...

Նրանք պատերազմում են, Հայաստանն է հայտնվում աղետալի վիճակում

Նրանք պատերազմում են, Հայաստանն է հայտնվում աղետալի վիճակում

«Ամերիկայի ձայն»-ի թղթակիցը ներկայացրել է ամերիկյան փորձագիտական շրջանակների կարծիքը՝ կապված Արցախում լարված իրավիճակի հետ։ Ըստ նրանց՝ լարվածության աճը Արցախում կապված է Ուկրաինայում ընթացող պատերազմի հետ: Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) վերլուծաբան Էնդրյու Լոհսենի կարծիքով պատերազմը Ուկրաինայում կարող է աղետալի դառնալ հատկապես Հայաստանի համար: Ուկրաինական հակամարտությունը շեղում է Ռուսաստանի ուշադրությունը ղարաբաղյան խնդրից, ասել է նա՝ հավելելով․ «Չի բացառվում, որ Բաքուն փորձում է պարզել Մոսկվայի ուշադրության շեղման մակարդակը: Խաղաղապահ ուժերի պասիվության պարագայում, այն հնարավոր է փորձի տարածքային հավելյալ նվաճումներ ստանալ ԼՂ-ում»։ Իր հերթին, American Enterprice Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը ևս մտահոգիչ է որակել Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով ռուս խաղաղապահների հնարավոր դուրս բերման հեռանկարը: «Ուկրաինացիները շատ ավելի մեծ դիմադրություն են ցույց տվել, քան ակնկալում էր ռուսական կողմը, ուստի ես վստահ չեմ, թե որքան ժամանակ Վլադիմիր Պուտինը կարող է պահել Լեռնային Ղարաբաղում իր ամենաէլիտար ընդունակ ուժերի մի մասը, որոնք հանդես են գալիս որպես խաղաղապահներ Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասել է Ռուբինը: 

Ի դեպ՝ Հայաստանում էլ առանձին քաղաքական գործիչներ և փորձագետներ բարձրաձայնեցին այս մտավախության մասին։ Սակայն այդ հայտարարությունները փոքրիկ «հուզումներ» առաջացրին լոկ հակառուսական շրջանակներում։ Մտավախություն հայտնած գործիչները թիրախավորվեցին՝ որպես ռուսապաշտներ։ Հիմա նույն բանը ամերիկացի փորձագետներն են պնդում։ Չի բացառվում, որ նույն շրջանակները նրանց էլ լատենտ պուտինապաշտ լինելու մեջ մեղադրեն։ Եվ չնայած սրան՝ մարդիկ բաց տեքստով հայտարարում են, որ Ադրբեջանը օգտվելու է առիթից և փորձելու է տարածքային հավելյալ նվաճումներ ստանալ։ Հիմա՝ ռուսները խառն են, ադրբեջանցիները օգտվելու են այդ խառը վիճակից ու առաջ են գալու, միջազգային հանրությունը զբաղվելու է Ուկրաինայով՝ առանձնապես չկենտրոնանալով Արցախի վրա, Եվրոպան մտածելու է՝ ինչպես շրջանցել կանխատեսվող պատերազմը, իսկ մե՞նք։ Մենք գիտե՞նք մեր անելիքը բացի նրանից, որ «պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավել ևս» մեր բոլոր ցավերը Նիկոլ Փաշինյանի սրտում են, մեր բոլոր կարիքները Փաշինյանի մտքում են, մեր բոլոր երազանքները նրա հոգում են: Սա բավարա՞ր է։ Անշուշտ՝ ոչ։ Երեկվանից շարունակվող այսօրվա ծանր լրահոսում կարդացինք, թե Խրամորթում Պաշտպանության բանակի զինծառայողները պատրաստ են դիմակայելու Ադրբեջանի հնարավոր սադրանքներին, տեղի բնակիչները ևս ինքնապաշտպանական ջոկատ են ստեղծել։ Ուրեմն՝ տեղերում մարդիկ դիմադրում են։ Դիմադրում են, ուրեմն՝ կան։ Իսկ թիկո՞ւնքը։ Դժվար հարց է։

Գոհար Վեզիրյան  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1240 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ