«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը դատարանի կողմից մերժելուն, հայտարարել է. «Խորհրդարանում ասել ենք, որ բավարար ապացույցներ չկան Գագիկ Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելու համար»:
«ՉԻ». Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ են արձակում: Էդմոն Մարուքյանին հարց ենք տալիս. դրա համար հիմքեր եղել ե՞ն, թե՝ ոչ:
Մարտի 1-ին առնչվող գործով անցնող մեղադրյալ Սամվել Մայրապետյանին գրավի և երաշխիքների դիմաց ազատ են արձակում, հետո ինքը փախչում է Հայաստանից: Դրա համար հիմքեր եղել ե՞ն, թե՝ ոչ:
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին դատավոր Ալեքսանդր Ազարյանը ազատ է արձակում. դրա համար հիմքեր եղել ե՞ն, թե՝ ոչ:
ՍԴ-ն մարտի 1-ի գործով հարցում է ուղարկում ՄԻԵԴ. դրա համար հիմքեր եղել ե՞ն, թե՝ ոչ:
5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին դատարանը ազատ է արձակում. դրա համար հիմքեր եղել ե՞ն, թե՝ ոչ:
Ու այսպես բազմաթիվ դրվագներ: Ըստ Էդմոն Մարուքյանի, բոլոր այս դեպքերում դատարանը անաչառ, օրինական, անկախ որոշումներ է կայացրել: Այդպես է ստացվում:
Մինչդեռ սա այն նույն դատարանն է, որի տասնյակ վճիռներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բեկանել է, Հայաստան պետությանն էլ պարտավորեցրել է փոխհատուցել ՀՀ քաղաքացիների կրած վնասները: Հիմա հարց ենք տալիս Էդմոն Մարուքյանին. ինքը հավատո՞ւմ է դատարանների անկախությանը, անաչառությանը: Եթե այո՝ ապա ստացվում է, որ ՄԻԵԴ-ի որոշումներն են կողմնակալ և օրենքի տեսանկյունից խոցելի: Եթե ոչ՝ ինչո՞ւ է համոզված, որ Ծառուկյանի դեպքում դատարանը գտնվել է իր բարձրության վրա:
Ու դա էլ ասենք. Էդմոն Մարուքյանը մտածում է, որ քանի դեռ դատական իշխանությունը մեծ մասամբ գտնվում է նախկին իշխանությունների ազդեցության տակ, ուրեմն՝ ամեն ինչ լավ է, պրոբլեմ չունեն: Հիմա հնարավոր է, չունեն: Բայց նման դատական համակարգը մի օր էլ իրենց գլխին է փորձանք դառնալու. ուզում է՝ հաճախորդ լինեն, ուզում է՝ անկախ լինեն, սրան սպասարկեն, կամ չսպասարկեն: Կապ չունի. պատվերներ կատարող դատարանի համար դրանք որևէ նշանակություն չունեն: Ինչպես չեն ունեցել մեր հարյուրավոր քաղբանտարկյալների դեպքում: