Փոփոխություններ Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում
Պրեամբուլա
Սույն փոփոխությունների նպատակն է պաշտպանել վերջին դիրքապահների և նախկին ռեժիմների հույսերի (այսուհետ բաստիոնների) բացառիկ իրավունքը ցանկացած ճանապարհով ձեռք բերել, նվիրել, կտակել գույք, այնուհետև այն հետ վերցնել, նույն գործողությունն անել բազմաթիվ անգամ և չենթարկվել քրեական ընդհանուր իրավունքին: Սույն օրենքի փոփոխությունները կտարածվեն նաև բոլոր նրանց վրա, ում Թովմասյանը կդիմի ջանով:
Գլուխ առաջին
ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 1: Թովմասյանը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, նա բարձր է օրենքից: Այս դրույթը տարածվում է նաև նրա հետևյալ հարազատների վրա (16-20 տարեկան, 20-40 տարեկան, 40-60 տարեկան, և 60-ից մեծ): Այս դրույթի վրա ծիծաղողները կմեղադրվեն Քրեական Օրենսգրքի 144-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներով:
Հոդված 2: Թովմասյանը պետք է զբաղեցնի ՍԴ նախագահի պաշտոնը, եթե անգամ ՍԴ չլինի: Քննադատները կմեղադրվեն Քրեական Օրենսգրքի 60-րդ (ցմահ) հոդվածի հատկանիշներով:
Հոդված 3: Թովմասյանն իրավունք ունի ամեն անգամ խմբագրել Քրեական Օրենսգիրքը, երբ նրա կամ նրա հարազատների վերաբերյալ կհարուցվեն քրեական գործեր: Ընդդիմացողները կմեղադրվեն Քրեական Օրենսգրքի
142-րդ (Անառակաբարո գործողությունները) հոդվածի հատկանիշներով:
Հոդված 4: Դաշնակները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության հայտնի որակման համար, բայց քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով վայնասուն բարձրացնեն Թովմասյանի հետապնդման համար: Չբարձրացնելու դեպքում զրկել փոքրացած, բայց, այնուամենայնիվ, կերակրատաշտից: Դրույթին ընդդիմացող դաշնակները կմեղադրվեն Քրեական Օրենսգրքի 124-րդ (Վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը) հոդվածի հատկանիշներով:
Հոդված 5: Թովմասյանի և Քոչարյանի միջև առևտրային գործարքը չի կարող հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելուն: Այն ազատվում է ԱԱՀ-ից, իսկ տարածքը, որտեղ կնքվել է գործարքը, հայտարարվում է ազատ տնտեսական գոտի: Սույն դրույթը կասկածի տակ դնողները կմեղադրվեն Քրեական Օրենսգրքի 55-րդ (գույքի բռնագանձում) հոդվածի հատկանիշներով:
Հոդված 6: Պետությունը պարտավորվում է Թովմասյանի հանգիստը և ցմահ պաշտոնավարումն ապահովել կարմիր գծերով: Հակառակ փորձ կատարողները կմեղադրվեն Քրեական Օրենսգրքի 156-րդ հոդվածի (Հղի կնոջը կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին աշխատանքի ընդունելուց անհիմն հրաժարվելը կամ աշխատանքից անհիմն ազատելը) հատկանիշներով: