Հասարակական-քաղաքական դիսկուրսում նորից ակտիվացել է նախկինին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության թեման:
Հասկանալի պատճառներով դրան դեմ են արտահայտվում նախկինները, բայց դեմ արտահայտվողների մեջ կան ուժեր և անհատներ, որոնց ոչ մի դեպքում հնարավոր չէ զուգորդել կամ կապել նախկինների հետ: Ինչ հակափաստարկներ են նրանք բերում: Եթե ընդունվի պաշտոնական փաստաթուղթ, որ նախկին վարչակազմը զավթել էր իշխանությունը, կնշանակի պետությունը նույնպես ապօրինի էր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ռեժիմներին պետք է տալ քաղաքական գնահատական: Ժողովրդի գերակշիռ մեծամասնության քվեն ստացած խորհրդարանը պետք է մեկընդմիշտ արձանագրի. 1998 թվականի փետրվարին Հայաստանում տեղի է ունեցել հեղաշրջում, իշխանությունը զավթած ուժերը 20 տարի այն պահպանել են զենքի և պետական մակարդակով կեղծվող ընտրությունների հետևանքով: Այդ փաստաթղթում հատիկ առ հատիկ պետք է նշվեն բոլոր գլխավոր իրադարձությունները, որ տեղի են ունեցել վերջին 20 տարվա ընթացքում:
Նախորդ ռեժիմների միակ հանցագործությունը 2008 թվականի Մարտի 1-ը չէ: Մինչդեռ այսօր միայն այդ հանցագործությունն է հետաքննվում: Վաղեմության ժամկետների սպառման, իրեղեն ապացույցների ոչնչացման և մի շարք այլ պատճառներով այդ հանցագործությունների զուտ իրավական քննությունը դարձել է անհնար: 2003 թվականին ընտրատեղամասերում դաժան ծեծի ենթարկված, նույնը 2008 և 2015 թվականներին խաղաղ ցույցի դուրս եկած և կրկին ծեծված քաղաքացիները տարիներ անց, գոնե հռչակագրային տեսքով արժանի են մի փաստաթղթի, որտեղ կարձանագրվի, թե ինչի համար են նրանք պայքարել և ենթարկվել զրկանքների: Այդպիսով կարձանագրվի, որ նրանց հետ այդպես վարվել են ոչ թե օրենքի շրջանակներում, այլ զուտ իշխանությունը զավթած խմբի շահերը սպասարկելու հետևանքով:
Այսօր նախկինների մեդիաները փորձում են Սահմանադրական դատարանի անդամներից կերտել գրեթե դիսիդենտների, որոնք պայքարել ու շարունակում են պայքարել իրավունքի գերակայության համար: Մինչդեռ քաղաքական գնահատականը կարձանագրի չափազանց կարևոր մեկ իրողություն. 20 տարի Հայաստանում չի եղել սահմանադրական արդարադատություն, բարձր դատարանը եղել է զավթված և օրինականացրել է կեղծված ընտրությունները:
Այդպիսի փաստաթղթի ընդունումը ինքնին չի ենթադրում, որ այլևս երբեք ոչ մի ուժ կամ անհատ չի հանդգնի զավթել իշխանությունը Հայաստանում: Բայց նման փաստաթղթի ընդունումը էական վնաս կհասցնի ռևանշիստների ախորժակին: Ակնհայտ է, որ այսօր ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն բավական արդյունավետ են օգտագործում տարիներով ստեղծված իրենց միջազգային կապերը: Առաջին հերթին նրանք փորձում են ցույց տալ, որ որևէ տարբերություն չկա նախկին և ներկա իշխանությունների միջև և, օգտագործելով անձնական կապերը, քննադատության առարկա են դարձնում այսօրվա հակակոռուպցիոն քաղաքականությունը:
Իշխանության զավթումը ինքնին չի ենթադրում պետության ապօրինի լինելը, չի հանգեցնելու պետության արտաքին և ներքին պարտավորությունների վերանայման կամ սրբագրման: Հայաստանի ոչ մի միջազգային գործընկեր դա թույլ չի տա: Բայց նաև որոշ չափով կզսպի բոլոր այն միջազգային գործընկերների ախորժակը, որոնք, ինչ-ինչ պատճառներից ելնելով, կարող են ունենալ գայթակղություն՝ օգտագործելու իշխանությունը զավթած նախկին ուժերին Հայաստանի ներքաղաքական պայքարում: Նրանք մի փոքր ավելի կաշկանդված կդառնան՝ հրապարակավ պաշտպանելու այն ուժերին, որոնք Հայաստանում պաշտոնապես ճանաչվել են որպես իշխանության զավթիչներ:
Աբսուրդ է նաև կարծել, թե նախկինին քաղաքական գնահատական տալը ենթադրում է նաև այն քիչ լավի մերժումը, որ տեղի է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում: Նապոլեոնի կառավարման ընթացքում ռոյալիստները նրան անվանում էին մի բառով՝ Ուզուրպատոր, բայց իշխանությունը վերականգնելուց և նրան դատապարտելուց հետո պահպանեցին նրա ստեղծած շատ ինստիտուտներ, օրինակ՝ Քաղաքացիական օրենսգիրքը:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2020