...

Նիկոլի երազած «նոր հայը» լավ մոռացված հին ներքինին է

Նիկոլի երազած «նոր հայը» լավ մոռացված հին ներքինին է

Նիկոլ Փաշինյանն ինքն իր համար «նոր տիպի հայ ժողովուրդ» է ստեղծում՝ իր տեսքով և նմանությամբ, կամ, Սևակի խոսքերով ասած, «իր հաստ, իգացող նստուկին հարմար»։ Ավելին՝ համարում է, որ արդեն իսկ ստեղծել է, ու զարմանում է, որ դա իրեն սպասվածից ավելի հեշտությամբ ու արագ հաջողվեց։

Այսպես, Հանքավանում նա հայտարարեց, թե մեր ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում իշխանությունները միշտ իրենց գաղափարախոսությունը պարտադրել են ժողովրդին, ընդ որում՝ հաճախ բռնությամբ, իսկ ահա իրենց իշխանությունը պատմության մեջ առաջին անգամ հենց «ժողովրդի գաղափարախոսությունն» է վերցնում ու դարձնում պետական գաղափարախոսություն։ «Ժողովրդի գաղափարախոսությունն» էլ, ըստ Նիկոլ Փաշինյանի, այն է, որ մարդիկ այլևս չեն ուզում պայքարել, չեն ուզում մաքառել, պարզապես ուզում են լավ ապրել, և վերջ, ու իրենցից էլ միայն մի բան են պահանջում՝ ապահովել դա։

Սա իսկապես բացառիկ, աննախադեպ ցինիզմ է, և ահա թե ինչու։

Նախ, ժողովրդի համար լավ ապրելու պայմաններ ապահովելը ոչ թե ժողովրդի ուղերձն է, որը «մեծահոգաբար» լսել են ՔՊ-ականները, այլ ցանկացած իշխանության ուղղակի պարտավորությունը։ Ընդ որում՝ ցանկացած իշխանություն պարտավոր է հստակ ասել այն գինը, որը պետությունը վճարելու է այդ «լավ ապրելու հնարավորության» դիմաց։ Մինչդեռ Նիկոլը վարվում է մոտավորապես այն «ընտանիքի հոր» պես, որն ընտանիքի անդամներին նախ խոստանում է արժանապատիվ և բարեկեցիկ կյանք, ապա տղա երեխաների կեսին գերեզման իջեցնում, մյուս կեսին դարձնում հաշմանդամ, աղջիկ երեխաներին ուղարկում հասարակաց տուն ու ասում «ես ճիշտ եմ, չէ՞, հասկացել ձեր ուղերձը, որ ուզում եք լավ ապրել, դե բա էլ ի՞նչ կա, կուշտ ուտում եք, սիրուն հագնվում եք, տաք անկողիններում քնում եք, ահագին էլ փող եք աշխատում»։

Երկրորդը՝ եթե անգամ ժողովրդի ինչ-որ հատված այդպիսի «ուղերձ է հղում», միևնույն է՝ որևէ երկրի իշխանություն իրավունք չունի այդ «ուղերձը» դարձնել պետական քաղաքականություն։ Ո՞վ չգիտի, օրինակ, որ և՛ Սարդարապատի ճակատամարտից առաջ, և՛ արցախյան առաջին պատերազմի ամենածանր ամիսներին իշխանությունները շատ կոշտ միջոցների էին դիմում ու անգամ փողոցներից մարդկանց հավաքում և ուղարկում առաջնագիծ։ Պարզ ասած, ըստ Նիկոլի՝ «բռնությամբ էին պարտադրում իրենց գաղափարախոսությունը»։ Դե պատկերացրեք՝ եթե այդպես չլիներ, ու օրվա իշխանություններն այն ժամանակ է՛լ ասեին «մարդիկ այլևս չեն ուզում պայքարել, ընդամենը ուզում են ապրել, և մենք առաջնորդվում ենք այդ ուղերձով», արդյո՞ք այսօր Հայաստան կլիներ, կամ այսօրվա Հայաստանի տարածքում հայեր կապրեին։ 

Երրորդը՝ եթե Նիկոլի պատկերացրած, երազած ու համարյա կերտած «նոր հայն» ընդամենը տարածաշրջանում բացառապես «իր հաստ, իգացող նստուկի» կարիքների մասին մտածող ֆիզիոլոգական օրգանիզմ է, բայց դրան, նույն Նիկոլի՝ կանացի ճղճղան ձայնով ազդարարված պնդումների համաձայն, դեմ են և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանն ու Թուրքիան, որքանո՞վ է հավանական, որ այդպիսի «ապագան» հնարավոր է (եթե անգամ ինչ-որ մարդիկ ընդունելի համարեն դա)։ Թե՞ նա մտածում է՝ դե ոչինչ, մի 30 տարի բոլոր ցանկություն ունեցողները մեր բարեմասնություններից կօգտվեն, հետո կձանձրանան ու հանգիստ կթողնեն, ինքն էլ՝ դե հո 30 տարուց ավել չի՞ իշխելու․․․ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3127 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ