...

Փոխզիջումների և հարկադրված զիջումների տարբերությունը

Փոխզիջումների և հարկադրված զիջումների տարբերությունը

Հասկանալու համար, թե ինչպե՞ս է, ի վերջո, հանգուցալուծվելու Արցախի շրջափակման հարցը՝ նախ պետք է հասկանալ, թե ինչպե՞ս են «կողմերը» գնահատում ստեղծված իրավիճակը։ Ադրբեջանն իրավիճակը ներկայացնում է մոտավորապես այսպես․ «հայերը թալանում են մեր ընդերքի հարստությունները, Լաչինի միջանցքով ինչ ասես տեղափոխում են, ռուսներն էլ աչք են փակում, և ընդհանրապես՝ ինչո՞ւ պիտի Լաչինի միջանցքը գործի, եթե հայերը Զանգեզուրի միջանցքը չեն տալիս»։ Ռուսաստանից ավելի ու ավելի հաճախ են տեսակետներ հնչում, թե «դե հա, ադրբեջանցիները ճիշտ են ասում, ինչո՞ւ են հայերը ձգձգում Զանգեզուրի միջանցքի հարցը, իսկ հումանիտար աղետի վերաբերյալ այդ աղմուկը չափազանցված է, Ղարաբաղը կարող է արտաքին աշխարհի հետ կապվել նաև Ադրբեջանի տարածքով ու մատակարարումներն էլ ստանալ Ադրբեջանից»։ Հայաստանի իշխանություններն առայժմ ընդամենը դիմում են միջազգային ատյաններին, բայց արդեն նաև Հայաստանի մերձիշխանական շրջանակներից են ձայներ լսվում, թե «դե Լաչինի միջանցքի հետ մենք ընդհանրապես կապ չունենք, բայց ի՞նչ է պատահել, ծանր հիվանդներին Երևան չեն կարողանում բերել՝ թող Բաքու տանեն»։

Խնդիրն այս ընկալումների արդարացի կամ անարդարացի, բարոյական կամ անբարոյական լինելը չէ, դրանք ընդամենը էմոցիոնալ գնահատականներ են։ Խնդիրն այն է, որ եթե կողմերը ստեղծված ճգնաժամային իրավիճակն այդ ձևով են ընկալում, ուրեմն ճգնաժամը հաղթահարելու ընդամենը երկու տարբերակ կա։ Առաջին՝ Հայաստանի իշխանությունները տեղի են տալիս ճնշումներին և զիջում են «Զանգեզուրի միջանցքը» (հասկանալի է՝ այնպես, որ «թղթերով» դա լինի Հայաստանի տարածք, բայց Հայաստանն այդ տարածքում որևէ իրական լծակ չունենա), ու դրանից հետո Լաչինի միջանցքը բացվում է։ Այս տարբերակը ձեռնտու է և՛ Ռուսաստանին (որովհետև նրանք Լաչինի միջանցքն էլ են վերահսկում, «Զանգեզուրի միջանցքն» էլ), և՛ Ադրբեջանին (Ալիևը հայտարարում է, որ խոստումը կատարեց և միջանցքը վերցրեց)։ Երկրորդ տարբերակը՝ միջանցքը մնում է փակ, խափանվում է նաև Արցախի էներգամատակարարումը, ռուսական խաղաղապահ զորակազմի մատակարարումները սկսում են ամբողջապես իրականացվել Ադրբեջանի տարածքով, հումանիտար աղետի ֆոնին քարոզչական ակցիաներ են իրականացվում՝ մոտավորապես «ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են բաժանում հայերին» կամ «անվճար տաք սնունդ՝ ծերերին և երեխաներին» մոտիվներով, հետո նույն այդ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիները «մեծահոգաբար» սկսում են Գյանջայից կամ Եվլախից գազ ու հոսանք մատակարարել «Խանքենդիի» «Ադրբեջանի քաղաքացի էթնիկ հայերին»՝ պայմանով, իհարկե, որ ռուս խաղաղապահները բացահայտեն, ձերբակալեն ու իրենց հանձնեն «հայ ծայրահեղականների լիդերներին ու պատերազմի հանցագործներին»․․․ 

Տեսականորեն, իհարկե, այլ տարբերակներ էլ կան։ Օրինակ՝ Ադրբեջանը հաշվի է առնում միջազգային հանրության հորդորները և բացում միջանցքը։ Կամ՝ արցախցիները հավաքվում են, գնում ու մի լավ ծեծում «ադրբեջանցի բնապահպաններին», և ճանապարհը բացվում է։ Բայց հասկանալի է, որ իրականում նման բաներ չեն լինելու, հետևաբար՝ հանգուցալուծման հավանական տարբերակներն ընդամենը երկուսն են։

Ընդ որում՝ ակնհայտ է, որ այս ամենը միանգամից չի լինելու։ Ադրբեջանը կարող է հենց այսօր բացել ճանապարհը, մի քանի օր հետո՝ նորից փակել, հետո՝ էլի մի քանի ժամով բացել ու նորից փակել, բայց դա լինելու է ոչ թե հարցի լուծում, այլ հետաձգում։ Եվ վաղ թե ուշ ընտրությունը, միևնույն է, կատարվելու է։ 

Չնայած՝ շտապելու բան չկա։ «Հիմա զիջում ենք, որ ի՞նչ, կզիջենք այն ժամանակ, երբ ստիպված կլինենք»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1975 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ