...

Երբ քաղաքական գնահատական չկա

Երբ քաղաքական գնահատական չկա

Ինչո՞ւ հեղափոխական իշխանությունը նախկինների գործունեությանը քաղաքական գնահատական չի տալիս։ Մանավանդ, երբ ներկաներին լեգիտիմություն ապահոված հսկայական ընտրազանգվածն անհամբեր սպասել և դեռ սպասում է դրան։ 

Տարրական քաղաքագիտական նորմ է, երբ քաղաքական գործիչը կամ ուժը ասպարեզ գալով քաղաքական գնահատական է տալիս իրավիճակին կամ իր նախկիններին։ Որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դա չեն արել, չի նշանակում, թե նման նորմ չկա (թեև Քոչարյանն իշխանություն վերցնելուց հետո ստեղծեց մի հանձնաժողով, որի գործը իրենց նախկիններին՝ ՀՀՇ-ին քաղաքական գնահատական տալն էր, բայց քանի որ «ատոմակայանի փակումը», «հողանցում տված հոսանքը», «մազութի գործը», «մութն ու ցուրտը» և այլն ընդամենը հորինովի քարոզ էր, քաղաքական գնահատական տալու բան չունեցան և հանձնաժողովը փակվեց)։

Իսկ 2007 թվականին 10-ամյա լռությունից հետո քաղաքականություն վերադարձած Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին հրապարակային ելույթը, որը կոչվում էր «Իրերն իրենց անուններով կոչելու և հաշիվ պահանջելու ժամանակը», հենց այն է, ինչ ասվեց վերևում՝ քաղաքական գնահատական։ 

Նախ, օրվա իշխանություններին բնութագրեց. «Վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ քրեական աշխարհի կանոններով։ Այսինքն՝ լիովին մաֆիոզ, մինչև վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի նմանատիպ ռեժիմների շարքը»։
Այնուհետև, քաղաքականություն մուտք գործող գործիչը, որպես քաղաքագիտական տարրական նորմ, իր քաղաքական գնահատականներով հստակ բացատրեց իր վերադարձի դրդապատճառները, նպատակները և բաժին առ բաժին բացատրեց, թե ինչու պետք է մարդիկ իրենց ձայնը տան հենց իր ուժին։ 

Հիշեցնենք տրված քաղաքական գնահատականի բաժինները.

  • Քոչարյանական վարչախմբի կամ ռեժիմի էությունը
  • Ավազակապետական համակարգի կառուցվածքն ու հանգուցային օղակները
  • Ռեժիմի ձևավորման և զարգացման ընթացքը
  • Ռեժիմի գործունեության տնտեսական հետևանքները
  • Վարչախմբի քաղաքականության սոցիալական հետևանքները
  • Բարոյա-հոգեբանական հետևանքները
  • Իրավական և քաղաքական հետևանքները

Ինչպես նաև Հոկտեմբերի 27-ի խորհուրդն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տվյալ պահի վիճակը։ Ընդ որում, հնչեցված քաղաքական գնահատականները չեն հերքվել, չեն քննադատվել և առայսօր արդիական են, քանի դեռ որևէ գործչի կամ ուժի կողմից նոր գնահատական չի տրվել։ 

Վերադառնալով սկզբնական հարցին՝ ամփոփենք. հեղափոխական իշխանության մերժվածների գործունեությանը քաղաքական գնահատական չտալը կարող է ունենալ հետևյալ պատճառները .

1. 2007 թվականին հնչեցրած գնահատականներին ավելացնելու ոչինչ չկա, 
2. հեղափոխական իշխանությունը համամիտ է տրված այդ գնահատականներին,
3. անձնավորված է. այսինքն՝ նոր գնահատական չի տրվում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Նիկոլ Փաշինյանի ունեցած տարաձայնությունների պատճառով։

Ամեն դեպքում, իշխանության եկած ցանկացած քաղաքական ուժ քաղաքագիտական տարրական «պարտավորվածություն» պետք է ունենա հնչեցնելու իր տեսակետները։

Արմեն Գևորգյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ