...

Ումի՞ց եք ներողություն սպասում

Ումի՞ց եք ներողություն սպասում

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Կարծում եմ, Լևոն Տեր Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը պետք է հանդես գան համատեղ ուղերձով՝ հանուն ազգային միասնության։ Բացի այդ՝ որպես ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդ և նախկին նախագահ, Քոչարյանը պետք է հաճախ խոսի հանրության հետ, հանդես գա ուղերձներով, նաև հայ ազգից ներողություն խնդրի իր կառավարման 10 տարիների ընթացքում տեղի ունեցած սխալ արարքների համար։ Ներողություն խնդրելը ամոթ չէ։ Քոչարյանի օրոք, այո, եղել է կոռուպցիա, ծաղկում են ապրել օլիգարխները, անարդարությունը եղել է շատ, բայց նաև պետք է խոստովանենք, որ ուժեղ է եղել պետական ու անվտանգային համակարգը»։

«ՉԻ». Տարիներ առաջ, դեռ 2000-ականների սկզբում, երջանկահիշատակ Երջանիկ Աբգարյանը մեզ հետ զրույցում՝ խոսելով Ռ. Քոչարյանի մարդկային հատկանիշների մասին, մի մարդու, որի հետ տարիներ շարունակ գործի բերումով շփվել է, ասաց. ներել բառը չգիտի: 

Կյանքը ցույց տվեց այս խոսքերի բացարձակ ճշմարտացիությունը: Իսկ եթե մարդը ներել չգիտի, հետևաբար՝ ներողություն խնդրել էլ չգիտի: Դրանք իրար հետ փոխկապակցված հատկանիշներ են: Մեկի բացակայության դեպքում մյուսն էլ է բացակայում:

Մի՞թե կարելի է ներողություն ակնկալել մի մարդուց, որը հենց հիմա, այս օրերին, իր կողմնակիցների շուրթերով հպարտանում է մարտի 1-ի ոճրագործությամբ: Չկա նման բան, որ ներողություն խնդրողը հպարտանա արյուն թափելու գործողությամբ: Ներողություն խնդրող մարդը ներողություն կխնդրեր ԺԵԿ-ի տեղեկանքով հայրենիք փոխելու համար: Եվ այլն: 

Այնպես որ, ներողության մասին թեմա չկա: 

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Քոչարյանի օրոք ուժեղ է եղել պետական ու անվտանգային համակարգը, եկեք մի հատ սա էլ ճշտենք. դա իսկապես ուժեղ համակարգ է եղել, բայց ոչ թե պետական, այլ ավազակային, բանդիտական համակարգ է եղել: Շատերդ երևի լսած կաք, օրինակ՝ «Սոլնցևյան» խմբավորման մասին: Դա պետություն էր պետության մեջ: Ուներ պետական համակարգին բնորոշ բոլոր հատկանիշները. ղեկավար, որոշումների ընդունման կոլեգիալ մարմին, ուժային կառույցներ, հարկահավաք կառույցներ, արտաքին և ներքին քաղաքականություն իրականացնող մարմիններ: Շատ հզոր համակարգ էր, բայց՝ բանդիտական: Իրենց գործողություններում հիմնվում էին բացառապես բիրտ ուժ կիրառելու և անխնա թալանելու, հարստանալու վրա: 

Իսկ Քոչարյանի ստեղծած այդ համակարգի ուժը ամենաշատը պատում էր Վանո Սիրադեղյանի եղբոր վրա, խաղաղ ցուցարարների վրա, կանանց վրա: 

Ու հերիք է հանուն ազգային միասնության ինչ-որ գաղափարի անվան ներքո կոչեր անել նախկին երեք ղեկավարներին: Տեր-Պետրոսյանն այդ կոչը անհրաժեշտ պահին արել է, տեսել ենք, թե ով ինչպես է այդ կոչին արձագանքել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3426 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ