Հիմնավորելու համար, որ Հայաստանի իշխանությունների գործունեությունն ուղղակիորեն թելադրվում է Բաքվից, ընդամենը մի հարց տանք՝ ի՞նչ կոնկրետ գործողություններ են արել և ի՞նչ քարոզչություն են իրականացրել նիկոլական իշխանությունները, ասենք, վերջին ութ ամիսների ընթացքում՝ Արցախի հայաթափումից հետո։
Սկսենք կոնկրետ գործողություններից։ Եթե մի կողմ թողնենք սովորական, այսպես թե այնպես պարտադիր արվելիք բաները (բյուջե հաստատել, բորդյուր-բան փոխել, արտասահմանյան այցեր և այլն), ապա Հայաստանի իշխանություններն այդ ընթացքում երեք կարևոր գործողություն են իրականացրել։
1․ Փաստացի համաձայնվել են Ադրբեջանի հետ բանակցել և սահմանազատում սկսել առանց միջնորդների,
2․ Տավուշի ուղղությամբ գնացել են միակողմանի զիջումների՝ առանց հանձնված տարածքների դիմաց գեթ մի սանտիմետր տարածք վերադարձնելու,
3․ Հայ-ադրբեջանական սահմանից դուրս են բերել ռուս սահմանապահների հենակետերը։
Իսկ ի՞նչ քարոզչություն են իրականացրել այդ ընթացքում (քարոզչությունն առանձնացնում ենք, որովհետև դրանց նպատակն ակնհայտորեն հասարակությանը հետագայում կատարվելիք կոնկրետ գործողություններին նախապատրաստելն է, այսինքն՝ ինչ-որ իմաստով դրանք նույնպես կոնկրետ գործողություններ են)։
1․ Քարոզել են, որ Արցախի հայաթափման մեղավորը հենց Արցախի իշխանություններն են, որովհետև չեն ցանկացել ինտեգրվել Ադրբեջանին,
2․ Պատմական հայրենիքը հակադրել են Հայաստանի Հանրապետությանը՝ քարոզելով, որ Հայաստանն իր 29,743 հազար քկմ տարածքից դուրս որևէ շահ ու հավակնություն չունի և երբևէ չի ունենալու, որ Արարատը պետք է փոխարինել Արագածով, Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հիշատակումը, հրաժարվել Ցեղասպանությունից, վերաշարադրել պատմությունը, և այլն,
3․ Հանրային գիտակցության մեջ արմատավորել են այն միտքը, որ Հայաստանի բանակը չափազանց թույլ է և ի վիճակի չէ պաշտպանել երկիրը (Նիկոլն ասում էր՝ զիջումների պիտի գնանք, «թե չէ շաբաթվա վերջում պատերազմ կլինի, որի ելքը ես գիտեմ»),
4․ Քարոզել են, որ Սփյուռքը մեզ միայն վնասում է, որովհետև չի ուզում, որ կարգավորենք հարաբերությունները հարևանների հետ,
5․ Եկեղեցին ներկայացրել և ներկայացնում են որպես մեր պետականության դեմ գործող օտարերկրյա գործակալների կոռումպացված ցանց։
Ակնհայտ է, որ վերը նշված երեք կոնկրետ գործողություններն էլ իրականացվել են Ադրբեջանի ուղղակի պահանջով, որովհետև երկար ժամանակ հենց նրանք էին ուղիղ տեքստով հայտարարում, որ բանակցությունները պիտի լինեն առանց միջնորդների, սահմանազատումն էլ պիտի տեղի ունենա այնպես, ինչպես իրենք են ուզում։ Ռուսական հենակետերը հայ-ադրբեջանական սահմանից հանելու հրապարակային պահանջ գուցե չեն ներկայացրել, բայց մեծ հավանականությամբ՝ փակ հանդիպումներում նման կոշտ պարտադրանք այնուամենայնիվ եղել է։
Հիմա նույն սկզբունքով նայենք նիկոլական իշխանությունների քարոզչական հինգ ուղղություններին։ Ակնհայտ է, որ դրանք բոլորը կամ կրկնում են ադրբեջանական քարոզչության թեզերը (օրինակ՝ որ Արցախի հայաթափման մեղավորը հենց Արցախի հայերն են, որովհետև չէին ուզում ինտեգրվել, որ հայկական բանակը ջախջախված է, և իրենք ինչքան ուզենան՝ կգրավեն, և այլն), կամ քարոզչական հող են նախապատրաստում Ադրբեջանի պահանջները կատարելու համար (օրինակ՝ հրաժարվել պատմությունից, ոչնչացնել Եկեղեցին, խզել կապերը Սփյուռքի հետ, և այսպես շարունակ)։
Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանի գործողություններից պետք չէ զարմանալ․ Հայաստանը ձևականորեն դեռ ինքնիշխան պետություն է, բայց նա արդեն իրեն Բաքվից նշանակված մարզպանի պես է պահում։
Մարկ Նշանյան