...

Խուճապի մատնվել պետք չէ

Խուճապի մատնվել պետք չէ

Երևանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվելուց հետո հասարակության մի մասի մոտ խուճապ է սկսվել:
Երեկվանից դեղատներից մեծ քանակությամբ հիգիենիայի միջոցներ՝ ալկոգել են գնում, սուր շնչառական հիվանդությունների համար նախատեսված դեղորայք և հակաբիոտիկ այլ միջոցներ:

Խուճապի մատնվելու կարիք չկա՝ «ՉԻ»-ին հետ զրույցում հայտարարեց վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը: Ցանկացած տեսակի վիրուսից պաշտպանվելու համար կան հստակ անհրաժեշտ կանոններ, որոնք պետք է պարզապես պահպանել:

«Պետք է անձնական հիգիենան պահպանել, ձեռքերը հաճախ լվանալ, պահպանել առնվազն 1 մետր հեռավորություն այլ մարդկանցից: Եթե մեկն ունի գրիպանման ախտանշաններ, չպետք է անպայման մտնել այդ մարդու քիթը: Ինչպես նաև պետք է կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ ունենալ: Եթե որևէ մեկը գրիպանման ախտանշաններ ունի, չպետք է գնա աշխատանքի, այնպիսի վայրեր, որտեղ մարդկանց կուտակումներ կան, որպեսզի այլ անձանց չվարակի: Անկախ նրանից՝ դա սուր շնչառական վարակ  է, թե՞ կորոնավիրուս, վարակներ տարածելն այդքան էլ լավ բան չէ»,- մատնանշեց մասնագետը:

Խուճապային գնումներ են ոչ միայն դեղատներից, այլև մթերային առևտրային կետերից:

Վիրուսաբանը անտեղի է համարում նաև խուճապային գնումներ կատարելը:

«Մարդիկ կան, որոնք արդեն կիլոգրամներով շաքարավազ են գնել և պահում են: Դա աբսուրդ է: Այդ մարդկանց հետ երևի ճիշտ կոմունիկացիա չի արվում, չեն բացատրում, որ հավելյալ խուճապային տրամադրություններ չլինեն»,-նկատեց մեր զրուցակիցը:

Հովակիմ Զաքարյանի խոսքով՝ սուր շնչառական հիվանդությունների և նոր կորոնավիրուսի կլինիկական ախտանշանները միանման են՝ բարձր ջերմություն և գրիպին բնորոշ մյուս նշանները: Տարբերակումը կարելի է կատարել միայն թեստի միջոցով:

«Միայն թեստի հիման վրա կարելի է հստակ տարբերակել դա սեզոնային վարակ  է, թե նոր կորոնավիրուս»,- ասաց նա:

Չինաստանում կորոնավիրուսի տարածման զուգահեռ մեր դեղատներում սկսվեց բժշկական դիմակների դեֆիցիտը: Մի մասը արտահանվեց, նաև տեղում պահանջարկի բարձրացման հետևանքով դիմակները թանկացան: Այսօր արդեն բժշկական դիմակը չճարվող ապրանք է դարձել: Զաքարյանի խոսքով՝ շուր շնչառական վարակների ժամանակ դիմակ կրելու վերաբերյալ երկակի կարծիքներ կան: Այդ պնդումներից մեկի համաձայն՝ սուր շնչառական վարակների տարածման հաճախականությունը 20 տոկոսով նվազում է, երբ վարակ չունեցողները դիմակ են կրում: Հիվանդների դեպքում դիմակ կրելը պարտադիր է: Դեղատներում դիմակների բացակայությունը մասնագետին ստիպում է հետևյալ եզրահանգումն անել:

«Սա ցույց է տալիս ասել, թե մենք որքանով ենք պատրաստ համաճարակային իրավիճակներին: 2 օրվա մեջ դիմակներն ամբողջությամբ սպառվեցին և խնդիր կա, բայց դրա լուծումը չի տրվել: Մենք ոչ մեծ պաշար ունենք, որով հնարավոր կլիներ բացը լրացնել: Եթե արտահանում է եղել մեր ներքին ռեսուրսների հաշվին, միուցե ճիշտ էր արտահանում չանելը: Ակնկալվում էր, որ վիրուսը կգա նաև այստեղ, նպատակահարմա՞ր էր արդյոք արտահանում անելը, եթե ինքդ ռեսուրս չունես»,- հարց բարձրացրեց նա:

Վիրուսաբանի կարծիքով՝ վիրուսը մեր երկիր չէր թափանցի, եթե Իրանից ժամանողների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացվեր:

«Անթույլատրելի է Իրանից բերել քաղաքացիների առանց նրանց գոնե մի քանի օր կարանտինի մեջ պահելու: Մի քանի օրվա մեջ պետք էր թեստավորել բոլորին, որոնց պատասխանը բացասական կլիներ, կարող էին հանգիստ անցնել իրենց առօրյա կյանքին, իսկ դրական լինելու դեպքում՝ բուժել: Ցավոք սրտի, մենք տեսանք հակառակը: Մարդկանց Իրանից բերեցին և գնացին տներով, բայց բժիշկների հսկողությամբ: Բժշկի հսկողությունը ո՞րն է՝ ամեն օր գալիս են, չափում են ջերմությունը և տեսնում՝ ախտանշան կա, թե՝ ոչ, դա է հսկողությունը: Պետք է այլ բան անեին: Բոլորին պետք է թողնեին կարանտինի մեջ գոնե մեկ շաբաթ և թեստավորեին: Սա չարեցին և տեսանք, որ դեպք կար»,- նշեց մասնագետը և շեշտեց՝ հայտնի փաստ է, որ կարանտինը համաճարակների դեմ պայքարի ամենաօգտագործվող և կիրառելի զենքերից մեկն է:

Հիշեցնենք, որ Իրանից ժամանած 29-ամյա ՀՀ քաղաքացու մոտ հայտանաբերվել էր կորոնավիրուս: Իսկ մի քանի քաղաքացիների կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում:

Իսկ վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 89249-ի, մահացել է 3057 մարդ, 45175-ը բուժվել են։ Կորոնավիրուսը, Չինաստանից բացի, տարածվել է աշխարհի 68 երկրներում:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2050 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ