...

Ո՞ւմ եք որոշել դուր գալ

Ո՞ւմ եք որոշել դուր գալ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը` անդրադառնալով վերջին շրջանի քաղաքական զարգացումներին և իրենց որոշումներին, ասել է. «Չենք կարող կայացնել որոշում, որը բոլորին դուր գա»:

«ՉԻ». Հզոր փաստարկ է, ինչ խոսք: Մի հատ հասկանանք, թե ովքեր են այդ բոլորը:

Մինչև ՍԴ դատավորների ընտրությունը կային նախկին իշխանություններ, որոնց համար Սահմանադրական դատարանը մարտի 1-ի գործը կոծկելու վերջին բատսիոնն էր, կար մանիպուլյացիաներով ձևավորված Սահմանադրական դատարան, որը սպասարկում էր նախկին իշխանություններին:

Եվ կային իշխանություններ, որոնց հանրությունը քվե էր տվել: Տվել էր նաև այն ակնկալիքով, որ դատաիրավական բարեփոխումներ իրականացվեին, Սահմանադրական դատարանից հեռացվեին նախկիններին սպասարկող խամաճիկ դատավորները: Այսինքն՝ հանրության շահերից բխող ցանկացած որոշում էլ դուր չէր գալու նախկին իշխանություններին: Սա բնական էր: 

Դե հիմա թող իշխանություններն իրենք ասեն. ո՞ւմ դուր չի եկել ՍԴ դատավորներ ընտրելու իրենց որոշումը:

Իհարկե՝ հանրությանը: Այսինքն՝ բոլոր դեպքերում, ինչ-որ մեկին դուր չէր գալու: Հարց է առաջանում. ո՞րն էր ավելի ճիշտ ու տրամաբանական. կայացնել որոշում, որը դուր կգար հանրությանը և կբխեր նրա շահերի՞ց, թե՞ կայացնել որոշում, որը բխում էր նախկինների շահերից: 

Դե որ այդ տրամաբանությամբ եք առաջնորդվում, փակեք մարտի 1-ի գործը, մեկ է, այնտեղ ինչ զարգացումներ էլ լինեն, բոլորին չէ, որ դուր են գալու: Մի պայքարեք կոռուպցիայի դեմ, այստեղ էլ հնարավոր չէ բոլորին դուր գալ:

Չհասկացանք, դուք գործում եք բոլորին դուր գալու սկզբունքո՞վ, թե՞ պետության և հասարակության շահերը պաշտպանելու սկզբունքով: Սա պոպուլիզմից էլ բեթար մտածելակերպ է: Բացի նախկին իշխանություններից, մնացած բոլորը տուժելու են: Այդ թվում՝ իշխանությունները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1025 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ