Ինչպես հայտնի է, Համահայկական 8-րդ խաղերի բացման արարողության ժամանակ Արցախի հերոս Գոռ Մուրադյանը «դավաճան» գրությամբ պաստառ էր պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած էր Նիկոլ Փաշինյանը։ Եվ ահա Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունը պարզաբանում է տարածել, ըստ որի՝ Համահայկական խաղերում Գոռ Մուրադյան անուն-ազգանունով մասնակից չի եղել, լուսանկարն էլ «մոնտաժված է և չի համապատասխանում իրականությանը»։
Փաստորեն «համապատասխան կառույցները» ոչ թե Նիկոլ Փաշինյանի դավաճան լինելն են հերքում, այլ լուսանկարի իսկությունը։ Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտը․ մեկը հարևանին ասում է «մինչև հիմա չգիտե՞ս, որ կինդ քեզ դավաճանում ա քո ընկեր Վալոդի հետ», սա էլ պատասխանում է՝ «տո լավ, Վալոդը ինձ ի՞նչ ընկեր»։
Չնայած՝ էլի լավ ենք պրծել։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կարող էր հայտարարել, թե լուսանկարում պատկերվածը բոլորովին ուրիշ մարդ է եղել, պաստառի վրա էլ գրված է եղել «Նիկոլ Ամենափրկիչ», բայց չար ուժերը մոնտաժել են և՛ այդ մարդու դեմքը, և՛ գրությունը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելուն, ապա երևի ժամանակն է, որ պաշտպանության նախարարությունը հանդես գա պարզաբանմամբ և հայտարարի, որ իրականում 2020 թվականին ոչ մի պարտություն էլ չի եղել, Արցախն այսօր շրջափակման մեջ չէ, իսկ հրապարակված քարտեզներն ու լուսանկարներն էլ մոնտաժված են և չեն համապատասխանում իրականությանը։