Ինչպես հայտնի է՝ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պատասխանել է քաղաքացիների հարցերին, բայց հեռարձակման որոշ հատվածներ, պարզվում է, մոնտաժվել ու դուրս են մնացել եթերից։ Կրճատված հատվածներից մի քանիսը հայտնվել են խմբագրության տրամադրության տակ, որոնք էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․
«Բանը․․․ Նազիկ, էն բոստոնցի ակնոցավոր հայրենասերի հարցը դիր՝ լսենք։ Լավ, հերիք ա, մնացածը գիտեմ։ Սիրելի Ջորջ-Վրույր, սիրելի պարոն Կյույումկյելճեան, հարազա՛տըս, էդ որ հարցնում եք ՀՀ զինանշանի մասին, էդ ինչի՞ մասին ա։ Հազար ներողություն, բայց մեր գերբին «զինանշան» ասելով՝ Դուք մերժում եք պետականություն ունենալու մեր իրավունքը և ադրբեջանական խոսույթն եք կրկնում, որովհետև «զինանշան» բառի հիմքում «զենք» բառն է, իսկ մենք խաղաղության խաչմերուկ ենք ուզում, հետևաբար՝ մեր գերբի վրա պիտի միայն սվետաֆոր լինի նկարած։ Եթե շատ անկեղծ լինեմ՝ մեր դրոշի գույներն է՛լ պիտի փոխվեն ու դառնան կարմիր-դեղին-կանաչ։ Հակառակ դեպքում կկրկնենք «Երկիր Նաիրիի» ճակատագիրը, էն որ ասում ա․․․ Ոնց ա ասո՞ւմ․․․ Ուղեղային հիվանդություն․․․ Լյարդի ցեռոզ․․․ թե՞ սրտամկանի ինֆարկտ․․․
Իսկ «Երկիր Նաիրիի» հեղինակը․․․ Անունը ինչ է՞ր․․․ Հա, բանը․․․ Էն հազար դրամանոցի վրայի մարդը․․․ Պարույր Սևակը։ Թե՞ էս նոր հազար դրամանոցն ա․․․ Նազի՛կ, մոտդ մանր կա՞։ Էս ո՞ւմ նկարն ա։ Բենջամեն Ֆրանկլին․․․ «Երկիր Նաիրին» ինքն ա՞ գրել․․․
Իմիջիայլոց՝ դրամների մասին։ Արտաքին-քաղաքական վեկտորի մասին որ այդքան խոսում եք՝ նկատե՞լ եք, թե ոնց ենք բալանսը պահում։ 2000 դրամանոցի վրայի մարդը Թիֆլիսում ա ծնվել, 5000 դրամանոցի վրայինը՝ ԱՄՆ-ում, 10000 դրամանոցի վրայինը՝ Թուրքիայում, 20000 դրամանոցի վրայինը՝ Ռուսաստանում․․․ Ի դեպ՝ ես հենց նոր ֆիքսեցի, որ հայկական որևէ թղթադրամի վրա ենոքավանցու պատկեր չկա։ Հա, Ենոքավան ասեցի՝ Մեռելի Ենոքին հիշեցի։ Ի՞նչ էի ասում, «Երկիր Նաիրին»․․․ Բանը․․․ Մազութի Համոյին ինչի՞ կախեցին, որովհետև ՀԴՄ կտրոն չէր տալիս։ Լավ, Նազիկ, հաջորդ հարցը միացրու։ Էդ չէ, մյո՛ւսը, չեմ ասե՞լ էդ հարցը ջնջի, անուն-ազգանունն էլ փոխանցի ԱԱԾ-ին․․․
Քաղաքացին հարցնում է՝ համաձայնվելո՞ւ եք, որ ադրբեջանցիները բնակեցվեն ՀՀ տարածքում։ Անկեղծ ասած, եթե չասեմ «այո»՝ իմ «այո» չասելը չի նշանակի «ոչ», բայց իմ «ոչ» չասելն էլ չի նշանակի «այո», բացի այդ էլ՝ եթե Ղարաբաղից տեղահանված մեր քույրերն ու եղբայրները չընդունեն ՀՀ քաղաքացիություն՝ կստացվի, որ Ադրբեջանի քաղաքացիներ են, ես նրանց ինչպե՞ս արգելեմ բնակվել, ասենք, Սյունիքի մարզում, թեև իմ չարգելելը միանշանակորեն չի նշանակի թույլատրել, ոչ էլ չթույլատելը աներկբա կնշանակի արգելել․․․
Հաջորդը։ Ոմն քաղաքացի Պեսկով տեսահարց է ուղղել՝ պատրաստվո՞ւմ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Բայց քանի որ հարցը ռուսերեն է՝ ես դրան չեմ պատասխանի։ Քանի դեռ ինքը հայերեն չի ասել, թե «Հայաստան» ասելով քանի՞ քկմ տարածք նկատի ունի։
Արագ սննդի «Քյաբաբ առ քյաբաբ» ցանցը հարց է ուղղել՝ «ինչո՞ւ պողպատե մանդատը լավ չի աշխատում, ե՞րբ եք խլելու նախկինների թալանածը, թե՞ արդեն խլել եք, բայց ժողովրդին չեք վերադարձնում»։ Սիրելի՛ս, հարազա՛տըս, եղբա՛յր, ախր ես ո՞նց կարող եմ քեզ հիասթափեցնել։ Խնդրում եմ տվյալներդ փոխանցիր, և 15 րոպեից կհամոզվես, որ պողպատե մանդատը լավ էլ աշխատում է։ Հետըդ անպայման տաք շորեր կվերցնես․․․
Ցավոք՝ տեսագրությունն այսքանով ավարտվում է։