինեն լիովին նվիրվել է հեղափոխության կայացմանը, բոլորիս պես ակնկալել լայն բարեփոխումներ։ Եվ վերջերս, բոլորիս նման, սկսել է թեթևակի քննադատել կառավարության դանդաղկոտությունը բարեփոխումների հարցում։
Իր ֆեյսբուքյան էջում հղում տեղադրելուց հետո հայտնվել է մի «ժիվոյ ֆեյք» օգտատեր, հետը բերել մի խումբ իսկական ֆեյքեր ու կազմակերպված սկսել են նյութի տակ վիրավորական մեկնաբանություններ թողնել՝ «պիցցայակերից» մինչև ծայրահեղ գռեհկաբանություններ։
Ո՞ւմ ֆեյքերն են «Նիկոլի ֆեյքերը»
Իհարկե աբսուրդի ժանրից է Արմինե Գրիգորյանին ռոբական «պիցցայակեր» անվանարկելը։ Բայց կա ուշագրավ մեկ այլ հանգամանք, որն ստիպեց հետաքրքրվել այդ թայֆայով և գրել սույն հոդվածը. սրանք միահամուռ ոչինչ չեն գրում հղված նյութի վերաբերյալ, ինչը տարօրինակ է։ Ստացվում է, որ հենց Արմինե Գրիգորյանն է թիրախում և ոչ թե դրած նյութը։ Բայց ինչո՞ւ։ Եվ ովքե՞ր են այդ ֆեյքերը։
Բնականաբար Արմինե Գրիգորյանը ջնջում և բլոկում է սրանց։ Բայց Արսեն Արշակյան կոչվող «ժիվոյ ֆեյքը» թեման տեղափոխում է իր էջ (126 հավանում, 0 կիսում) և ֆեյքերի մի հոծ խմբի հրահրում խմբակային վիրավորանքների։ Հատկանշականն այն է, որ նրանք բոլորն էլ միավորված են իրենց պրոֆիլներում Նիկոլին աստվածացնող լուսանկարներով՝ որպես Նիկոլի և հեղափոխության պաշտպաններ, թեև հեղափոխությանը կամ Նիկոլին նպաստող որևէ նշանակալի նյութ աչքի չընկավ։
Լրատվադաշտում տևական ժամանակ է, ինչ շրջանառվում է «Նիկոլի ֆեյքեր» եզրույթը՝ տեղ-տեղ կոնկրետացնելով կառավարության հայտնի ՊՈԱԿ-ի անունը։
Սակայն, սրանց էջերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հասկանալի է դառնում, որ նրանք Նիկոլի և հեղափոխության անունից պարզապես հայհոյում են։ Առերևույթ՝ առանց պատճառի։ Այլապես, գոնե մեկ բառով անդրադարձ կլիներ այն նյութին, որը վերնագրված էր «Հպարտ ձախողակներ», որի հղումն իր էջում տեղադրել էր Արմինե Գրիգորյանը, և տրամաբանորեն դա էլ պետք է լիներ վիրավորանք տեղալու պատճառը։ Իսկ եթե դա չէ պատճառը, ապա ի՞նչն է խնդիրը։
Արձանագրենք. Նիկոլի անունից հայհոյում են Նիկոլի պաշտպաններին։ Ովքե՞ր։ Նիկոլի ֆեյքե՞րը։ Ինչո՞ւ։ Նիկոլի դեմ հանելու նպատակով։ Ուրեմն ֆեյքերը Նիկոլինը չեն։ Բա ո՞ւմն են։
Փաստորեն, հանրային ճանաչում ունեցող մարդիկ, որոնք պաշտպանել, բայց հիմա մի թեթև քննադատում են կառավարությանը, արժանանում են սույն ֆեյքերի ուշադրությանը։ Սրանց հայհոյանքն ընկալվում է որպես Նիկոլի պատասխան իրեն քննադատողներին, ինչը բուռն վրդովմունք և վերջնական հիասթափություն կարող է առաջացնել Նիկոլից էլ, հեղափոխությունից էլ։ Ոչ շատ պարզունակ, բայց կիրառված քաղաքական տեխնոլոգիա է դեռևս Վազգեն Մանուկյանի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ։
Ուրեմն «Նիկոլի ֆեյքեր» կոչվածները Նիկոլի ֆեյքերը չեն։ Եթե կա այլ տարբերակ, ուրեմն Նիկոլը գործում է Նիկոլի դեմ։
Ենթադրեք՝ կոյուղում հետաքննություն եք անցկացնում
Արարքը քրեորեն պատժելի է, ուստի հրավիրում ենք ոստիկանության ուշադրությունը՝ որպես հաղորդում հանցագործության մասին։ Իսկ սույն հրապարակման հիմքով «Մարդու արժանապատվության և բարի համբավն արատավորելու» հոդվածով դատախազությունն ասելիք ունի Արսեն Արշակյան ֆեյսբուքյան օգտատիրոջը, ով կարծես թե Ֆեյսբուքում գրանցվելու պահին եղել է Նարեկ Արշակյան։ Գուցե ԱԱԾ-ին էլ մի քիչ բզբզեն՝ նախադեպ կա։ Հասկանում ենք, որ զզվելի թեմա է, բայց ենթադրեք՝ աշխատանքի բերումով հետաքննություն եք անցկացնում կոյուղում։
Արմեն ֆոն Գևորգյան