...

Քո մեղքը ընտրությունների չգնալն է

Քո մեղքը ընտրությունների չգնալն է

Տխուր, մեծ կորուստներով տարի էր: Բայց անգամ այդպիսի տարին կարող է տարվա հումոր ունենալ: Իսկ այդ անվանակարգում միանշանակ կարող է հավակնել Վազգեն Մանուկյանի առաջադրումը և կից հավաստիացումը, թե նրա ղեկավարած ուժը չի մասնակցի ընտրություններին, ինքն էլ չի հավակնի վարչապետի պաշտոնին:

Եթե գործող իշխանությունը մի փոքր սպասարկեր 2018 թվականի օրակարգը և հեղինակեր կուսակցությունների մասին նոր օրենք, ապա Մանուկյանը ստիպված կլիներ ԱԺՄ կոչվող կուսակցության գրանցման վկայագիրը հետ հանձնել պետռեգիստր: Ստիպված կլիներ հանձնել, որովհետև վաղուց այդ կուսակցությունը չկա, իրենից բացի ևս 2-3 անդամի դժվարությամբ կգտնեն, իսկ ինքը մեծահոգաբար հրաժարվում է մասնակցել ապագա ընտրություններին:

Պատերազմի և զիջումների հետ կապված սխալ ռազմավարության հետևանքով Փաշինյանը մեծ կորուստներ պատճառեց Հայաստանին և Արցախին: Տպավորություն է, որ հիմա էլ փորձում է նույնի երկրորդ սեզոնը նկարահանել:

Արտահերթ ընտրություններից հրաժարվելը և իշխանությունը քարշ տալով պահպանել փորձելը նույնպես ռեսուրսների սխալ հաշվարկ է լինելու, որը կրկին ավարտվելու է Հայաստանի պարտությամբ: Ընտրություններից հրաժարվելը բերելու է իր իշխանության կորստին, իսկ Հայաստանին նախկինների վերադարձ է «պարգևելու»:

Չեք տեսնի 17 կուսակցության ներկայացուցչի որևէ ելույթ կամ պահանջ, որ առաջարկեն հենց հիմա անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ պատճառը շատ հասարակ է: Անգամ եթե կարողանան հարթել իրենց մեջ եղած տարաձայնությունները և միասնական ցուցակ կազմեն, ընտրություններում հաղթելու որևէ շանս չունեն:

Իսկ Վազգեն Մանուկյանին ժամանակավոր վարչապետ կարգելը իրենց կազատի այնպիսի խոչընդոտից, ինչպիսին է ժողովրդի մեծամասնության քվեն ստանալու անհնարինությունը: Պետք է իշխանություն և ղեկավար, որպեսզի ընտրակեղծարարության ամբողջ նախկին արսենալը կրկին գործի դրվի: Միաժամանակ հընթացս լուրջ հարվածներ կհասցվեն բոլոր այն կազմակերպություններին, որոնք կփորձեն խանգարել կամ վերհանել ընտրակեղծիքների կազմակերպված կիրառումը:

Արտահերթ ընտրությունների չգնալն իրապես դավաճանություն կլինի, և հանկարծ թող չփորձի հետագայում որևէ քաղաքից լայվ մտնել ու հռետորական հարց հնչեցնել՝ ո՞րն է իմ մեղքը: Քո մեղքը ընտրությունների չգնալն է՝ դրանով սկուտեղի վրա նախկիններին իշխանություն «պարգևելն է»:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1065 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ