...

Քարոզարշավի պերճանքն ու թշվառությունը

Քարոզարշավի պերճանքն ու թշվառությունը

Մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Վարչապետը բուկլետ է բաժանում։ Քարոզարշավը Փաշինյանին հաճելի պահեր է պարգևում, երբ ՀՀ քաղաքացին երկրի փրկությունը պայմանավորում է Փաշինյանով։ Հաճելի է նաև, որ վարչապետը գարունն ավետող մանուշակներ է բաժանում քաղաքացիներին։

Քարոզարշավը զերծ չէ նաև տհաճ միջադեպերից։ Մետրոյում երիտասարդ աղջիկը բուկլետը պատռել և նետել է վարչապետի ուղղությամբ, ինչը տարատեսակ մեկնաբանությունների արժանացավ։ Չենք անդրադառնում առանձին մեկնաբանություններին, որ նույնիսկ երիտասարդ աղջկա այդօրինակ վերաբերմունքը նախկինները հերոսական քայլ են համարում, իսկ իշխանությունների համակիրներն էլ՝ թե ո՞նց կարելի էր ժողովրդի ընտրյալին նման վերաբերմունքի արժանացնել։ Իհարկե, երիտասարդ աղջկա վերաբերմունքը չի տեղավորվում պատշաճ դաստիարակության շրջանակներում, որը պահանջում է նաև վարվեցողության մշակույթ։ Աղջիկը կարող էր բուկլետը չվերցնել, կամ էլ կարող էր բուկլետը վերցնել և եթե իրեն այդքան տհաճ էր, կարող էր աննկատ նետել առաջին իսկ հանդիպած աղբարկղը: Եթե մետրոյում աղբարկղ չկար, ապա փողոցում հաստատ աղբարկղի պակաս չէր լինի, ինչպես լինում էր անցած քսան տարիներին, երբ նախկինների երիտասարդները կամ չոլկայով կանայք բուկլետ էին բաժանում։ Ամենայն հավանականությամբ երիտասարդ աղջիկը համակրում է նախկիններին, կամ էլ կարող է հեղափոխությունից երկու տարի անց ինչ սպասում էր հեղափոխությունից չի ստացել։ 

Լավ, ըդիկ կարևոր չէ։ Շատ ավելի կարևոր բան կա։ Վարչապետը քարոզը շարունակելով գնում հասնում է հեռավոր Լոռու մարզ, վարչապետին է մոտենում Կուրթան գյուղից մի երիտասարդ տղամարդ և պատմում է իր թշվառ կյանքի մասին, որ ապրում է վագոն-տնակում, իսկ հեղափոխական վարչապետի պատասխանն առավել քան զավեշտական է լինում, նույնիսկ՝ վիրավորական։ Վարչապետն արժանապատվության հարց է համարում, որ մի առողջ տղամարդ մոտենում և մյուս առողջ տղամարդուն ասում է, որ իր տան հարցը լուծի։

Վարչապետը հպարտ քաղաքացու արժանապատվությունը կասկածի տակ առնելուց առաջ պիտի համոզմունք ունենար՝ Կուրթան գյուղում աշխատանք կա՞, լուծվա՞ծ է ոռոգման ջրի հարցը, որ հպարտ քաղաքացին աշխատի։ Ի դեպ, ոռոգման ջրի հարցը գրեթե բոլոր մարզերում էլ կա։ Երկու տարի է իշխանություն ունի, ստեղծե՞լ է Կուրթան գյուղում աշխատանքի պայմաններ, որ երիտասարդ տղամարդը չի աշխատում և ուզում է, որ վարչապետը նրա տան հարցը լուծի։ Բնական է, որ վարչապետը չունի այս հարցերի պատասխանը և չունի նաև իրավունք հպարտ քաղաքացու արժանապատվությունը կասկածի տակ առնելու։ Գուցե Կուրթան գյուղի երիտասարդ տղամարդը շատ ավելի արժանապատիվ է, քան այն պաշտոնյանները, որոնք քծնանքն ուղիղ ճանապարհ են ընտրել և հասել մինչև պետական կառավարման համակարգ, որ այլ պարագայում նրանց համար երազանք էր լինելու և իրենց ստացած միլիոնների հասնող աշխատավարձերով և պարգևավճարներով շատ հարցեր են լուծում։ Այ, սա է կարևորն ու ողբերգականը։ Սա է իրականությունը, որին վարչապետն առերեսվել է և այնքան էլ պատվով դուրս չի եկել։ 

Իհարկե, մենք այն կարծիքին չենք, որ հեղափոխությունից երկու տարի անց նրանք, ովքեր բնակարան չունեն, բոլորը պիտի բնակարանով ապահովված լինեին, բայց նաև համոզմունք ունենք, որ մարզերում գործազրկությունը մեծ է, և արտագաղթի հիմնական պատճառը գործազրկությունն է։ Իշխանությունների ամենամեծ սխալը եղավ այն, որ հեղափոխության սոցիալական բաղադրիչին մի քիչ ուշադիր չեղան։ Սա մենք ցավով ենք արձանագրում, իսկ հակահեղափոխականներն օգտվում են իշխանությունների այս և նման շատ սխալներից ու ագրեսիվ հակաքարոզչության չափաբաժինն ավելացնում։ 

Հեղափոխության հաղթանակից հետո ունեցանք քաղաքապետի ընտրություններ, ԱԺ ընտրություններ, եղան քարոզարշավներ, ՀՀ քաղաքացին պահանջ չէր ներկայացնում իշխանություններին՝ մտածելով, որ դեռ լիակատար իշխանություն չունեն, իսկ նախկիններից ոչ մեկը բուկլետ չէր պատռում և չէր նետում վարչապետի և նույնիսկ իր թիմակիցների ուղղությամբ, կամ էլ նման ագրեսիվ հակաքարոզչություն չէին իրականացնում ոչ այն պատճառով, որ նրանք այն ժամանակ չէին ուզում նման վարքագիծ դրսևորել, այլ միայն այն պատճառով, որ սպասում էին դատաիրավական համակարգի բարեփոխումներին, տեսան, որ չի լինում, և եթե ՍԴ-ն էլ մնաց նույն կազմով, ապա իրենց իշխանության գալը սարերի հետևում չի լինի։ Էն աստիճանի են «հաբռգել», որ նույնիսկ հանրաքվեն են հակապետական ու հակասահմանադրական որակում։ Իրենք հրաշալի գիտեն, որ ընտրություններով ավելի շուտ իրենց ծոծրակը կտեսնեն, քան իշխանություն։ Իսկ մենք ունենք 1998 թվականի դառը փորձը և թույլ չտանք, որ կրկնվի։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն երկրում օրինականություն հաստատելու վերջին հնարավորությունն է։ 

Իսկ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին հաշված օրեր են մնացել: Մի կողմ ենք թողնելու իշխանությունների սխալները, մեր վիրավորվածություններն իշխանություններից: Պիտի գիտակցենք, որ մեր «այո»-ն ճակատագրական է լինելու պետության ու հասարակության համար, մեր «այո»-ն է ազդարարելու հեղափոխության ավարտը։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1184 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ