Կառավարությունը նոր օրենք է մշակել նոր տարվա վերաբերյալ:
Օրենքի պրեամբուլայում գրված է՝ նոր տարին ուրախանալու համար է: Նոր տարին պետք է սկսել և ավարտել Հանրապետության հրապարակի տոնածառի շուրջ:
Հոդված 1. Պետք չէ գնալ հյուր, բայց, այնուամենայնիվ, եթե եկել են ձեր տուն, ապա դուք պարտավոր չեք կատարելու պատասխան այց: Եթե ձեզ հարկադրում և հանդիմանում են, կարող եք ահազանգել ՄԻՊ:
Հոդված 2. Եթե չեք մասնակցել հանրապետության հրապարակի տոնածառին, ապա պարտավոր եք դեկտեմբերի 31-ի ժամը 11:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 3:00-ը հեռուստացույցով հետևել տոնակատարություններին: Եթե դա էլ չեք արել, պարտավոր եք ներկայացնել 100 հազար դրամի ՀԴՄ: Հակառակ պարագայում կտուգանվեք 20000 դրամի չափով:
Հոդված 3. Պետությունը չի խրախուսում խոզի բդի գնումը: Այն ընտանիքները, որոնք չեն գնի խոզի բուդ, կստանան 5000 դրամ փոխհատուցում: Եթե, այնուամենայնիվ, գնել եք, ապա նրա քաշը չպետք է գերազանցի 6 կիլոգրամը: Քաշի ավել լինելու դեպքում կտուգանվեք 10000 դրամի չափով: Վերահսկողությունը դնել համատիրությունների պետերի վրա:
Հոդված 4. «Ստալիչնի» կոչվող աղցանը վերանվանել հանրապետական աղցան: Պատրաստողները և ուտողները կդիտարկվեն իբրև հակահեղափոխական տարրեր՝ դրանից բխող հետևանքներով:
Հոդված 5. Հունվարի 1-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ ստամոքսի խնդրով հիվանդանոցներ դիմողները կտուգանվեն 10000 դրամով:
Հոդված 6. Օղին գնվում է միայն Երևան Սիթի սուպերմարկետից: Բայց հնարավոր հետևանքների դեպքում, հոդված 5-ում նշված պատժամիջոցներն ուժի մեջ են:
Հոդված 7. Կտուգանվեն բոլոր այն քաղաքացիները, որոնք սեղանների շուրջ կասկածներ կհայտնեն, թե կառավարությունն ավելի լուրջ զբաղմունք չունի: Ազդարարի ինստիտուտի բոլոր կարգավորումներն այս հոդվածի դեպքում գործում են:
«Չորրորդ իշխանություն», 15, 2019