Դեռևս 2016 թ․, երբ հազիվ էինք հաղթահարել Ապրիլյան քառօրյա պատերազմն ու հասկանում էինք, որ Արցախի հացում ինչ-որ բան այն չէ, Սերժ Սարգսյանի իշխանությունը շրջանառության մեջ դրեց Ազգ-բանակ կոնցեպտը։ Սկսվեց բուռն քննարկումների շրջանը։ Եվ ահա 2016․ դեկտեմբերի 17-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հանրահավաքային ելույթում հայտարարեց․ «Այսօր բանակցությունների սեղանին դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին»։ Հետո հավելեց․ «Թվում էր, թե 2008 թվականի տնտեսական ճգնաժամի դեռևս չհաղթահարված հետևանքները, արտագաղթի ահագնացող տեմպերը, վտանգավոր չափերի հասած պետական պարտքը, դրա հետ կապված դեֆոլտի սպառնալիքը և մանավանդ ապրիլյան պատերազմի առաջացրած ցնցումը սթափեցնող ազդեցություն կունենան Հայաստանի իշխանությունների վրա՝ նրանց ստիպելով արմատապես վերանայել Ղարաբաղի հարցում իրենց որդեգրած ապակառուցողական, աղետաբեր քաղաքականությունը, և նշված մարտահրավերները դիմագրավելու բոլորովին այլ ռազմավարություն մշակել։ Սակայն դատելով վարչախմբի արձագանքից, կարծես թե, այս հարցում էլ մեզ հիասթափություն է սպասում, քանի որ ակնկալված ռացիոնալ քայլերի փոխարեն, նա հրապարակ է նետել մի նոր անհեթեթ գաղափարախոսություն, որը կրկին մեզ դեպի փակուղի է առաջնորդում, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Խոսքը վերաբերում է «ազգ-բանակ» ձևավորելու մտահղացմանը, որը ցավալիորեն տեղ է գտել անգամ նոր կառավարության ծրագրում»։
Ի՞նչ էր ասել Տեր-Պետրոսյանը տարիներ առաջ այս կոնցեպտի մասին և ի՞նչ ցույց տվեց ժամանակը։ Ահա այս պայմանական վերնագրի ներքո առաջարկում ենք վերընթերցել Տեր-Պետրոսյանի ելույթի համապատասխան կտորները, որոնք առանձնացրել ենք։ Գուցե նորից մտորենք, գտնենք որոշ հարցերի պատասխաններ ու համարենք, որ տոնական այս օրը էլի մի օր լինելու է մեր ուրախության ու հպարտության նշանը տոնացույցում։
Լևոն Տեր-Պետրոսյան․ «․․․․Նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչ է թաքնված տվյալ հասկացության (Ազգ-բանակ-խմբ․) տակ։ Ամազոնուհիներին չհաշված, պատմությանը հայտնի է «ազգ-բանակի» ստեղծման երեք հաջողված դեպք՝ առաջին երկուսը միջնադարյան Մոնղոլիայում և Շվեյցարիայում, իսկ երրորդը՝ ժամանակակից Իսրայելում, նկատի առնելով, անշուշտ, որ միջնադարի պարագայում «ազգ» բառն օգտագործվում է պայմանականորեն։ Երևույթի մասին տարրական պատկերացում կազմելու համար, կարծում եմ, արժե թեկուզ համառոտակի անդրադառնալ նշված դեպքերից յուրաքանչյուրին։ XIII դարի սկզբին Չինգիզխանը, զենքի ուժով միավորելով միմյանց դեմ դարերով մարտնչած մոնղոլական տասնյակ ցեղերին, միջցեղային հարաբերությունների ավանդական համակարգը փոխարինեց բանակային կուռ կառուցվածքով։ Բոլոր տղամարդիկ զորակոչվեցին բանակ՝ հերթագայությամբ ծառայելով տասնյակներից, հարյուրյակներից, հազարյակներից ու տասհազարյակներից (թուման) կազմված նրա ստորաբաժանումներում։ Դա մի կողմից արթնացրեց մոնղոլների «ազգային» ընդհանրության գիտակցությունը, մյուս կողմից՝ հնարավորություն ընձեռեց ստեղծելու մի այնպիսի ահեղ զինական ուժ, որի շնորհիվ այդ փոքրաթիվ ժողովուրդը կարճ ժամանակի ընթացքում կերտեց աշխարհի ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը, տիրելով Խաղաղ օվկիանոսից մինչև Լեհաստան ու Անատոլիա ընկած և իրենից գրեթե 200 անգամ ավելի բնակչություն ունեցող տարածքին։ Այդ հսկայածավալ կայսրությունը, սակայն, գոյատեւեց ընդամենը հինգ-վեց տասնամյակ, Կուբիլայ Մեծ խանի մահվան տարում (1294թ.) բաժանվելով չորս մասի՝ նվաճումների դադարումից հետո մոնղոլների ռազմական էներգիայի սպառման, կայսրությունը միավորող գաղափարախոսություն ձևավորելու անկարողության և գլխավորապես մոնղոլ ժողովրդի փոքրաքանակության պատճառով։
Ինչպես նշվեց, «ազգ-բանակի» ձևավորման հաջորդ հաջողված փորձը շվեյցարականն է, որի դրդապատճառներն ու հետապնդած նպատակները, սակայն, տարբերվում են մոնղոլականից։ Եթե մոնղոլների պարագայում դա ուղղված էր իրենց նվաճողական նկրտումներին հագուրդ տալուն, ապա շվեյցարացիների մոտ թելադրված էր թշնամական միջավայրում սեփական երկրի գոյատևումն ապահովելու պահանջից։ Գերմանա-ֆրանսա-իտալական խառը բնակչություն ունեցող ալպյան հովիտների ավատատիրական իշխանությունները շվեյցարական դաշնության ձևավորման ավելի քան հինգհարյուր տարիների ընթացքում (1291–1815 թթ.), հարկադրված լինելով դիմագրավելու ահեղ հարևանների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի շարունակական հարձակումները, ապավինել են բացառապես սեփական ուժերին և մարտունակ բանակի կերտումը դիտել որպես ազգային գերխնդիր։ Ու թեև վերջին 200 տարիներին Շվեյցարիան, օժտված լինելով չեզոք երկրի կարգավիճակով, արտաքին վտանգների չի ենթարկվել, և եվրոպական մայրցամաքում տեղի ունեցած բոլոր, այդ թվում, առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները շրջանցել են նրան, ավանդույթի ուժով, այսօր էլ բանակը մնում է շվեյցարացիների համազգային հոգածության առարկան, որում զորակոչվածի, պայմանագրային ծառայողի, կամավորի և պահեստազորայինի հանգամանքով ներգրավված են 18-ից 50 տարեկան բոլոր առողջ տղամարդիկ։ Պատահական չէ, որ ոմանց կողմից Շվեյցարիան, մեկ շնչին ընկնող զինվորականների թվով, համարվում է աշխարհի ամենառազմականացված պետությունը, որն ի վիճակի է, փայլուն պատրաստված պահեստազորի մոբիլիզացիայի շնորհիվ, մեկ-երկու օրում տասնապատկել իր զինված ուժերի թվաքանակը։
Քանի որ «ազգ-բանակ» գաղափարի հայ ջատագովներն ընդօրինակման առարկա են համարում իսրայելյան փորձը, հարկ է առաջանում դրան անդրադառնալ մի փոքր ավելի մանրամասնորեն։ «Ազգ-բանակի» իսրայելյան ծրագրի իրականացման դրդապատճառն, ըստ էության, չի տարբերվում շվեյցարականից, թելադրված լինելով թշնամական միջավայրում ժողովրդի անվտանգությունն ու պետության գոյատևումն ապահովելու միևնույն պարտադրանքից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1947թ. նոյեմբերի 29-ի բանաձևի հիման վրա Պաղեստինը բաժանվեց երկու հավասար մասի՝ տասնչորսհազարական քառակուսի կիլոմետր տարածքներով։ Իսրայելը ճանաչեց այդ բանաձևը և Պաղեստինում բրիտանական մանդատի ժամկետի սպառման օրը, 1948թ. մայիսի 14-ին, հռչակեց իր անկախությունը։ Պաղեստինցի արաբներն ու արաբական երկրները հրաժարվեցին ենթարկվել ՄԱԿ-ի բանաձևին և հաջորդ օրն իսկ պատերազմ հայտարարեցին Իսրայելին, սակայն ջախջախիչ պարտություն կրելով, հարկադրված զինադադար կնքեցին։ Այսպիսով, անխտիր բոլոր հարևան արաբական պետություններից համակեցության մերժում ստանալով, Իսրայելն, իր գոյությունը պահպանելու համար, ստիպված եղավ բացառապես ապավինել սեփական ռազմական ուժին և հնարավորինս հզորացնել իր բանակը, ինչի շնորհիվ կարողացավ հաղթանակներ տանել նաև հետագա պատերազմներում։ Արաբա-իսրայելյան հակամարտության մթնոլորտն արմատապես բարելավվեց 1978–1979 թթ. Քեմփ-Դեվիդյան համաձայնագրերի ստորագրումից և Եգիպտոսի ու Հորդանանի հետ Իսրայելի կնքած հաշտության պայմանագրերի վավերացումից հետո։ Իսկ 1993 թվականին Իսրայելի պետությունը ճանաչվեց նաև Պաղեստինի Ազատագրության կազմակերպության (PLO) կողմից, ինչը սկիզբ դրեց Իսրայելա-Պաղեստինյան հաշտության գործընթացին, որը մինչ օրս դեռ չի ավարտվել։ Հարկ է ավելացնել, որ գոյապահպանության և երկրի անվտանգության ապահովման գլխավոր առաքելության իրականացումից բացի, իսրայելական բանակաշինության ծրագիրը կողմնակիորեն նպաստել է նաև ազգային մի քանի այլ խնդիրների լուծմանը, մասնավորապես, բազմաթիվ երկրներից ներգաղթած տարալեզու ու տարամշակույթ քաղաքացիների խայտաբղետ զանգվածից ընդհանուր լեզվով ու մշակույթով միասնացած ժամանակակից ազգի ձևավորման, գիտության և տեխնիկական մտքի սրընթաց զարգացման, ինչպես նաև ռազմա-արդյունաբերական համալիրում ներդրվող նոր տեխնոլոգիաները տնտեսության զանազան ոլորտներում կիրառելու առումներով։ Իսրայելական զինված ուժերի առանձնահատուկ դերի արտահայտությունն է նաև այն, որ զինապարտությունը տարածվում է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց վրա և, որ այդ երկրի վերջին վաթսուն տարիների ութ վարչապետերից երեքը (Ռաբին, Շարոն, Բարաք) եղել են գեներալներ, իսկ երկուսը (Բեգին, Շամիր)՝ երկրապահական «Իրգուն» կազմակերպության լեգենդար հրամանատարներ։
Ժամանակի սղությունը թույլ չի տալիս ավելի հիմնավորապես լուսաբանել «ազգ-բանակի» ստեղծման պատմական այս նախադեպերը և խորանալ դրանցից յուրաքանչյուրի բովանդակության առանձնահատկությունների, տնտեսական, ժողովրդագրական և հասարակական զարգացումների վրա նրանց ունեցած ազդեցության և այլ հարցերի մեջ։ Կարծում եմ, սակայն, որ այս թռուցիկ ակնարկն անգամ հստակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպիսի դրդապատճառներ ու գործոններ են ազդել նման գաղափարի հղացման վրա, և որքան ռեսուրսներ են պահանջվել դրա իրականացման համար, նկատի ունենալով, անշուշտ, թե՛ մարդկային, և թե՛ նյութա-տնտեսական ռեսուրսները։ Դրդապատճառների վերաբերյալ, ինչ որ պետք էր, արդեն ասվեց։ Իսկ ռեսուրսների մասին ավելորդ է խոսել, որովհետև քանի խոսքը վերաբերում է հաջողված փորձերին, նշանակում է, դրա համար անհրաժեշտ ռեսուրսները լիուլի բավարարել են։
* * * Ներածական այս հիմնադրույթներից բնականաբար բխում է, որ «ազգ-բանակի» կառուցման հայկական տարբերակի ճարտարապետները պարտավոր են, առաջին հերթին, պատասխանել հետևյալ երեք հարցերին. ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված այդ ծրագիրը, ի՞նչ խնդրի լուծմանն է կոչված այն, և որքա՞ն ռեսուրսներ են պահանջվելու նրա իրականացման համար։ Խախտելով հարցերի հաջորդականությունը, նախ անդրադառնանք ռեսուրսներին։ Ի տարբերություն, որպես օրինակ բերվող, Իսրայելի, որի հրեա բնակչության թվաքանակը անկախությունից ի վեր անշեղորեն աճել և 600 հազարից այսօր հասել է շուրջ 7 միլիոնի, Հայաստանի բնակչությունը 1988թ. երկրաշարժից ու խորհրդային փակ սահմանների փլուզումից հետո անընդհատ նվազել է՝ մի գործընթաց, որն այս պահին էլ դադարելու կամ թեկուզ դանդաղելու որևէ միտում չի դրսևորում։ Մարդկային ռեսուրսների առումով Հայաստանի իշխանությունները մեծ հույսեր են կապում Սփյուռքի հետ։ Ինքս սփյուռքահայ լինելով, ինձ իրավունք եմ վերապահում ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ այդ ակնկալիքը բացարձակ ցնորք է և ինքնախաբեություն։ Բավական է հիշեցնել, որ 1990-ականների եռամյա պատերազմին մասնակցել է ընդամենը 12 սփյուռքահայ։ Այդ թիվը ժամանակին ցավով հրապարակել է ոչ այլ ոք, քան պատերազմի բոլոր մանրամասներին տիրապետող Վազգեն Սարգսյանը։ Ինչ վերաբերում է նյութական ռեսուրսներին, ապա այստեղ էլ պատկերը նույնքան տխուր է, որքան մարդկային ռեսուրսների պարագայում։ Հայաստանի տնտեսությունը, 1994–2008 թվականների որոշ վերելքից հետո սոսկալի անկում է ապրում, ընդ որում, ցավոք, առանց առողջացման որևէ հեռանկարի։ Ինչպես ասում են՝ թունելի վերջում լույս չի երևում։ Դա ամենևին չի նշանակում, թե Հայաստանում ազգային հարստություն չի ստեղծվում։ Անշուշտ ստեղծվում է, բայց 2001 թվականից ի վեր, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դրա անխնա թալանի պատճառով ծախսվում է սեփական բիզնեսների զարգացման, շքեղ ապարանքների կառուցման և Աֆրիկայում առյուծի որսով զբաղվելու վրա, իսկ մնացյալ գումարը կուտակվում է արտասահմանյան բանկերում։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ ծավալի թալանի մասին է խոսքը, նշեմ, որ այն միանգամայն բավարար էր այսօր 300000 բնակչությամբ Ղարաբաղ և գերժամանակակից զինատեսակներով հագեցած բանակ ունենալու համար։ Եթե Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը ողբալի չլիներ, ապա իշխանությունները, զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքների կարիքները հոգալու համար, ոչ մի այլ պարագայում չէին ընդունի ժողովրդից 1000-ական դրամ մուրալու խայտառակ օրենքը, ինչը, առաջին իսկ քայլով «ազգ-բանակ» գաղափարը վարկաբեկելուց բացի, ծանր հարված հասցրեց պետության արժանապատվությանը, մեզ ծաղրի առարկա դարձնելով աշխարհի առջև։ Նյութական ռեսուրսների առումով ևս առանձնապես հույս չպետք է դնել Սփյուռքի էական աջակցության վրա։ Նախ՝ Սփյուռքն ինչո՞ւ պիտի օգնի Հայաստանին, որի հարստությունը թալանվում է սեփական իշխանավորների կողմից, և երկրորդ՝ երախտագիտությամբ գնահատելով հանդերձ սփյուռքահայ բարերարների և հասարակ ժողովրդի կողմից անկախության շրջանում Հայաստանին ցուցաբերված մարդասիրական օգնությունը, չպետք է մոռանալ, որ այն երբեք չի գերազանցել մեր երկրի տարեկան բյուջեի երկու-երեք տոկոսը։ Իսկ սա, եկեք համաձայնենք, չնչին նպաստ է մի այնպիսի ծախսատար ծրագրի իրականացման գործին, ինչպիսին «ազգ-բանակի» կառուցումն է։ Անգամ եթե Հայաստանի ողջ տարեկան բյուջեն տրամադրվեր այդ ծրագրի իրականացմանը, դա նույնպես անբավարար կլիներ։
* * * Այժմ անցնենք այն հարցին, թե ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված «ազգ-բանակի» կառուցման հայկական ծրագիրը կամ, թե ո՞րն է դրա հղացման դրդապատճառը։ Ինչպես տեսանք, մոնղոլների պարագայում դրդապատճառը այլ երկրներ նվաճելու նրանց ձգտումն էր, իսկ միջնադարյան Շվեյցարիայի և ժամանակակից Իսրայելի դեպքերում՝ թշնամական միջավայրում սեփական ժողովուրդների անվտանգությունն ու պետականության գոյատևումն ապահովելու խնդիրը։ Հայ ժողովրդի նվաճողական նկրտումների մասին ծիծաղելի է խոսել, եթե, իհարկե, նկատի չունենանք Բաքուն գրավելու, Արևմտյան Հայաստանն ազատագրելու և ծովից-ծով Հայաստան ստեղծելու ցնորամիտ անուրջները։ Ինչ վերաբերում է «ազգ-բանակի» ստեղծման հարցում անվտանգության ու գոյատևման անհրաժեշտությունից բխող պարտադրանքին, ապա շվեյցարական փորձը պետք է լիովին զանց առնել, որովհետև միջնադարն ավարտվել է, և պետությունների հարաբերություններն այսօր կարգավորվում են միջազգային իրավունքի բոլորովին այլ սկզբունքներով։ Թվում է, թե այս տեսակետից Հայաստանի խնդիրները համեմատելի են Իսրայելի խնդիրների հետ։ Իրոք համեմատելի են, սակայն լուրջ վերապահումներով։ Նշվեց արդեն, որ արաբա-իսրայելյան տևական առճակատման հիմքը միջազգային իրավունքին հակասող այն իրողությունն է, որ արաբական երկրները հրաժարվեցին ենթարկվել Պաղեստինի բաժանման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947թ. նոյեմբերի 29-ի ընդունած բանաձևին և Իսրայելի անկախության հռչակման հաջորդ օրը պատերազմ հայտարարեցին վերջինիս։ Իսրայելին, հետևաբար, այլ բան չէր մնում, քան ապավինել սեփական ուժերին և ձեռնամուխ լինել «ազգ-բանակի» կառուցման գործին։ Այսինքն՝ Իսրայելը ոչ թե կամովին է հանգել այդ մտքին, այլ իսկզբանե պարտադրված է եղել դիմելու նման բացառիկ քայլի։ Ի դեպ, Եգիպտոսի ու Հորդանանի հետ հաշտության պայմանագրերի կնքումից և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անգամ այդ պարտադրանքը չի վերացել, քանի որ 21 արաբական և իսլամական պետություններ, ՄԱԿ-ի կանոնադրության ոգուն հակառակ, այդպես էլ մինչ օրս Իսրայելի հանրապետությունը չեն ճանաչել, ինչը լրջագույն մտահոգության առարկա է շարունակում մնալ վերջինիս համար։ Իսկ այժմ տեսնենք, թե, անգամ բավարար ռեսուրսների առկայության պարագայում, ինչն է Հայաստանին ստիպում ընթանալ Իսրայելի որդեգրած ճանապարհով։ Ի տարբերություն Իսրայելի, Հայաստանը ճանաչված է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, բացառությամբ Պակիստանի։ Սահմանակից հարևաններից միայն երկուսի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի։ Մյուս երկու հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ իսկզբանե հաստատված են ջերմ բարեկամական հարաբերություններ, որոնք փոխշահավետության և աշխարհաքաղաքական նկատառումներով, ոչ միայն բնավ խաթարելի չեն, այլև խորացման ու ավելի արդյունավետ համագործակցության հեռանկար են ցուցանում։ Անկախությունից ի վեր Իսրայելը վեց լայնածավալ պատերազմներ է մղել իր չորս հարևանների՝ Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի ու Լիբանանի դեմ (1948, 1956, 1967, 1973, 1982, 2006 թթ.), չհաշված Իրաքի միջուկային կենտրոնին հասցված օդային հուժկու հարվածը (1981թ.)։ Մինչդեռ Հայաստանը սահմանային ռազմական առճակատման մեջ է գտնվել միայն հարևաններից մեկի՝ Ադրբեջանի հետ։ Այս առումով, իմիջիայլոց, տեղին է նշել, որ ներկայիս Հայաստանի վիճակը տարբերվում է ոչ միայն Իսրայելի, այլև Հայաստանի առաջին հանրապետության վիճակից, որն իր գոյության երկուսուկես տարիների ընթացքում պատերազմել է իր չորս հարևաններից երեքի՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակասությունների վերացումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կախված են ընդամենը մեկ հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, որին մանրամասն կանդրադառնամ քիչ հետո։ Չպետք է անկարևոր համարել այն իրողությունը, որ հակառակ այդ հարցում Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ցուցաբերած անվերապահ քաղաքական աջակցությանը, վերջինս, շրջափակումից բացի, Հայաստանի դեմ որևէ այլ թշնամական գործողություն չի ձեռնարկել և ոչնչով չի կարողացել խանգարել Ղարաբաղի տարածքային ընդարձակմանը։ Ավելին, գուցե պարադոքսալ հնչի, ցուցադրական աջակցությամբ մեծ հույսեր ներշնչելով ու դրանով անզիջողականության մղելով Ադրբեջանին, Թուրքիան որոշ առումով նույնիսկ նպաստել է արցախյան բանակի արձանագրած հաջողություններին։ Եթե, հակամարտության հարցում կողմերից մեկին աջակցելու փոխարեն, նա չեզոքություն պահպաներ ու դրանով Ադրբեջանին անզիջողականության չդրդեր, ապա Քելբաջարից հետո վերջինս չէր կորցնի իր տարածքի հավելյալ հինգ շրջանները։ Թուրքիայի ապակառուցողական միջամտությունն, այսպիսով, ոչ թե թուլացրել, այլ ավելի ևս սրել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված լարվածությունը։ Ինչևիցե, վերոշարադրյալից ակնհայտորեն հետևում է, որ Հայաստանը զերծ է իր գոյությանն սպառնացող գրեթե բոլոր այն արտաքին վտանգներից, որոնք անկախության ավելի քան քառասուն տարիներին սպառնացել են Իսրայելին և այսօր էլ դեռ շարունակում են սպառնալիք մնալ։ Հետևաբար, մեր երկիրը, անշուշտ ուշադրության կենտրոնում պահելով ազգային բանակի հզորացման անհրաժեշտությունը, ամենևին պարտադրված չէ հետևելու «ազգ-բանակի» կառուցման իսրայելյան օրինակին։ Արաբական և իսլամական աշխարհի հետ Իսրայելի ունեցած խնդիրների համեմատությամբ, Հայաստանի ու Ղարաբաղի խնդիրները շատ ավելի լոկալ ու լուծելի են։ Այդ պատճառով է, մասնավորապես, որ միջազգային հանրությունը դրանք առայժմ առաջնահերթություն չի դիտում։ Այս ամենից բացի, Իսրայելյան փորձի ընդօրինակումը խոցելի է նաև մի այլ՝ մեթոդաբանական առումով։ Ամենևին պարտադիր չէ, որ որևէ երկրում կիրառված արդյունավետ համակարգը կիրառելի լինի նաև ուրիշ երկրներում։ Չինական տնտեսական բարեփոխումների հրաշքն, օրինակ, կարող էր տեղի ունենալ միայն Չինաստանում։ Մի խոսքով, մեր պարագայում «ազգ-բանակի» կառուցման ծրագիրը ձախորդ, չմտածված, վտանգավոր ծրագիր է, որի միակ արդյունքը լինելու է արտագաղթի խթանումը և Հայաստանի ու Ղարաբաղի վերջնական հայաթափումը։ Տպավորություն է ստեղծվում, որ վարչախումբը մտադիր է «ազգ-բանակ» ծրագիրն իրականացնել նրա բաղադրիչներից մեկի՝ ազգի վերացման գնով։ Այսինքն՝ որոշ ժամանակ անց մենք գուցե հզոր բանակ ունենանք, բայց հարց է՝ ազգ մնացած կլինի, թե՞ ոչ։
Բնականաբար հարց է առաջանում. եթե, ինչպես տեսանք, Հայաստանն իր անվտանգ գոյությունը պահպանելու համար պարտադրված չէ դիմելու «ազգ-բանակի» ստեղծման ծայրահեղ քայլին, ապա այդ խնդիրն իր առջև դնելով, ի՞նչ նպատակ է հետապնդում մեր երկրի իշխանությունը։ Կարելի է, իհարկե, մտածել, և այդպես մտածողներ կան, որ «ազգ-բանակ» գաղափարի առաջքաշումը իշխող կուսակցության հերթական հայրենասիրախաղերից կամ նախընտրական փուչ կարգախոսներից մեկն է՝ «ազգովի դառնանք ֆիդայի», «համաշխարհային ազգ», «ազգ-կազմակերպություն», «ծովից-ծով Հայաստան», «Քուռ-Արաքսյան հանրապետություն», «ոչ մի թիզ հող», «համահայկական բանկ», «Գյումրին՝ տեխնոպարկ», «Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն», «Ստամբուլը՝ արյան ծով» հեքիաթների շարքից։ Եթե այդպես է, ուրեմն «ազգ-բանակի» գաղափարն այնքան էլ վտանգավոր չէ, որովհետև նախորդ փուչիկների պես շուտով կպայթի։ Իսկ եթե վարչախմբի մտադրությունն այս անգամ լուրջ է, ապա անհրաժեշտ է հարցին անդրադառնալ նույնքան լրջորեն։ Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ այդ գաղափարը ստատուս-քվոյի պահպանման միևնույն ռազմավարությունն է՝ մատուցված ուրիշ փաթեթավորումով։ Այսինքն, մեր իշխանությանը հոգեհարազատ մարկետինգի տրամաբանությամբ՝ իր սնանկությունն ապացուցած, բարոյապես մաշված և սպառողին ձանձրացրած բրենդը փոխարինվել է մի այլ, ավելի գրավիչ ու բարեհունչ բրենդով։ Այլ կերպ ասած, դաս չքաղելով անցած 18 տարիների դառը փորձից, վարչախումբը որոշել է շարունակել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ առճակատման տխրահռչակ քաղաքականությունը, որն այս կարճ ժամանակամիջոցում արդեն իսկ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ու բարոյահոգեբանական բազում ավերներ է գործել Հայաստանում և Ղարաբաղում։ Դա նշանակում է առնվազն ևս 18 տարի ենթարկվել այդ ավերներին, մինչև Հայաստանից ու Ղարաբաղից բան չմնա, և խնդիրն ինքնըստինքյան կորցնի իր ակտուալությունը։ Բազմիցս է ասվել, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման գլխավոր երաշխիքը Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է։ Պարզվում է, սակայն, որ այս տարրական ճշմարտությունն ըմբռնելու համար 18 տարին էլ չի բավականացրել մեր իշխանություններին։ Իրականում խնդիրը մեկն է՝ Ղարաբաղի հարցի լուծումը, որից հետո հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ինքնաբերաբար։ Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։ Արդի աշխարհում նվաճողի միջնադարյան իրավունքն ու ջունգլիների օրենքն այլևս չեն գործում, և հակամարտությունների կարգավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը, գոյություն չունի։ Բանկօտտոմանյան կամ ոչմիթիզական մտածողություն ունեցող մեր անզիջողականների կողմից շատ սիրված Իսրայելի օրինակը նույնպես դա է ապացուցում։ Քեմփ-Դեվիդյան հաշտությունը կայացնելու համար վերջինս Եգիպտոսին վերադարձրեց շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր զբաղեցնող Սինայի թերակղզին, իսկ Պաղեստինի Ազատագրության կազմակերպության կողմից իր պետությունը ճանաչելու դիմաց լիակատար ինքնավարություն շնորհեց արաբական Պաղեստինին, պատրաստ լինելով, որոշ խնդիրների լուծումից հետո, ճանաչել նաև նրա անկախությունը։ Դրանք դժվարին, ցավոտ փոխզիջումներ էին, հանուն որոնց կայացման Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը և Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինը նույնիսկ կյանքով հատուցեցին։ Այնպես որ, եթե անհրաժեշտություն կա անպայման օրինակ վերցնելու Իսրայելից, ապա պետք է վերցնել ոչ թե «ազգ-բանակի», այլ «խաղաղություն այժմ (Peace now)» շարժման օրինակը։ Հակամարտությունների փոխզիջումային կարգավորման կանոնը «թույլատրված է» խախտել միայն գերտերություններին։ Այդ բանը չգիտակցող Սադդամ Հուսեյնը, զավթելով Քուվեյթը, կործանեց թե՛ իրեն, թե՛ իր երկիրը։ «Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը, ապացուցված պատմական անթիվ օրինակներով, վիճարկելի չէ։ Կարիք չկա նաև բացատրելու, թե ինչպիսի ողբերգական հետևանքներ են ունենում պատերազմները։ Ոչ իսկ բուն պատերազմը, այլև նրա սպառնալիքն անգամ հղի է այդպիսի հետևանքներով, որոնցից ամենացցունը զանգվածային արտագաղթն է։ Հայաստանը բնակչությունից դատարկվում է ոչ այնքան սոցիալական ծանր պայմանների, աղքատության, արդարության բացակայության և կոռուպցիայի, որքան պատերազմի վերսկսման տևական վտանգի պատճառով։ Սա միայն մեզ հատուկ երևույթ չէ, և այդ առթիվ ամենևին չպետք է բարդույթավորվել։ Մեր աչքի առջև, վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում, պատերազմի կամ դրա սպառնալիքի պատճառով միլիոնավոր մարդիկ են արտագաղթել նաև Վրաստանից, Ադրբեջանից, Իրաքից, Լիբանանից, Սիրիայից, Աֆղանստանից, Սուդանից, Ուկրաինայից և մի շարք այլ երկրներից։
Ղարաբաղյան հակամարտության այն հանգուցալուծմանը, որին Հայաստանը առավելագույն ջանքերի գնով կարող է հասնել ներկայումս, շատ ավելի շահեկան պայմաններով մենք կարող էինք հասնել դեռևս 1998 թվականին։ Եթե դա տեղի ունեցած լիներ, ապա ոչ միայն կխուսափեինք անցած տասնութ տարիների անտեղի տառապանքներից ու կորուստներից, այլև այսօր կունենայինք բոլորովին մի այլ՝ ծաղկուն, մարդաշատ, զարգացող երկիր և ապահով Ղարաբաղ։ Ցավում եմ, որ այս պարզ ճշմարտությունները ժամանակին չհասկացվեցին իմ որոշ գործընկերների կողմից, և մենք կորցրեցինք հարցի լուծման հարմարագույն պահը։ Հուսով եմ, որ այս պնդումը կընկալեք ոչ թե որպես ոմանց ուղղված կշտամբանք, այլ որպես զգուշացում առ այն, որ եթե նորից ժամանակ կորցնենք, հետագայում ստիպված ենք լինելու հարցը լուծել ավելի վատ պայմաններով ու շատ ավելի թույլ վիճակում։ 1998 թվականի իշխանափոխության կործանարար հետևանքների պատճառը պետք է փնտրել ոչ թե գործող անձանց փոփոխության, այլ քաղաքականության շարունակականության խաթարման մեջ։ Անցյալը մի կողմ դրած, ակնհայտ է, որ այսօր մենք կրկին կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական պահը բաց չթողնելու հրամայականի առջև, ինչի վկայությունն են, մասնավորապես, վերջին շրջանում այդ ուղղությամբ Ռուսաստանի գործադրած լուրջ ջանքերը։ Մի առիթով ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, և նրա այդ ջանքերն, արդ, գալիս են ապացուցելու տվյալ պնդման ճշմարտացիությունը։ Ընդ որում, Արևմուտքը ևս, որի առաջնահերթությունների շարքում, ինչպես նշվեց, Ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, վստահաբար, ոչ միայն գիտակցում, այլև գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունն այդ հարցում։
Պատրաստեց Գոհար Վեզիրյանը