...

Խեղդվողը փրփուրներից է կառչում, Նիկոլ Փաշինյանը՝ «Քոչարյանի ականջներից»

Խեղդվողը փրփուրներից է կառչում, Նիկոլ Փաշինյանը՝ «Քոչարյանի ականջներից»

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից եղել է հարձակում ոստիկանության վրա․․․ Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն բարձրագույն օրենսդիր մարմնի վրա»։

Կաթողիկոսին դեռ մի կողմ թողնենք։ Ոստիկանության և խորհրդարանի վրա գրոհելը բավականին ծանր քրեական հանցագործություն է, առավել ևս՝ որ ըստ նույն նիկոլական իշխանությունների, դրա նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելն ու երկիրը ռուսական ֆորպոստ դարձնելն է։ Հիմա փաստորեն Նիկոլը Քոչարյանին մեղադրում է ծանրագույն քրեական հանցագործության մեջ։ Հարց՝ բա ինչո՞ւ այդ մարդը մինչև հիմա կալանավորված չէ։ Եվ ընդհանրապես՝ 2018-ի «թավշյա, ոչ բռնի խեղկատակությունից» հետո ո՞վ Քոչարյանին դուրս բերեց քաղաքական աղբանոցից, «հետողորմյա արեց», մի քանի անգամ բռնեց-բաց թողեց, մարտի 1-ի գործը «ջրեց» ու զոռով նրան դարձրեց քաղաքական գործոն, ընտրությունների ժամանակ էլ ամեն ինչ արեց, որ հենց նա՛ դառնա իր հիմնական հակառակորդը, որպեսզի ինքը հարմարավետ պայմաններում պահպանի իշխանությունը, ու «ջանդամը», թե Քոչարյանն էլ մոտակա բանտում հայտնվելու փոխարեն խորհրդարանական երկրորդ ֆրակցիայի սեփականատեր կդառնա։

Փաստը մնում է փաստ՝ հենց Նիկոլն է ամեն ինչ արել, որ Քոչարյանը ոստիկանության ու խորհրդարանի վրա հարձակվելու ունակ շարժման առաջնորդ դառնա, ու եթե դա ծանրագույն հանցագործություն է՝ ապա Նիկոլն ինքն է անմիջական պատասխանատվություն կրում այդ հանցագործության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և «պոտենցիալ հանցախմբի ղեկավար կազմը ձևավորելու, ինչպես նաև անուղղակի քաղաքական աջակցություն ցուցաբերելու» համար, ընդ որում՝ «անձնական շահադիտական նկատառումներից ելնելով»։ Պարզ ասած՝ հանուն սեփական իշխանությունը պահպանելու նա ոչ միայն աչք է փակել նախկինում կատարված հանցագործությունների վրա, այլև փաստացի աջակցել ու աճեցրել է այդ ուժին, որպեսզի դրանով վախեցնի ժողովրդին, դրա ֆոնին ինքն ավելի լավը երևա ու այդպիսով պահպանի իշխանությունը։

Ի դեպ՝ այդ հնարքն այսօր էլ է գործում։ Ակնհայտ է, չէ՞, որ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը զզվում է նիկոլական իշխանություններից, իսկ մի քանի հարյուր հազար մարդ թերևս դեմ չէր լինի ներխուժել ԱԺ ու «ձեռք տալ ՔՊ-ական ուսապարկերի փափուկ տեղերին»։ Ուրեմն ինչո՞ւ էր Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ընդամենը մի քանի հազար հոգի հավաքվել։ Ճիշտ է, որովհետև «Քոչարյանի ականջներն» իսկապես երևում էին։ Ուրիշ մարդու կամ ուժի «ականջներ երևային»՝ մի քանի հազարի փոխարեն փողոցներում մի քանի հարյուր հազար մարդ կլիներ։ Ու այդ դեպքում, ի դեպ, ոչ որևէ բախում կլիներ, ոչ էլ լուսաձայնային նռնակներ կօգտագործվեին․ մի քանի օր անց իշխանություններն իրենք ստիպված կլինեին արտահերթ ընտրություններ նշանակել, և վերջ։ 

Այնպես որ՝ մեծ հաշվով, և՛ ոստիկանների ուղղությամբ շշեր նետելը, և՛ ցուցարարների վրա նռնակներ արձակելը Նիկոլ Փաշինյանն է պլանավորել ու կազմակերպել։ Որովհետև դա իրեն իշխանությունից ռադ անելու թերևս միակ մեթոդն է, որի դեպքում ինքը «արժանի հակահարված հասցնելու» համարյա լեգիտիմ իրավունք ունի ու «մինչև քոքը» իրացնելու է այդ իրավունքը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4334 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ