...

Երջանիկ ապուշների անմեղսունակության կոնցեպտը

Երջանիկ ապուշների անմեղսունակության կոնցեպտը

Նիկոլ Փաշինյանի պահվածքը շատերին է հունից հանում։ Տարածաշրջանը եռում է, ամեն վայրկյան մեծ պայթյունի վտանգ կա, մեզ սպառնում են, մեզ վրա առևտուր են անում, իսկ նա ինքնասիրահարված խելապակասի եռանդով հեծանիվ է քշում, անտաղանդ ոտանավորներ է հորինում, այստեղ-այնտեղ անհեթեթ տոնախմբություններ է կազմակերպում, և այլն։ Ու այս ամենը, բնականաբար, ընկալվում է որպես անմեղսունակություն։

Իրականում Նիկոլ Փաշինյանի անմեղսունակ պահվածքը միանգամայն տրամաբանական է, որովհետև այն «քաղաքականությունը», որը նա իրականացնում է, հենց այդպիսի պահվածք էլ ենթադրում է։ Մի քանի կոնկրետ օրինակներ բերենք։

Հայաստանի զինված ուժերում լիակատար «բարդակ» է։ Ինչո՞ւ։ Որովհետև ըստ Նիկոլ Փաշինյանի «քաղաքականության» տրամաբանության՝ Հայաստանին բանակ ընդհանրապես պետք չէ։ Ինչ-որ ձևական բաներ, իհարկե, պիտի մնան՝ ներքին քարոզչության համար, փող աշխատելու համար, առավել ըմբոստներին բանակ զորակոչելով վախեցնելու համար և այլն, բայց մեծ հաշվով՝ եթե Նիկոլը որոշել է, որ Հայաստանը պիտի բոլորի բոլոր պահանջները կատարի և որևէ դեպքում չդիմադրի, բանակը մեր ինչի՞ն է պետք։

Ճիշտ նույն պատճառով էլ Հայաստանին արտաքին քաղաքականություն նույնպես պետք չէ։ Նիկոլի «արտաքին քաղաքականությունը» հանգում է հետևյալին՝ «ով ինչ ուզի, պատրաստ ենք տալ, գուցե այդ դեպքում մեզ հանգիստ թողնեն, իսկ դաշնակիցներ մեզ ընդհանրապես պետք չեն, որովհետև նրանք գալիս ու մեզ օգտագործում են հանուն իրենց շահերի»։ Իսկ ի՞նչ է արտաքին քաղաքականությունը, եթե ոչ դաշնակիցների փնտրտուք։ Դրանից հրաժարվել՝ նշանակում է ընդհանրապես հրաժարվել արտաքին քաղաքականությունից։

Հայաստանին կրթական համակարգ նույնպես պետք չէ, այստեղից էլ՝ ոլորտում տիրող «բարդակը»։ Նախ՝ կրթված մարդկանց կառավարելն ավելի բարդ է, և երկրորդ՝ կրթված մարդը դժվար է համատեղվում «երջանկության կոնցեպտի» հետ (պատահական չէ, որ «երջանիկ ապուշ» արտահայտությունը մեզանում լայն տարածում ունի, իսկ կրթված մարդու պահանջմունքները շատ ավելի բարձր են)։

Նիկոլի պատկերացրած Հայաստանին ժամանակակից տնտեսություն նույնպես պետք չէ, դա միայն ավելորդ գլխացավանք է։ Ոչխարից-բանից կպահենք, սուբվենցիոն դամբուլ կաճեցնենք, կդառնանք խաչմերուկ, սպասարկման ոլորտը կզարգացնենք ու երջանիկ կապրենք։ Այս կոնցեպտին նույնիսկ որակյալ հայկական կոնյակն է խանգարում, որովհետև կարող է զայրացնել հարևաններին ու «խոչընդոտել խաղաղության գործընթացը»։ Դրա համար էլ նիկոլական իշխանությունները, օրինակ, օրենքով խստիվ արգելել են ռեստորաններում սեղանին աղ դնել ու հետևում են, որ որևէ մեկը խախտում չանի, բայց փոխարենը՝ Հայաստանում ով ասես կարող է մրգային էժան սպիրտին թեյի գույն տալ, մեջը մի բուռ դարչին լցնել ու դրսերում վաճառել, ասենք, Армянский коньяк «Ахпер джан» պիտակով։

Լավ, իսկ ի՞նչ պիտի անի երկրի առաջին դեմքը, եթե, իր պատկերացմամբ, այդ երկրին ոչ բանակ է պետք, ոչ արտաքին քաղաքականություն, ոչ գիտություն և կրթություն, ոչ տնտեսություն․․․ Ճիշտ է, կուզի՝ հեծանիվ կքշի, կուզի՝ ոտանավոր կհորինի, կուզի՝ բալետի պարուհու շորեր կհագնի ու կպարի իր իսկ գրած «Խաչմերուկի կաքավը» բալետում, կուզի՝ օնլայն խոհարարական դասեր կտա ու երջանիկ քաղաքացիներին կսովորեցնի կանաչ լոբով պեռաշկի պատրաստել։ Ինչո՞ւ եք զարմանում կամ զայրանում, եթե պետական ռազմավարություն է հռչակված անմեղսունակությունը՝ պետության ղեկավարը պարտավո՛ր է անմեղսունակ լինել։ Ինչն էլ Նիկոլ Փաշինյանը փայլուն ձևով իրականացնում է։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3103 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ