«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է. «ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցողի լուսաբանման ու հեռարձակման արգելքը հակասում է Սահմանադրության 42-րդ ու 51-րդ հոդվածներին, Զանգվածային լրատվության մասին օրենքի և ԱԺ կանոնակարգ օրենքի մի շարք դրույթներին, ինչպես նաև պարունակում է քրեական օրենսգրքով արգելված արարքի տարրեր։
Նման դրսևորումներ չենք տեսնի ոչ միայն ժողովրդավարական կամ կիսաժողովրդավարական, այլև ժողովրդավարությունից հեռու երկրներում»:
«ՉԻ». Չենք կարծում, որ իշխանություններն այսքանը չեն հասկանում: Կամ էլ՝ ցանկություն չունեն հասկանալ: Չէ՞ որ իրենք իրենց համարում են ժողովրդի մանդատ ստացած: Այսինքն՝ օրենք-բան ծալած ունեն: Եթե ժողովուրդն ասում է, անցեք օրենքի վրայով, բա ի՞նչ անեն, արհամարհե՞ն ժողովրդին:
Մի հարցում Իոաննիսյանը սխալվում է. նման դրսևորումներ մենք տեսել ենք՝ Մոզամբիկում, ինչի մասին բազմաթիվ ռեպորտաժներ ենք արել:
Այնպես որ, մոզամբիկյան ժողովրդավարությունը կամաց-կամաց տարածվում է: Թե չէ՝ Սահմանադրության 42, 51... գիտահետազոտական, միտահետազոտական...
Հ.Գ. Մասնագիտությամբ իրավաբան Վլադիմիր Վարդանյանն ասում է՝ ծեծկռտուք լուսաբանելը մեդիայի գործառույթը չէ: Հեռու չէ այն օրը, երբ կհայտարարի, թե բողոքի ակցիաներ, ոստիկանների հետ բախումներ լուսաբանելն էլ լրագրողների գործը չի: