...

ԱԱԾ օպերացիան՝ ազգային հերոսից ազգային կոռուպցիոներ

ԱԱԾ օպերացիան՝ ազգային հերոսից ազգային կոռուպցիոներ

Երեկ երեկոյան ձերբակալվել է արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Այսօր արդեն հայտնի է դարձել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ: ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ հիշյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում՝ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Քննչական կոմիտեի տարածած ծավալուն հայտարարությունից պարզ է դառնում, որ նախարարն ումից հասցրել կաշառք է վերցրել՝ հիմնականում աշխատանքի տեղավորելու դիմաց։ Մարդ է եղել, որ կաշառքը ջեռուցման համակարգի տեսքով է փոխանցել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել։ Քննիչի որոշմամբ վերջինս ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Եվս 8 անձի, այդ թվում` Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել ՀՀ տարբեր հոդվածների տարբեր մասերով։ ՀՀ ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

«ՉԻ» տեղեկություններով՝ օպերացիան մշակվել և ինֆորմացիան հավաքագրվել է ՀՀ Անվտանգության ծառայության համապատասխան վարչության կողմից։ Կազմված գործը հանձնվել է Հակակոռուպցիոն մարմնին։ Երբ ամեն ինչ արդեն հստակ է եղել, Փաշինյանը որոշել է 14-օրյա արձակուրդի ուղարկել նախարարին։ Ի դեպ՝ պատերազմի ծանր օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Փիլոյանը կարժանանա «Ազգային հերոսի» կոչմանը։ Երկու օր անց Փիլոյանը նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Ազգային հերոսի» կոչումով: Այս առիթով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ նշելով․ «Մի «գաղտնիք» Անդրանիկ Փիլոյանի մասին։ Անդրանիկ Փիլոյանին անձամբ համարյա չեմ ճանաչում, կյանքում մի երկու անգամ ենք զրուցել: Բայց հստակ գիտեմ, որ այդ մարդը Ջեբրաիլի տապալման մեղավորներից մեկն է: Հենց Փիլոյանի ենթակայությամբ գործող զորամասերից մեկը, ըստ նախապես առկա պլանի, պետք է պատերազմի դեպքում աջակցության հասներ Ջեբրաիլի գնդին: Բայց աջակցության հասնելու վարժանքը երբեք պատշաճ չէր կատարվել: Առնվազն միջին ու ստորին օղակների հրամկազմերը գաղափար չունեին, թե պատերազմի դեպքում Ջեբրաիլում ինչ պետք է անեն... Եվ զարմանալի չէ, որ պատերազմի ժամանակ Փիլոյանի ենթակա այդ ստորաբաժանման կողմից Ջեբրաիլին աջակցության հասնելը վերածվեց բարդակի՝ բազում զոհերով և թշնամու կողմից ճակատի ճեղքմամբ: Բայց այդ տապալման «դիմաց» Անդրանիկ Փիլոյանը Նիկոլ Փաշինյանից ստացավ ազգային հերոսի մեդալ ու նախարարի պաշտոն: Իսկ այսօր Փիլոյանը ձերբակալվեց կոռուպցիոն մեղադրանքով»:

Ի դեպ՝ իշխանության ներսում Փիլոյանին այս ամենից «փրկողների» պակաս չի զգացվել, սակայն ԱԱԾ-ն այնպիսի մանրակրկիտ ձևով է զբաղվել գործով, որ կողմերին շանս չի թողել։ Իշխանամերձ շրջանակների համար տեղի ունեցածը անհասկանալի է։ Ոմանք մտերիմների մոտ նեղսրտել են, թե բոլոր տեղերում էլ նույն բանն է, պարզապես Փիլոյանն է հայտնվել ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում։ Այս առիթով մի անեկդոտ հիշեցինք։ Ապարանցու երեխան տուն է վերադառնում լողի պարապմունքից և հորն ասում է, թե մարզիչը իրեն ասել է, որ էլ չգա պարապմունքի։ Բարկացած հայրը գնում է մարզչից հաշիվ պահանջելու։ Հարցին, թե ինչո՞ւ եք որդուս արգելել գալ պարապմունքների, մարզիչը հակադարձում է՝ գիտեք, ձեր որդին միզում է լողավազանում։ Ապարանցու հայրն էլ զարմացած հակադարձում է՝ էդ ո՞ր մի երեխան լողավազանում չի միզում։ Մարզիչը կարճ պատասխանում է՝ բոլորն էլ, բայց ձեր որդին միակն է, որ դա անում է ցատկահարթակի վրա կանգնած։ 

Գոհար Վեզիրյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   2313 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ