...

Քոչարյանն էլ էր սկսել իր կետից

Քոչարյանն էլ էր սկսել իր կետից

Ստիպված ենք դարձյալ վերադառնալ 1998թ.: 

Հակադրվելով ՀՀ առաջին նախագահին, Արցախի խնդրի լուծման ցայսօր միակ հայանպաստ ծրագրին՝ Ռ. Քոչարյանը սկսեց իր կետից: Ոչ մի թիզ հող չտալու գաղափարը դրոշ դարձրած՝ վերցրին իշխանությունը և 20 տարի ոչինչ չարեցին հանուն Հայաստանի և Արցախի: Օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները՝ բամբասանք, լրատվամիջոցներ, մտավորականության «ազգային» շերտ, գրպանային և ավանդական կուսակցություններ, Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը սեփականաշնոհեցին և ... այո՛, սեփականաշնորհեցին նաև շատ ու շատ անշարժ ու շարժական գույք Հայաստանում և Արցախում: 

Ռ. Քոչարյանն իշխանությունը զավթեց իբր հաղթողական լուծում բերելու խոստումով, բայց բանակցությունները շարունակեց՝ առևտրի առարկա դարձնելով արդեն Հայաստանի տարածքը: Մեղրիի տարբերակը, հուսով ենք, չեք մոռացել: Իրականում որդեգրել էին բանակցությունները ձգձգելու քաղաքականությունը, որովհետև շատ լավ հասկանում էին, որ դա է իշխանությունը պահելու հիմնական գրավականը: Բայց եկեք ենթադրենք, որ Ռոբերտ Քոչարյանն անկեղծ էր և իսկապես ուզում էր իրականացնել հաղթողական, ոչմիթիզական ծրագիր: Ենթադրենք անկեղծ էր, երբ իր արտգործնախարար Վ. Օսկանյանի բերանով հայտարարում էր, որ Հայաստանը 100 տարի էլ կզարգանա շրջափակման պայմաններում: Ուրեմն ի՞նչ պետք է աներ առաջին հերթին.

1. Պետք է ամրացներ սահմանները.
2. Պետք է հզորացներ բանակը.
3. Պետք է բնակեցներ ազատագրված տարածքները.
4. Պետք է կանխեր արտագաղթը Արցախից:

Ինչպե՞ս, կհարցնեք դուք: Մենք էլ ենք ուզում նույն հարցը տալ: Չէ՞ որ այս խնդիրները լուծելու համար միջոցներ էին պետք, իսկ Հայաստանը ո՛չ նավթ ունի, ո՛չ գազ, ո՛չ էլ նորմալ տնտեսություն: Քոչարյանական քարոզչությունը, իհարկե, մինչ օրս գովազդում է 2000-ականների տնտեսական «հրաշքը», որը, սակայն, որևէ կապ չունի իրականության հետ: Որովհետև

1. Հայաստանն իրականում ոչ թե զարգանում էր, այլ ուշքի էր գալիս երկրատև հյուծող պատերազմից հետո: Արդեն 94-95 թվականներին էր սկսվել տնտեսության վերականգնումը, լույսի և գազի խնդիրը լուծվում էր, մարդիկ սկսել էին մի քիչ ավելի լավ ապրել, քան պատերազմի ժամանակ: Սակայն տնտեսության լիարժեք վերելքի մասին խոսելը ծիծաղելի է, քանի որ ռեսուրսները խիստ սահմանափակ էին, իսկ կոռուպցիան՝ անսահմանափակ:

2. Հենց Քոչարյանն իրականացրեց «գույք պարտքի դիմաց» ամոթալի ծրագիրը: Մի՞թե տնտեսապես կայուն երկիրը կարող էր այսպիսի խայտառակություն թույլ տալ...

Իսկ բանա՞կը, չէ՞ որ այն ամենամարտունակն էր տարածաշրջանում: Պատասխանենք:

1. Դեռևս 2016-ի ապրիլին «պարզեցինք», թե ինչ վիճակում են մեր սահմանները, իսկ 2020-ի պատերազմն ապացուցեց, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները չեն մտածել անգամ խրամատների մասին: Չեն մտածել, թեև անդադար հոխորտացել են, թե ոչ մի թիզ հող չեն հանձնելու: 

2. Ցանկացած ծնող, որ բանակում որդի է ունեցել, շատ լավ գիտի, թե ինչպես էր ապահովում նրա հագուստը, հիգիենայի պարագաները, ուտելիքը: Կաշառքների մասին չենք խոսում: Այսինքն՝ մեր զինվորների համար քիչ թե շատ տանելի պայմաններ հաճախ ապահովում էին նրանց ծնողները: Պետությունն այս ծախսերից գրեթե ազատված էր: Զենքը քիչ էր, ժամանակակից չէր: Մարտունակ էինք միայն այդ երեխաների ոգու հաշվին...

Եվ վերջապես, քոչարյանական իշխանության տարիներին Արցախից հեռանում էին արցախցիները, չէին բնակեցվում ազատագրված տարածքները:

Եթե պահելու էիք հողը, այդ հողում ապրելու նորմալ պայմաններ ինչո՞ւ չէիք ստեղծում: 

Այս հարցերի պատասխանները քոչարյանականներից չենք ստանալու. նրանք շարունակելու են նույն ստերն ասել միայն մեկ նպատակով՝ նորից իշխանության գալու: Ի դեպ, Ռ. Քոչարյանի քարոզչությանն իր անգնահատելի նպաստն է բերում ներկա իշխանությունը: Սա էլ չմոռանանք...

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   759 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ