Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Քոչարյանին ազատ արձակելու միջնորդության հետաձգմանը, քանի որ դատավորը բացակայում է, ասել է. «Հիմա էլ դատավորին ասել են՝ գնա վիրահատության, ինչ ուզում ես արա, ձգձգիր։ Թե չէ ինչպես և ինչի հիման վրա նա պետք է մերժի Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Անուշավան Դանիելյանի երաշխավորությունը։ Մենք տեսնում ենք ՀՀՇ-ի իղձերի իրականացումը։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքական բանտարկյալ լինելու փաստի վրա մի մեծ կնիք է դրվում՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ»:
«ՉԻ». Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանին բանտում տեսնելը... Ռոբերտ Քոչարյանի իղձերի իրականացումն է, քանի որ վերջինս ՀՀՇ-ից եղել, և այն էլ՝ կարկառուն ՀՀՇ-ական:
Այո, դեռ 1990-ականների սկզբներին ՀՀՇ անդամ Ռոբերտ Քոչարյանը երդվել է, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ, պայքարելու է հանուն օրինականության և արդարության, թույլ չի տալու, որ Արցախը ասպատակեն, թալանեն, մարդկանց հանիրավի դատեն ու սպանեն, ամեն ինչ անելու է, որ հայրենիքի և ժողովրդի դեմ ձեռք բարձրացնողը պատժվի:
Եվ հիմա ՀՀՇ-ի նախկին անդամ Ռոբերտ Քոչարյանի իղձը կատարվել է. ժողովրդի և հայրենիքի դեմ ձեռք բարձրացրած Ռոբերտ Քոչարյանը դատվում է: Սա այն դեպքն է, երբ Վիկտոր Սողոմոնյանի հետ դժվար է չհամաձայնվել: