...

Պետության և պատանդի կարգավիճակի միջև

Պետության և պատանդի կարգավիճակի միջև

Ի՞նչ է տեղի ունենալու Սոչիում և դրանից հետո, ի՞նչ էր նշանակում Պուտինի «վալդայյան ճառն» ու Փաշինյանի «թվիթերյան պատասխանը», ո՞րն էր Ստեփանակերտի հանրահավաքի հիմնական ասելիքը, և վերջին հաշվով՝ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի ու Արցախի շուրջ։ Հուզական ֆոնը չափազանց բարձր է, բայց փորձենք հասկանալ՝ հիմնվելով բացառապես «չոր փաստերի» և իրողությունների վրա։ 

Հոլիվուդյան մարտաֆիլմերում բավականին հաճախ է հանդիպում այսպիսի դրվագ՝ ահաբեկիչը ատրճանակը դնում է պատանդի քունքին և ստիպում զանգահարել ամենահարազատ մարդուն ու խնդրել, որ նա կատարի ահաբեկչի բոլոր պահանջները, հակառակ դեպքում իրեն կսպանեն։ Հարազատն էլ (հայրը կամ ավագ եղբայրը) երբեմն փորձում է բլեֆի դիմել՝ ասում է, որ իրեն պատանդի ճակատագիրն ընդհանրապես չի հետաքրքրում, բայց նրան սպանելով՝ ահաբեկիչը շատ ավելի ծանր վիճակում կհայտնվի․․․ Մի խոսքով՝ նյարդերի պայքար։

44-օրյա պատերազմից հետո Արցախը փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում, ընդ որում՝ Ռուսաստանի՛ պատանդի, որովհետև Ադրբեջանն ընդամենը պատանդի քունքին ուղղված ատրճանակն է։ Ռուսաստանն էլ կրակոց թույլ չտալու դիմաց Հայաստանից պահանջում է լիակատար հնազանդություն, հրաժարում բոլոր տեսակի արևմտյան հարթակներից ու միջամտություններից, և այլն։ Նիկոլ Փաշինյանը երկու տարի շարունակ փաստացի իրականացնում էր հետևյալ քաղաքականությունը՝ Ռուսաստանին ցույց էր տալիս, որ Արցախն իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, ինքը պատասխանատու է 29,8 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի համար, իսկ եթե Ռուսաստանին պետք է հայաբնակ Արցախ՝ թող բարի լինի ինքն էլ ապահովել դա։ Եվ ահա Վալդայում Պուտինը պարզ ասաց, որ եթե «պատանդի» ճակատագիրը Հայաստանին չի հետաքրքրում՝ ինչ արած, ուրեմն իրեն նույնպես չի հետաքրքրում (դա Հայաստանի որոշելիքն է)։ Ստեփանակերտի հզոր հանրահավաքն էլ «հարազատին ուղղված զանգն» էր՝ շատ հստակ ուղերձներով։ Ռուսաստանին ուղղված՝ «խնդրում ենք չկրակել» (դիվանագիտական լեզվով դա հնչում է որպես «Արցախի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանք»), և Հայաստանին ուղղված՝ «իրավունք չունեք չկատարել ահաբեկչի պահանջները, որովհետև հակառակ դեպքում նա կկրակի»։ 

Արցախի դիրքորոշումն ընդհանրապես քննարկման ենթակա չէ։ Սպառնալիքը շատ իրական է, «ահաբեկիչն իսկապես էլ կկրակի», այնպես որ՝ Արցախն այլ ելք պարզապես չունի։ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեպքում էականն այն է, որ հենց իրենց մեղքով է Արցախը հայտնվել պատանդի կարգավիճակում, ընդ որում դեռ պարզ չէ՝ Նիկոլ Փաշինյանը բլե՞ֆ է անում, թե՞ նրան իսկապես էլ բացարձակապես չի հետաքրքրում Արցախի ճակատագիրը (եթե 75 տոկոսը կորցնելուց հետո կարողացել է պահպանել իշխանությունը, ինչո՞ւ չի կարող պահպանել մնացած 25 տոկոսը հանձնելուց հետո)։ Ռուսաստանն էլ իր հերթին «պատանդի հարազատների» առջև պահանջներ է դնում, բայց բացարձակապես որևէ երաշխիք չի տալիս, որ «պատանդը ողջ կմնա»։ Ավելին՝ պարզ ասում է, որ կփորձի, բայց շատ բարդ կլինի, որովհետև դա միայն իրենից չի կախված։ 

Ահա այս բեռով էլ Հայաստանը մտնում է բանակցությունների վճռական փուլ։ Իսկ հասարակությունը երևի դեռ մինչև վերջ չի էլ ընկալել, որ եթե չես ուզում խնդիրը լուծել որպես պետություն՝ հաղթողի դիրքերից, ստիպված ես լինելու աշխարհին ներկայանալ ընդամենը որպես գոյաբանական վտանգի առջև հայտնված բնակչություն։

Մարկ Նշանյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   681 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ