...

Но мой поезд ушел

Но мой поезд ушел

No 249, օգոստոսի 23, 2001 թ., հինգշաբթի

ԱԺՄ պերմանենտ տրոհման գործընթացը թևակոխել է նոր փուլ: Վերջերս պարզ դարձավ, որ Վ. Մանուկյանին հաջողվում է պահպանել իր ազդեցությունը կուսակցական «շարքերում» և հաղթել իշխանություններին սերտաճած վարչությանը: «Շարքերն», ըստ երևույթին, համոզված են, որ «առաջնորդը» հակված չէ անմնացորդ ծառայելու տիրող վարչակարգին: Սակայն, կարծում ենք, որ նրանց համար ստեղծվում է հերթական պատրանքը: Վ. Մանուկյանը հերթական «տրյուկն» է գործի դրել, իսկ իրականում... Իրականում նա հույս է փայփայում իշխանական համակարգում հիմնարար տեղ գրավելու: Այսինքն անհենարան մնացած Ռ. Քոչարյանը ձգտելու է ձևավորել պսևդոաջ ուժերի ձեռնասուն դաշինքը, որին մաս է կազմելու մանուկյանական ԱԺՄ-ն: Այս պարագայում ՀՀ նախագահ դառնալու մոլուցքով տառապող հավերժական հակաԼևոնականը կզբաղեցնի ռոբերտական դաշինքի առաջնորդի «գահը»: Հետո, երևի, կդառնա գոնե վարչապետ... Ինչ արած՝ «նման զնման սիրէ»: «Ինչո՞վ և ովքե՞ր են նման»,- կհարցնեք դուք, հարգելի՛ ընթերցողներ: Պատասխանենք. Ռ. Քոչարյանը և Վ. Մանուկյանը: Երկուսն էլ ամբիցիոզ են, իշխանատենչ, խարդավանքներ սարքող և նպատակին հասնելու համար որևէ միջոցից չխորշող: Զուգահեռներն ակնառու են: Ընդ որում, շատ հաճախ այն, ինչ մեկը (Վ.Մ.) ծրագրել էր, մյուսի (Ռ.Ք.) օրոք իրականացվել է: Այս տեսակետն ապացուցելու համար մեզ կօգնի Վ. Մանուկյանի ձեռագիր մի քերթվածքը, որ վերնագրված է «Ինչպես անել (անկախ մտքեր)»:

Եվ ուրեմն՝

1. ինքնասիրահարվածը ինքն իր մասին.

«Վ.Մ.-ն ունի հեղինակություն հանրապետությունում: Անհրաժեշտ է այդ հեղինակությունը ավելի ընդլայնել, ամրապնդել այնքան, որ երկրի այսօրվա ու վաղվա կործանարար վիճակի փրկությունը տեսնեն նրա անմիջական կառավարման ու նախաձեռնության միջոցով: Այդ համոզումը պետք է տիրի թե երկրի ներսում և թե արտերկրում: Վ.Մ.-ն իր ելույթները պիտի կազմակերպի ուղիղ եթեր տրվող հաղորդումների ժամանակ: Վ.Մ.-ի պես անձնավորությունը իր քաղաքական և պետական գործունեության հանդեպ իր ժողովրդի պիտի լինի ազնիվ ու շիտակ, քանի որ հասարակությունը նրա վրա նայում է իբրև ավարտուն, պայքարում կոփված մարդու, մարդ, որը արժանի է նման պատասխանատու առաքելության և այդ մարդն է, որ այս ժողովրդին կարողանա դուրս բերել ստեղծված ծանր իրավիճակից: Չստացվի, որ արդյունքը չհամապատասխանի ստանձնած մաքրությանն ու պարզասրտությանը: Այդպիսի մարդը երկաթյա կամքի տեր է և անսասան»:

Ահա այսպես, գրեթե պարզասրտորեն է ինքնագնահատվում Վազգեն Մանուկյանը, իսկ թե նրա անսասանությունն ու երկաթյա կամքը երբ երերացին ու ժանգոտեցին, տեսանք բոլորս: Եվ պահը պատմական էր. երբ ՀՀ նախագահ ինքնահռչակվեց նույնքան ինքնամեծար Ռ. Քոչարյանը՝ ինքնակոչ վոյինն ու «միակ» տղամարդը:

2. Իշխանատենչության մոլուցքով «տոգորված» կանգ չեն առնի որևէ միջոցի առջև.

«Հաշվի առնելով, որ ժողովրդի մեջ ընկած է հեղափոխական ու մարտական ոգին, հարկավոր է այն բարձրացնել արհեստականորեն, այն է՝ կատարել մահափորձեր, պայթեցումներ այս ու այն ուժային հիմնարկություններում աննկատ մնալով: Դա բավականին դժվարին, բայց արդյունք տվող գործ կլինի թաթերական հրապարակում զանգվածային հավաքներ ստեղծելու առումով: Այդ բոլորը կատարվի այնքան վարպետորեն, որ իրենց (հակառակորդի-Լ.Ա.) շարքերում ստեղծվի փոխադարձ անվստահությունն ու կասկածը»:

Նպատակն արդարացնում է միջոցները: Եթե Վ.Մ.-ն այս «հնարանքներով» ուզում էր հասնել իշխանության, ապա ներկա վարչակարգի գոյության 3.5 տարիների ընթացքում մահափորձերն ու սպանությունները օգնել են վախի և անվստահության մթնոլորտ ստեղծելուն և, իհարկե, ամրապնդել են Ռ. Ք.-ի դիրքերը: 2001թվին «հարևան» Ադրբեջանից ավելի հաճախ են պատերազմի սպառնալիքներ լսվում, ինչին մեր ազգայինները պատասխանում են նույնքան հոխորտալից, ռազմատենչ հայտարարություններով: Անթաքույց է, որ և՛ Քոչարյանի, և՛ Ալիևի ռեժիմների համար ռազմական գործողությունները կարող են փրկօղակ դառնալ: Նորից դառնանք Վ.Մ.-ի քերթվածքին, ուր նա նախագահական ընտրություններից առաջ գրում է. «Գուցե նաև աշխատանք տանել Ադրբեջանին նախահարձակ դարձնել Արցախի, Հայաստանի տարբեր ճակատներում (չնայած իմ ունեցած տեղեկություններից նրանք ուժեղ նախապատրաստվում են)»: Այն ժամանակ՝ 1996-ին, պատերազմը կարող էր նպաստավոր առիթ դառնալ երկրում իրավիճակն ապակայունացնելու և իշխանափոխությունն արյան գնով իրականացնելու համար: Սահմռկեցուցիչ է: ԱԺՄ ուսյալ առաջնորդն այս ամենը ծրագրում էր ու մի մասն իրականացրեց 1996-ի սեպտեմբերի 25-ին ԱԺ-ն գրոհելով, հակառակորդներին դաժան ծեծի ենթարկելով և չպատժվելով: Սա՛ էր 1999 թվի հոկտեմբերի 27-ի նախադեպը, միայն այստեղ հանցագործությունը կազմակերպողներն արդեն ոչնչից չէին վախենում, քանզի ոչնչացվել էին նրանք, ովքեր պատժելու կամք ու հնարավորություն կունենային:

3. Խարդավանքների տեսաբան Վ. Մանուկյանը նախատեսել էր հետևյալը.

«Ստեղծել հակադրություն հանրապետության նախագահի և ԱԺ-ի միջև»: Քիչ անց. «Բ-ի, Վ-ի կամ Վ.Ս.-ի կամ մեկ այլի խելքին հասցնել, որ ինքը արժանի է Հանրապետության նախագահի պոստին, և թող փորձի իր թեկնածությունը առաջադրել...»: Երևի ի՞նքը՝ Վ.Մ.-ն էր առաջարկել Ռ.Ք.-ին ՀՀ նախագահ դառնալ: Առաջարկը մեկ նպատակ ուներ՝ տապալել գործող նախագահին և իրեն՝ Վ.Մ.-ին նախագահ դարձնել: Բայց Ռ.Ք.-ն չանսաց, քանզի խարդավանքների գծով պակաս վարպետ չէ: Ասում են, ՀՀ միակ տղամարդն ամեն տեղ աչքեր ու ականջներ ունի, այսինքն՝ հսկա գործակալական ցանց, որ կառավարվում է մեկ «հավատարիմ» ու հզոր մարդու կողմից: Սա էլ ինքը չի հնարել: Վ.Մ.-ն է հաստատ հուշել. «Ունենալ մեկին, որ օժտված լինի զարմանալի պետական, իրավագիտական ընդունակություններով: Ունենա ջանադիր ու խելացի աստիճանավորի հատկություններ, մարդկային հոգեբանության գիտակի հատկանիշներ: Մարդ, որը կարողանա գտնել յուրաքանչյուր երևույթի և դրված խնդրի լուծման բանալին, կարողանա պարզել ամենածածուկ, ամենամութ մարդու բոլոր խորագաղտնիքները, որը իր ձեռքում կուտակի բավականին օգտակար նյութեր՝ տեղեկանք ամեն մեկի մասին, ով էլ որ հանդիպի նրա ճանապարհին: Այդ մարդը պետք է լինի հատկապես Վ.Մ.-ի խորհրդատուն, անկեղծորեն ծառայելով այդ կազմակերպությանն ու արդարության գաղափարին: Նա պետք է կարողանա ճարպկորեն ձեռք գցել ուրիշների գաղտնագրերն ու նամակները, ունենա նրանց գաղտնի մտադրություններն կռահելու և իմանալու, փակ դռների ետևն թափանցելու ընդունակություն և այդ բոլորի հետ միասին անձնական նվիրվածություն: Նման մարդը ունենալու է գործակալներ, որոնք կարողանան թափանցել ամենուր և իմի հավաքել այն ամենը, ինչը անհրաժեշտ է: Գործակալներից ունենալ առաջին հերթին իրենց՝ Լ-ի, Բ.-ի, ՀԲ-ի, Վ.Ս.-ի, Ս.Ս.-ի, Վ.Ս.-ի և այլոց մոտ»: Ինտրիգանի համար խիստ անհրաժեշտ այս անձը կար հանրապետությունում, սակայն ի հեճուկս իրեն նվիրված էր և նվիրված է Ռ. Քոչարյանին: Անուններ տալ պետք չէ, սակայն ամենքին է հայտնի, թե ով է օժտված այս բոլոր հատկություններով ու հնարավորություններով: Զավեշտ է, բայց փաստ, որ սույնը Վ.Մ.-ի կողմից «հետախուզման» ենթակա ցուցակում նշված Ս.Ս.-ն է:

Չենք ուզում այլևս ձանձրացնել ընթերցողին երկար մեջբերումներով: Այնպես որ, փորձենք առայժմ սահմանափակվել հետևյալ եզրակացությամբ:

Վազգեն Մանուկյան ընդդիմադրի միֆը հօդս ցնդեց, հենց որ իշխանությունը զավթեց նրա գավառական նմանակը: Սրա դեմ պայքարելն արդեն անիմաստ է ու վտանգավոր, քանզի այն, ինչ դոցենտ Մանուկյանը ծրագրում էր, գիտական աստիճան չունեցող Քոչարյանն իրականացնում է անսասան ու սառնասիրտ: Միֆը վերականգնելու հույսը կորցրած նախկին «քաղաքական դեմք» Վ.Մ.-ին ոչինչ չի մնում, քան պարել սենտիմենտներից զուրկ դիկտատորի դուդուկի տակ:

Քոչարյանը զրկեց Վ.Մ.-ին բոլոր պատրանքներից, կարծում ենք նույն Քոչարյանը վերջնականապես «կթաղի» «երկաթակամ» գործչի քաղաքական կարիերան՝ նրան վերապահելով իրեն սատարելու համար կերտվող «ուժի» ղեկավարությունը:

Կարծում ենք, որ քաղաքական քյանդրբազների, «արջ խաղցնողներ»-ի, «շներ կռվեցնողներ»-ի, «առյուծ ու վագր ման տվողներ»-ի, «ձեռնածուներ»-ի ժամանակը Հայաստանում վաղուց սպառվել է: Ուղղակի մեր ժողովրդին ց,այսօր չի բացատրվել Վ.Մ.-ի հանճարեղ մտքերից մեկը. «Պետությունը մարդկային արարածների հասարակություն է...»:

Հասկացա՞ք, մարդկային և ոչ...

P.S. 

  1. Մեջբերումներում տեղ գտած ուղղագրական և կետադրական սխալները Վ.Մ.-ինն են:
  2. «Արջ խաղցնողներ», «առյուծ ու վագր ման տվողներ», «շներ կռվեցնողներ», «ձեռնածուներ» բառերն ու բառակապակցությունները նույնպես Վ.Մ.-ինն են:
    Այլ ուղղագրական, կետադրական, ոճական և մտքի սխալներին կանդրադառնանք հաջորդիվ:
  3. Ակնհայտ է, որ սույն քերթվածքի հոգևոր հայրերն են Վ.Ի. Լենինը և Ա. Հիտլերը:
  4. Վերջերս «Առավոտ» օրաթերթում Վազգեն Մանուկյանը պնդել էր, որ այս ձեռագիրը Վանոյի սարքածն է:
    Այս պարագայում ինչու՞ ԱԺՄ առաջնորդը չի դիմել դատարան: Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ ձեռագիրը իսկականն է՝ Վ.Մ.-ի ձեռքով գրված, որի համար էլ ճիշտ է (ըստ ոստիկանական արձանագրության ոճի):Ապացուցելու համար տպագրում ենք վերոհիշյալից մի հատված, ուր տեսանելի է փորձագետի կնիքը:
    Առաջարկում ենք կրկնակի փորձագիտության հանձնել սեփական ձեռագիրը, չնայած այդքան բնորոշ սխալներ կարող էր ունենալ միայն Վ.Մ.-ն, ինչը բացահայտորեն երևում է նաև նրա բանավոր խոսքից: Ինչպես նաև դժվար է նույնիսկ Հայաստանում գտնել իշխանատենչության ախտով այդքան խորը վարակված և նենգամտությամբ փայլող որևէ այլ մեկին, քան ինքը՝ նախկին «ընդիմադիր», կներեք, ընդդիմադիր Վազգեն Մանուկյանն է:

Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5417 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ