...

Նիկոլի ցանկացած խոսք դատարանում կարող է օգտագործվել Հայաստանի դեմ

Նիկոլի ցանկացած խոսք դատարանում կարող է օգտագործվել Հայաստանի դեմ

Նիկոլ Փաշինյանի երկսերիանոց մենախոսություն-թամաշան, ինչպես միշտ, կարգին զայրացրեց շատից-քչից մտածող և հանրահայտ փաստերը համադրելու ունակ մարդկանց։ Բայց մանիպուլյացիաների առատությունն ու նրբագեղությունը, ինչպես սովորաբար լինում է, մի տեսակ հետին պլան մղեցին երկու ավելի կարևոր հանգամանքներ։ Առաջինն այն է, որ «ընդհանուր գործընթացի» իմաստը պարտության մեղքը սրա-նրա վրա բարդելն էր, մինչդեռ սովորաբար դա արվում է պատերազմներից հետո, իսկ մեր դեպքում պատերազմը դեռ չի ավարտվել։ Երկրորդը՝ մեզանում, որպես կանոն, Նիկոլ Փաշինյանի մանիպուլյատիվ զեղումները դիտարկվում են առավելապես ներքաղաքական համատեքստում, մինչդեռ իրականում դրանք ավելի շատ արտաքին-քաղաքական ծանրագույն հետևանքներ են ունենում։ 

Հիմա՝ ավելի հանգամանորեն։ Այն, որ Նիկոլ Փաշինյանի՝ «գնդակահարության պատից» խուսափելու ջանքերն օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ են դառնալու, հասկանալի է, որովհետև այդ «պատն» անխուսափելիորեն մոտենում է, իսկ դրանից խուսափելու ամենահեշտ ճանապարհն աջուձախ բոլորին մեղավոր ու դավաճան հռչակելն է։ Հասկանալի է նաև նրա շոուին ուշիմ դեմքերով մասնակցող իմքայլականների, «արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների» և «անկախ փորձագետների» պահվածքը․ «գնդակահարության պատից» հետո իրենց կենսամակարդակը կտրուկ ընկնելու է։ Չէ, էլի՛ պետության հաշվին են ապրելու, բայց՝ երևի ավելի սահմանափակ կենսատարածքում և պակաս հրապուրիչ սանիտարահիգիենիկ պայմաններում։ Խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, որ չավարտված պատերազմի պայմաններում ռազմական գաղտնիքներ հրապարակելն ու պարտության մեղավորներ փնտրելը նշանակում է վերջնականապես համակերպվել այդ պարտության հետ, «գործընթացը համարել ավարտված», իսկ հետագա որևէ դիմադրություն՝ անիմաստ։ Համենայն դեպս՝ շարքային քաղաքացին, հետևելով շոուին, հենց այսպիսի եզրակացության կհանգի։ Իսկ մեր ուղեղներում պարտությունն անշրջելի դարձնելը Ադրբեջանի թիվ մեկ քարոզչական նպատակն է։

Հիմա՝ շոուի արտաքին-քաղաքական հետևանքների մասին։ Չենք կարող պնդել, որ Նիկոլ Փաշինյանի «անկեղծացումների փուլն» ադրբեջանական կողմի պահանջն է (ինչպես, օրինակ, պահանջում էին պարզ-հստակ հայտարարել, որ «Ղարաբաղն Ադրբեջան է», և Նիկոլ Փաշինյանն ի վերջո արեց դա), բայց անդրադառնանք միայն մի փաստի։ Ինքն ասում է՝ դեռևս նախկիններն էին ընդունել, որ «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է»։ Հետո հենց ինքն է հայտարարում, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախով և անկլավներով, այսինքն՝ ասում է, որ Շուշին Ադրբեջան է։ Հետո ուղիղ եթերով ասում է «ես հրամայեցի ետ վերցնել Շուշին»։ Հասկացա՞ք տրամաբանական շղթան։ Հայաստանի վարչապետն ուղիղ եթերով ասում է, որ հրամայել է Ադրբեջանին պատկանող քաղաք գրավել, այսինքն՝ պետության ղեկավարի մակարդակով ընդունում է, որ Հայաստանն ագրեսոր է։ Հարց՝ ողջամիտ հիմքեր ունե՞նք կասկածելու, որ նա դա արել է Ալիևի պահանջով, և հետագայում Ադրբեջանը լիուլի կօգտվի այդ «ինքնախոստովանությունից»։ Երևի ունենք, որովհետև հակառակ դեպքում պիտի ընդունենք, որ ընդամենը երկու այլընտրանքային տարբերակներ կան․ կամ Նիկոլ Փաշինյանը չի հասկացել դա (իսկ ժողովրդական ասացվածքը հուշում է, որ «չհասկացողների համար կա դպրոց»), կամ լավ էլ հասկացել է, բայց որոշել է, որ սեփական ընտրազանգվածի թեկուզ մի չնչին հատվածին թեկուզ մի քանի րոպեով դուր գալն ավելի կարևոր է, քան թշնամուն այդպիսի հաղթաթուղթ տրամադրելու հնարավոր հետևանքները։

Իսկ հասարակությունը դրել-քննարկում է, թե ով երբ է մտել-դուրս եկել բունկեր, ով ինչ լիազորություններ ուներ, ՀՀ ԶՈւ Գենշտաբի պետը ճի՞շտ է արել, որ հավանություն է տվել «Լելե-թեփեի» օպերացիային, թե ոչ․․․ Գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչի մեջ է մտնում Հայաստանն այս քննարկումներով։ Իսկ եթե հասկանում եք՝ չե՞ք զարմանում, որ շոուի ժամանակ սեղաններին դրված ջուրը «Բյուրեղ» էր, և ոչ թե «Բադամլի»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   833 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ