...

Ուրացողներից ուրիշ ի՞նչ էիք սպասում

Ուրացողներից ուրիշ ի՞նչ էիք սպասում

Գորիս համայնքի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակի 3-րդ համար Նարե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր մասին տարածվող զրպարտություններին, գրել է. «Զարմանում եմ, թե ինչո՞ւ են այդ ապատեղեկատվությունը տարածելով՝ իմ թեկնածությունն առաջադրելու միջոցով նաև թիրախավորում «Հայ ազգային կոնգրեսին»:

Չէ՞ որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո ես անմիջական մասնակցություն եմ ունեցել Գորիսի շուրջ տեղի ունեցող որոշ իրադարձությունների:

Մասնավորապես անսացել եմ ֆեյսբուքյան խնդրանքներին և 2020թ.-ի դեկտեմբերի 21-ին՝ առավոտյան 10:30-ից, եղել եմ Շենգավիթի դատարանի մոտ՝ իմ աջակցությունը հայտնելով Գորիսի համայնքապետին: Այդ օրը տեղի էր ունենում դատական նիստ, որի ժամանակ Առուշ Առուշանյանը պետք է կամ կալանավորվեր, կամ ազատ արձակվեր: Մնացել եմ մինչև ուշ գիշեր՝ մինչև այն պահը, երբ դատարանի բակում հայտարարվել է, որ համայնքապետն ազատ է արձակվել դատարանի դահլիճից: 

Չէ՞ որ անսացել եմ Գորիսի համայնքապետի տեղակալ, այժմ նույնպես կալանավորված անձ Մենուա Հովսեփյանի մտահոգություններին, իր հետ 2020թ.-ի դեկտեմբերի 27-ին գնացել եմ Որոտան և Շուռնուխ, անգամ Մենուայի և Որոտանի գյուղապետի հետ նկար եմ հրապարակել իմ ֆեյսբուքան էջում, երևանյան լրատվամիջոցներում բարձրացրել եմ այդ գյուղերի խնդիրները, անգամ Մենուայի, Շուռնուխի և Որոտանի գյուղապետերի հեռախոսահամարներն եմ փոխանցել մեծ լսարան ունեցող լրատվամիջոցների՝ խնդրելով անպայման լուսաբանել Սյունիքի անվտանգությանը սպառնացող վտանգները:

Ի դեպ, Մենուա Հովսեփյանը 2020թ.-ի դեկտեմբերի 28-ին ինձ անձամբ է տեղեկացրել, որ Որոտան գյուղից էլի տներ են հանձնվում Ադրբեջանին, այդ մասին լուրը ևս կայծակնային արագությամբ փոխանցել եմ լրատվամիջոցներին՝ խնդրելով լուսաբանել:

Առկա են իմ ասածները հավաստող բոլոր փաստերը՝ լրատվամիջոցների հղումներ, նկարներ, ֆեյսբուքյան գրառումներ, նամակագրությունների սքրիններ:

Թեև դարձյալ զարմանում եմ, թե ինչո՞ւ ես շրջանակի մեջ չեմ առնվել այդ նկարներում՝ արժանանալով այն վիրավորանքներին, որոնց թիրախում հայտնվել եմ հիմա»:

«ՉԻ». Իսկ մենք զարմանում ենք, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչը զարմանում է: Էդ ի՞նչ է, նո՞ր է ճանաչում քոչարյանականներին: Դեռ 1999թ. հունվարին էր Վանո Սիրադեղյանը Ռ. Քոչարյանի մասին ասել, որ եթե մեկը ընկերոջն ուրանում է, վաղն էլ հայրենիքը կարող է ուրանալ: Այսինքն՝ ուրացողությունը սրանց կենսակերպն է: 

Դու կարող ես սրանցից մեկի ձեռքից բռնել, հանել ջրից, որ չխեղդվի, բայց հենց ափ դուրս գա, քեզ հրի, գցի գետը: Դու կարող ես հագիդ սվիտերը հանել, տալ նրան, որ չմրսի, հաջորդ վայրկյանին քեզ տկլոր թողնի: Դու կարող ես վերջին կտոր հացդ հետը կիսել, ինքը հաջորդ վայրկյանին քեզ թույն առաջարկի:

Դու կարող ես գնալ, Առուշ Առուշանյանի համար քյալլա տալ, զորակցություն հայտնել, օրերով դատարանի մոտից չհեռանալ, իրենք հաջորդ օրը քեզ զրպարտեն, քո մասին վարկաբեկող լուրեր տարածեն: Զարմանալու բան չկա:

Զարմանալին այն կլիներ, եթե Առուշ Առուշանյանը դատապարտեր իր թիմակիցների վարքագիծը, առաջինն ինքը արգելեր, որ նման լուրեր տարածեն, ասեր՝ հո դուք անասուն չե՞ք, էդ մարդը նեղ պահին ինձ աջակցել է, էս ի՞նչ եք անում: Բայց չի արել ու չի ասել: Որովհետև Ռոբերտ Քոչարյանից ուրիշ բան է սովորել: Այն, որ էս կյանքում ամենակարևոր սկզբունքը սկզբունք չունենալն է: Հավատարմություն, ընկերություն, արժանապատվություն, թասիբ, երախտագիտություն... դրանք բոլորը հավայի բաներ են: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1252 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ