...

Տեր-Պետրոսյանի թեզին դեռ երկար երանի ենք տալու

Տեր-Պետրոսյանի թեզին դեռ երկար երանի ենք տալու

«Արայիկ Հարությունյանը, իշխանական թևի ներկայացուցիչները և «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները սկսել են նոր քարոզարշավ՝ ի պաշտպանություն Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա գաղափարների: Նշում են, որ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը ժամանակին սխալ են եղել, որ միակ իրատեսական թեզը, դա, ըստ էության, Լևոն Տեր-Պետրոսյանի թեզն էր: Այսինքն՝ իրատեսականը հենց այն իրավիճակն է, որի մեջ մենք գտնվում ենք այսօր: Նրանք այդ քարոզարշավը դեռ վաղուց էին իրականացնում, բայց հիմա արդեն դա հանրայնացնում են, որովհետև, ըստ իրենց, հիմք են ստեղծել՝ այդ թեզը հանրայնացնելու համար»,- հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը՝ պատասխանելով «Իրավունք» թերթի՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը առնչվող հարցին։  

Տիկնոջ հիշողության հետ տարօրինակ բաներ են կատարվում։ Դրա համար առաջարկում ենք մի շրջապտույտ անել, օրինակ՝ Ստեփանակերտի շուկայում։ Նախ ինքն իր մասին վերջապես օբյեկտիվ գնահատականների կառնչվի՝ լսելով արցախցիների կարծիքը սեփական անձի մասին, երկրորդ՝ շուկայում միրգ ու բանջարեղեն վաճառող արցախցիներն այնպիսի լիկբեզի կենթարկեն Հակոբյանին, որ նա այլևս երբեք, մեղմ ասած, ծիծաղելի հայտարարություններ չի անի։ Միաժամանակ հնարավոր է, որ միայն հիշողության հետ չեն խնդիրները, ախտահարված են ուղեղի այլ ֆունկցիաներ ևս։ Ինչո՞ւ, որովհետև Տեր-Պետրոսյանի թեզը բացարձակ որևէ աղերս չունի այն իրականության հետ, որտեղ մենք հիմա հայտնվել ենք։ ՀՀ առաջին նախագահը տրամագծորեն հակառակն է առաջարկել՝ ինչպես փրկել Արցախը, ինչպես հետապնդել Արցախի կարգավիճակի խնդիրը, ինչպես պահել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, և այդ ամենն անել առանց մի ողջ սերունդ կոտորելու, արժանապատվորեն, առանց խաղաղություն մուրալու։

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին և «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներին, որոնք, ըստ զրույցի, հասկացել են, որ Քոչարյանն ու Սարգսյանը սխալ են եղել, ապա, ցավոք, մի քիչ ուշացել են։ Մի քիչ չէ, շատ են ուշացել, որովհետև տեղի ունեցածն այլևս անշրջելի է։ Տեր-Պետրոսյանի առաջարկած խաղաղության օրակարգն այսօր արդեն երազանք է թվում, մինչդեռ երեկ այն իրականություն դառնալու 99 տոկոս շանս ուներ։ Արցախի քաղաքական ղեկավարությունը, որին Փաշինյանի իշխանության օրոք ահագին ինքնուրույնություն էր տրված, այդպես էլ չպնդեց ու չկարևորեց Տեր-Պետրոսյանի առաջարկած արժանապատիվ խաղաղության ճանապարհային քարտեզը, ճիշտ հակառակը՝ նախընտրեց պոպուլիզմը, ռաբիս ռազմահայրենասիրությունն ու քաղաքական անհեռատեսությունը։ Հետո եղավ այն, ինչ բոլորս գիտենք։ Շուշին էլ՝ բոնուսով։

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ