...

Քոչարյանականները կարող են հաշիվ պահանջել Աշոտյանից

Քոչարյանականները կարող են հաշիվ պահանջել Աշոտյանից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ին տված հարցազրույցին, գրել է. «Գեոպոլիտիկ հարցադրումներին պատասխանելիս մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր, քանզի հաջողության պատմությունների քո բոլոր թվարկումները՝ ԵԱՏՄ, ԵՄ-Հայաստան, ՆԱՏՕ-Հայաստան, Հայաստան-Իրան, մեր թողած ժառանգությունն են, որ դու մսխում ու մսխում ես»։

«ՉԻ». Այո, բա ոնց: Մինչև Սերժ Սարգսյանը Հայաստանում անապատ է եղել: Ու եկել է Սերժ Սարգսյանը, երեք անգամ «աբրա-կադաբրա» ասել, երեք անգամ էլ ասել՝ «ֆըշշ, ֆըշշշ, ֆըշշ», ու մեկ էլ հո´պ. առաջացել են ԵԱՏՄ, ԵՄ-Հայաստան, ՆԱՏՕ-Հայաստան, Հայաստան-Իրան կապերը, հարաբերությունները: Բան ենք ասում, սաղ Սերժի օրոք է եղել: 

Բայց դե ասել, ասել ես, մինչև վերջ ասա: Ուշադրություն դարձրեք, Աշոտյանը մի տեսակ մոռացել է հայ-թուրքական հարաբերությունները, արձանագրությունները, Էդիկ Նալբանդյանի թշերի քաշքշոցը, մի գիշերվա մեջ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից դեպի ԵԱՏՄ թեքվելը: Երևի սա Քոչարյանի օրոք է եղել: Ի դեպ, քոչարյանականները կարող են Աշոտյանից հաշիվ պահանջել. չէ՞ որ իրենք էլ համոզված են, որ ամեն ինչ ստեղծվել է իրենց «հերոսի» օրոք: 

Ամենաուշագրավը, իհարկե, Հայաստան-Իրան հարաբերությունները «սերժականացնելն» է: Այ, եթե Աշոտյանը մանրամասներ, թե Սերժ Սարգսյանը ինչ նոր բան է արել Հայաստան-Իրան հարաբերությունների ուղղությամբ, որ չեն արել նախորդները, «Սուրբ Միքայել» 1-ին աստիճանի շքանշան կտանք: 

Հ.Գ. Լևոն Տեր-Պետրոսյանի պահով ընդհանրապես չենք խոսում: Ինքը ոչինչ չի ժառանգել, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ նրա չթողած ժառանգությունը չեն մսխել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1404 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ