...

Ով հայրենիք փրկի, ով գնա Մոսկվա

Ով հայրենիք փրկի, ով գնա Մոսկվա

Սևանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանը հայտարարել է. «Այս իշխանությանը ոչ թե պետք է արտահերթ ընտրություններով փոխել, այլ ժողովուրդը պետք է վտարի նրանց: Ես ընտրությունները չեմ ընդունում, քանի որ դա իրենից ենթադրում է՝ վատ իշխանություն է լինում, փոխում ենք, բայց սա դավաճանություն է, իսկ սերունդներին պետք է ցույց տալ՝ չենք ներում դավաճանություն»:

«ՉԻ». Դե հո ամբողջ կյանքը Քոչարյանի հարցազրույցի վերծանմամբ չե՞նք զբաղվելու: Ժամանակ առ ժամանակ եկեք հիշենք, որ աշխարհում նաև Վազգեն Մանուկյան կա: Մարդը շարունակում է հայրենիքը փրկել: Սևանում: Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը հայրենիքը ОРТ-ի ստուդիայում է փրկում: Ինչպես ասում են՝ ով հայրենիք փրկի, ով գնա Մոսկվա:

Առայժմ Վազգեն Մանուկյանին չի հաջողվում փրկել հայրենիքը: Կամ ժողովուրդը դեռ չի ցանկանում իշխանություններին վտարել:

Դրա համար մենք Վազգեն Մանուկյանին մի լավ խորհուրդ կտանք (բայց սա մեր մեջ, մարդու չասեք). եթե ուզում է ինչ-որ արդյունքի հասնել, թող հակաքոչարյանական կոալիցիա ստեղծի: Կամ հայտարարի, որ հայրենիքը պետք է փրկել իշխանությունից և Քոչարյանից: Միանգամից ռեյտինգը կթռնի եսիմ ուր: Թող իր էջում շեյր անի հրապարակախոս Վարդ Սիմոնյանի և գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանի ստատուսները՝ Քոչարյանի մասին, հազարներով կլցվեն իր էջը: Վազգեն Մանուկյանը նորից կվերականգնի Քելբաջարը ազատագրողի կարգավիճակը: Քաղաքականությունը պրագմատիզմ է պահանջում, հլը թող անի, տեսեք՝ ինչ կստացվի:

Թե չէ Սևան է գնում, էն հնամաշ դաշնակներին էլ կողքից խփած, դրանով նույնիսկ Երևան-Սևան մայրուղին չես փրկի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1103 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ