«Եթե Հայաստանը ձեռքերը լվանա Արցախից և ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ՝ Ադրբեջանի կազմում, մեզ այլ ելք չի մնա, քան մտնենք ՌԴ կազմի մեջ, ուստի կնախաձեռնենք ստորագրահավաք»,- «Հրապարակ» օրաթերթին ասել է իր աղբյուրը՝ հավելելով, որ ռուսական կողմից Արցախի իշխանություններն այդ գործընթացի վերաբերյալ «դաբրոն» արդեն ստացել են։ Թերթը հավելել է․ «Ինչպես հայտնի է, ապրիլի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, իսկ առաջին նախագահի հետ, որպես կանոն, նախկին ու ներկա նախագահների հանդիպումները միշտ տեղի են ունենում վճռորոշ գործընթացների նախաշեմին։ Ըստ ամենայնի՝ Արայիկ Հարությունյանը գնացել է խորհրդակցելու մեր ժամանակների ամենաիմաստուն քաղաքական գործիչներից մեկի՝ Տեր-Պետրոսյանի հետ»:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում լրատվամիջոցների կողմից համառորեն շրջանառության մեջ է դրվում այս թեզը։ Զուգահեռաբար Արցախի քաղաքական շրջանակներն են բաց տեքստով հայտարարում, թե Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից, մտավորականներն են խոսում, թե արցախցու հույսը ռուսն է, արցախցիներն իրենք են տեսանյութերում լացը կոկորդում պահելով, աչքերը թրջած խոսում, որ իրենք շնորհակալ են Հայաստանից 44-օրյա պատերազմում ցուցաբերած վերաբերմունքի համար, բայց տխրում են, երբ գիտակցում են, որ հիմա մենակ են մնացել։ Սա վտանգավոր, շատ վտանգավոր միտում է։ Ո՞ւմ է ձեռնտու այս թեզի շրջանառությունը, ովքե՞ր և ի՞նչ նպատակով են խմորում այս ինֆորմացիան՝ անհասկանալի է։ Հնարավոր է, որ սա հերթական «ստուգողական» դեզինֆորմացիան է, որի արձագանքները թույլ կտան որոշ կենտրոնների հետևություններ անել։ Իսկ եթե պարզվի, որ Արցախում իսկապես նման քաղաքական գործընթաց է հասունանում, ապա շատ տխուր արձանագրումների կարող ենք հանգել։ Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա այն լուռ հետևում է այս ամենին՝ այդպես էլ չորոշակիացնելով, թե ի՞նչ ասել է խաղաղության պայմանագիր, հիմա արդեն՝ այդ պայմանագրի նախապատրաստում կոնկրետ շատ սեղմ ժամկետում։
Գոհար Վեզիրյան