...

Պետք է շատ ավելի խիստ գործել կանոնները խախտողների հանդեպ

Պետք է շատ ավելի խիստ գործել կանոնները խախտողների հանդեպ

«ՉԻ» զրուցակիցն է վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը:

- Պարո՛ն Զաքարյան, մայիսի 14-ին լրանում է Հայաստանում արտակարգ դրության ժամկետը։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվի: Ինչ եք կարծում՝ անհրաժե՞շտ է, որ կարանտինը կրկին երկարաձգվի՝ հաշվի առնելով վարակակիրների ամենօրյա աճող թիվն ու մահվան ելքերը:

- Արտակարգ դրության երկարացումը կամ դրա վերացումը պետք է փաստարկված լինի։ Մենք հիմա մի վիճակում ենք, երբ երկու ամսվա արտակարգ դրության ավարտին վարակն ավելի արագ է տարածվում, քան մի քանի շաբաթ առաջ։ Սա խոսում է այն մասին, որ ինչ-որ բան սխալ է արվել։ Եթե մենք երկարացնենք արտակարգ դրությունը, բայց այն ընթանա նույն կերպ, ինչ վերջին երկու ամսում էր, ապա դրա օգուտը շատ մեծ չի լինի, սակայն էլ ավելի կխորանա տնտեսական ճգնաժամը։ Կարելի է երկիրը վերաբացել աստիճանաբար և խիստ կանոններ սահմանել մի շարք ոլորտների և գործունեությունների համար։ Օրինակ, սանիտարահիգիենիկ նոր կանոններ են պետք գործատուների համար․ պետք է պահպանել միջանձնային տարածությունը (առնվազն երկու մետր), աշխատավայրը ախտահանել օրվա մեջ մի քանի անգամ, կրել դիմակներ և այլն։ Այս կանոնները պետք է պարտադիր լինեն։ Բայց մենք տեսնում ենք, որ վերջին երկու ամսվա ընթացքում շատ պարտադիր կանոններ նորմալ չիրականացվեցին, և դրա մեղավորը միայն սովորական քաղաքացիները չեն։ 

- Վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվը 100-ից անցնում է: Ըստ Ձեզ՝ սահմանափակումների մեղմացո՞ւմն է վիրուսի տարածման տեմպերի ավելացման պատճառը: 

- Սխալ է ակնկալել, որ բոլոր մարդիկ երկու ամիս հետևելու են արտակարգ դրության կանոններին։ Պարետատունը սահմանել է կարևոր կանոններ, սակայն դրանց մասսայական իրագործումը նույնպես պարետատան խնդիրն է։ Օրինակ, սպասելի էր, որ մարդիկ նշելու են Զատիկը, քանի որ դա մեր ավանդական տոներից մեկն է։ Սպասելի էր, որ գնալու են խանութներ և գնումներ են անելու։ Արդյոք հնարավոր չէ՞ր այդ ամենը կազմակերպել այնպես, որ մարդկանց մեծ կուտակումներ չառաջանային, որ մարդիկ խանութներում կրեին դիմակներ, պահեին սոցիալական հեռավորությունը։ Կարծում եմ՝ հնարավոր էր։ Մեկ նման չկազմակերպված վիճակը կարող է բերել համաճարակի նոր և ավելի մեծ ալիքի առաջացմանը, ինչը մենք հիմա տեսնում ենք։ Հետևաբար, եթե նույնիսկ հանում ենք որոշ սահմանափակումներ, ապա պետք է շատ ավելի լուրջ մոտենանք մնացած սահմանափակումների նորմալ կատարմանը։

- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ վիճակը գնալով բարդանում է: Ըստ նրա՝ կանոնները չպահպանվելու դեպքում, մայիսի վերջին հնարավոր է ունենանք 10.000 վարակակիր: Հետո հստակեցրեց, եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք: Ինչ եք կարծում՝ հնարավո՞ր է վարակակիրների այսքան դեպքեր լինեն և արդյոք պատճառն այն է, որ մարդիկ այդպես էլ վիրուսին լուրջ չեն վերաբերվում:

- Բնականաբար կարող է լինել, և կարող է շատ ավելին լինել։ Դա պատճառներից մեկն է, մյուս և հավանաբար շատ ավելի կարևոր պատճառն այն է, որ մենք չկարողացանք կարանտինը կազմակերպել ավելի լավ մակարդակով։

- Ինչպես տեսանք, հասարակությունը այդքան էլ պատասխանատու չէր, մարդիկ այս ընթացքում ավելի շատ եղան հանրային վայրերում, քան թույլատրված էր: Սոցիալական պատասխանատվություն հասարակությունը դրսևորե՞ց:

- Հասարակության մեջ միշտ էլ կան ու կլինեն մարդիկ, որոնք պատասխանատու չեն լինի այս կամ այն պահանջների հանդեպ։ Առավել ևս, որ արտակարգ դրության ժամանակ պահանջվում էր անել բաներ, որոնք մարդիկ նորմալ կյանքում սովոր չեն անել։ Հետևաբար, որպեսզի հասարակությունը դառնա ավելի սոցիալականապես պատասխանատու, պետությունը պետք է շատ ավելի խիստ գործի կանոնները խախտողների հանդեպ։ Իմ խորհին համոզմամբ, բոլոր այն երկրները, որոնք ունեն սոցիալականապես ավելի պատասխանատու հասարակություն, հասել են դրան օրենքների իրագործման հետևողականությամբ և կարգազանցների հանդեպ անհանդուրժողական շնորհիվ։ 

Մանյա Պողոսյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1709 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ