Գլխավոր մեղադրյալի սակավաթիվ աջակիցները տարատեսակ անվանումներով հայրենասիրական, ազգափրկիչ լոզունգներով շարժումներ ու խմբեր են ստեղծում։ Իրականում նույն սակավաթիվ խումբն է։ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ էլ, որ ԱԺ բակում հավաքվել էին, հիմնականում իրենք էին։ Այս մասին մի փոքր ավելի ուշ։
Հիմա էլ ոչ ավել, ոչ պակաս «Հաղթանակ» անվանումով շարժում են ստեղծել, որը ստորագրահավաք է կազմակերպում՝ ի աջակցություն Քոչարյանի։ Շարժումը ստորագրահավաքը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան և Աբովյան քաղաքներում։ Երեկ էլ եղել են Գավառ քաղաքում։ Անչափ «մտահոգ» ելույթներ են ունենում և ասում են, որ երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, իրենք պարզապես զրուցում են քաղաքացիների հետ, ուզում են երկիրը դարձնել իրենց երազանքների հայրենիքը, տեղեկացնել, թե ինչ է կատարվում Երևանում, որ շատերը տեղյակ չեն։ Իրենց շարժման կարգախոսն է «Միացումը»։ Հետաքրքիր է, որ արդեն մեկ շաբաթ է ստորագրահավաք են կազմակերպել, բայց չեն հրապարակում, թե քանի մարդ է ստորագրել և իր աջակցությունը հայտնել մեղադրյալ Քոչարյանին։ Չենք կարծում, որ շարժման կազմակերպիչներն այնքան միամիտ են, որ չգիտեն հանրության վերաբերմունքն առ Քոչարյան, պարզապես ուզում են հանրությանն ապացուցել, որ իրենցից բացի Քոչարյանին էլի սատարողներ կան։ Անհեթեթություն։ Եթե իրենց ելույթներում խոսում են իրենց երազած հայրենիքի մասին, ապա ենթադրվում է, որ իրենք Քոչարյանի հետ միասին են կառուցելու երազանքի հայրենիքը, իսկ Քոչարյանն արդեն ապացուցել է, թե ինչպիսի հայրենիք էր կառուցում։ Հանրությունը քաջատեղյակ է։ Գոնե նման ծիծաղաշարժ բան չասեն։ Անհեռանկար զբաղմունք։
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ երկիրը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, ապա երկիրը ամենամեծ մարտահրավերի առջև կանգնեց Քոչարյանի ղեկավարման տարիներին, երբ 1999թ հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց պետությունը և երկիրը տասնամյակներով հետ տարավ, իսկ մինչև այսօր կազմակերպիչները բացահայտված չեն, տեղի ունեցավ արյունոտ մարտի մեկ և խաղաղ ցուցարարների վրա կրակողները պատասխանատվության չեն ենթարկվել։ Եվ վերջապես երկրի առջև կանգնած ամենամեծ մարտահրավերը եղավ այն, որ 1998թ հաղթողական եկավ և պալատական հեղաշրջման արդյունքում զբաղեցրեց նախագահի աթոռը և Ղարաբաղը դուրս մղեց բանակցային գործընթացից, կոնֆլիկտի լուծումը տարավ փակուղի, երկիրն էլ՝ պարտության։
Իսկ թե ինչ է կատարվում Երևանում, որ ուզում են մարզերի բնակիչներին տեղեկացնել, ապա Երևանում արտառոց ոչինչ էլ չի կատարվում։ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարողները դարձյալ իրենք են, որ երկրի ներքին կյանքում ուզում են անկայունություն ստեղծել։ Ստամբուլյան կոնվենցիան այն չէ, ինչ որ իրենք են ներկայացնում։ Ստամբուլյան կոնվենցիան կանանց հանդեպ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի ԵԽ կոնվենցիան է և ոչ մի բառ չկա միասեռական ամուսնությունների մասին, այն ինչ իրենք են ներկայացնում և իրենց հույսը մարդկանց անտեղյակությունն է: Նույնիսկ այս դեպքում էլ ազնիվ չեն։ Իսկ ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ առաջացած աղմուկին, ապա իրենց մեղքի բաժինն ունեն նաև իշխանությունները, որ մինչև հիմա չեն վավերացրել։ Բարձր լեգիտիմություն ունեցող իշխանությունն իրավունք չունի պոպուլիզմով զբաղվելու և երկչոտ քայլերի գնալու։ Եվ ընդհանրապես իշխանությունների անվճռականության արդյունքն է նաև ՍԴ ճգնաժամը, ինչը քոչարյանականների միակ հույսն է։ Իհարկե, սա այլ խոսակցության թեմա է։
Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ շարժումը միացում է ակնկալում, նույնպես անհեռանկար է, քոչարյանականները ոչինչ և ոչ ոքի էլ չեն կարող միացնել, հանրությունը առավել քան միասնական է և մերժել է քոչարյանասերժական ռեժիմը։ Իսկ մարտի մեկի մեղադրյալներին պատասխանատվության ենթարկելը հասարակական պահանջ է։ Քոչարյանը ոչ մի բնագավառում չի հաղթել և չի կարող հաղթել, հարստություն կուտակելը հաղթանակ չի ենթադրում։ Այնպես որ` շարժման անունը կարող են փոխել։ Քոչարյանի թողած հետագիծն է սարսափելի։ Հանգիստ նստեք Ձեր տեղը։
Ջավահիր Այվազյան