...

Քոչարյանական լրատվամիջոցների հունից դուրս գալը պատճառաբանված է

Քոչարյանական լրատվամիջոցների հունից դուրս գալը պատճառաբանված է

Վերջին օրերի իրադարձությունները հունից հանել են քոչարյանական լրատվամիջոցներին: Քոչարյանի դիմումին վերաբերող ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունը, որ ԱԺ-ն պետք է դիրքորոշում արտահայտի ՍԴ-ի հետ կապված խնդիրների և դրա շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, օրերս ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունած  ուժայինների ղեկավարների պաշտոնի ցենզի փոփոխությունը, որը հնարավորություն կտա վարչապետին ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար նշանակել ոչ թե համակարգից, այլ 25 տարին լրացած ցանկացած ՀՀ քաղաքացու, որը 4 տարի մշտապես բնակվել է երկրում, երեկվա Շենգավիթի դատարանի որոշումը, որ իրենց տերը պիտի մնա կալանքի տակ, պարզապես կորցրել են իրականության զգացողությունը:  

Միայն տեսնել էր պետք դատարանի բակում հավաքված բազմահազար մարդկանց ցնծությունը, երբ ֆեյսբուքից իմացան, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է մեղադրյալ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը: Ուրախությունից մարդկանց աչքերում նույնիսկ արցունքներ երևացին, շնորհավորում էին միմյանց, որ վերջապես երկրում արդարադատություն է իրականացվելու, և յուրաքանչյուրը պիտի պատասխան տա իր արարքներին համապատասխան: Իսկ Վանեցյանի հրաժարականի վիճահարույց տեքստը պարզապես նվեր էր քոչարյանական լրատվամիջոցներին, մեկը մյուսի հետևից գերագույն հաճույքով մեկնաբանեցին և դեռ շարունակում են: 

Անկեղծ ասած, հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի վարած ներքին քաղաքականությունն ամենևին էլ հեղափոխական չէր, ինչը հակահեղափոխականների ռևանշի համար կանաչ ճանապարհ էր և անթաքույց ազդարարում էին թեժ աշնան մասին: Հեղափոխության հիմնական պահանջն էր արդարության վերականգնումը:

Ինչպե՞ս կարելի է արդարություն վերականգնել՝ դատաիրավական համակարգը թողնելով նույնը և նույնը թողնելով նրանց ստեղծած ուժային կառույցները, որոնք եղել են նախկինների հիմնասյուները: Ուժային կառույցների ղեկավարների նշանակումը, երբ ոստիկանապետ նշանակեց նախկին ոստիկանապետի տեղակալին, որն ընդունելի չէր ՀՀ քաղաքացուն,  իսկ նախկին ոստիկանապետի առաջին տեղակալին էլ կարգեց Սյունյաց աշխարհի մարզպետ, ինչը սյունեցիները միանշանակ չընդունեցին և պատասխանը շատ չուշացրին: Կարճ ժամանակ անց Կապանի քաղաքապետի ընտրություններին մերժեցին «Իմ քայլի» թեկնածուին: Հեռանալով իրականությունից՝ վարչապետ Փաշինյանը «Իմ քայլի» պարտության պատճառը ուրիշ տեղ փնտրեց: Մեկուկես տարին քիչ չէր և բավարար էր գոնե այնպիսի փոփոխություններ անելու համար, որ ՀՀ քաղաքացուն տեսանելի լիներ: Հասկանում ենք, որ քսան տարի քարուքանդ եղած երկիրն այդքան էլ հեշտ չէ վերականգնել: 2018 թ դեկտեմբերի 9-ից ձևավորվեց լեգիտիմ խորհրդարան, իշխող կուսակցությունն ունեցավ մեծամասնություն և համակարգում փոփոխություն դարձյալ չեղավ: Չքննարկեցին Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը, որ միջնորդություն էր ներկայացրել, որ Քոչարյանի դիմումի քննությանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, անդամներ Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցությամբ անհնարին է, քանի որ Քոչարյանի գործով նրանք ժամանակին կողմ են հանդիսացել: Դատական համակարգը և դատավորները նույնը մնացին: Մամուլը տեղեկացնում էր, որ ինչ-որ մեկին մեղադրանք է առաջադրվել, որոշ ժամանակ անց նույն մամուլը տեղեկացնում է, որ բաց են թողել մեղադրյալին, և մեղադրյալը պիտի արտերկրում բուժում ստանա, և այսպես շարունակ:

Մեկուկես տարի անց Փաշինյանը նոր հասկացավ, որ նրանց կադրերով անհնար է իրականացնել հեղափոխության պահանջները և աշխատանքից ազատեց նաև ոստիկանապետին և ԱԱԾ-ի ղեկավարին: Իսկ եթե դատաիրավական համակարգում իրական փոփոխություններ լինեն, ուժային կառույցները ղեկավարեն ոչ նախկին համակարգի կադրերը, ապա հակահեղափոխականների ռևանշի ծրագրերն իրականություն դառնալու հույսերը գրեթե զրոյական կլինեն: Իսկ իրենց լրատվամիջոցների հունից դուրս գալը պատճառաբանված է: Իսկապես աշունը թեժ է լինելու, բայց ոչ ռևանշիստների օգտին:

Ջավահիր Այվազյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6281 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ