...

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արցախի

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արցախի

Ռոբերտ Քոչարյանի, ինչպես ցանկացած պատմական անհատի, գործունեությունը, իհարկե, համակողմանի քննության կարիք ունի։ Առաջին հերթին այդ ուսումնասիրությունը պետք կլիներ հենց իրեն, եթե նա իսկապես որոշել է զբաղվել քաղաքականությամբ։ Գուցե մեր «վոյինի» կերպարի անաչառ գնահատականը թույլ տար նրան և նրա կողմնակիցներին հասկանալ, թե ինչու հանրության մեծամասնությունը, որը, ի դեպ, բնավ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը չէ, չի սատարում Ռոբերտ Քոչարյանի անվան հետ զուգորդվող ընդդիմությանը։ Հասկանում ենք, որ Հայաստանում սեփական գործերի և դրանց հետևանքների անաչառ գնահատականը լսելու, ընկալելու կարողություն չունի քաղաքական «Օլիմպոսում» հայտնվածներից ոչ մեկը, և մեր առաջարկը ֆանտաստիկայի ժանրից է։ Սակայն այսօր դարձյալ կփորձենք ցույց տալ, թե ինչ հոգեբանական խնդիր «ծնեց» Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, խնդիր, որից անդադար բողոքում են հենց իր կողմնակիցները։ Ընդգծենք՝ սա «վոյինի» իշխանության բազում «ձեռքբերումներից» միայն մեկն է։

Եվ այսպես, 1997թ․ մեր «հերոսը» դարձավ Հայաստանի վարչապետ, իսկ 1998-ին, օգտագործելով Արցախյան խնդիրը, կարգվեց երկրի նախագահ։ Ի՞նչ արեց Ռոբերտ Քոչարյանը։ Նա «նախաձեռնեց» ղարաբաղյան «էլիտայի» ներգաղթը դեպի ՀՀ կառավարություն։ «Յուղոտ» պաշտոնները, իհարկե, վստահվում էին յուրայիններին, որոնց ծագումը դառնում էր հանրային քննարկումների առարկա։ 

Այս «ներգաղթը» գուցե ցավոտ չլիներ, եթե «եկվորները» ոտքից գլուխ չթաղվեին կոռուպցիայի մեջ։ Իսկ կոռուպցիան, ինչպես գիտենք, բնավ անմեղ բան չէ։ Կոռուպցիան, այն էլ Հայաստանի պես սահմանափակ ներուժով երկրներում, անպայման ուղեկցվում է հանրության տարբեր խմբերի իրավունքների ոտնահարմամբ։ Պարզ ասած՝ երբ մի փոքր խումբ ապօրինի հարստանում է, հասարակության մի ստվար մաս աղքատանում է։ Սա աքսիոմա է։ Եվ ահա, ցավոք, հասարակական գիտակցության մեջ ծնվեց և ամրապնդվեց «ղարաբաղյան կլան» բնորոշումը։ Ահա այդ կլանի հետ էին մարդիկ կապում երկրում իշխող անարդարության, ապօրինությունների, պաշտոնյաների և նրանց մտերիմների «բեսպրեդելը»։ 

Ռոբերտ Քոչարյանի օրոք կատարված քաղաքական սպանությունները՝ սկսած ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանից մինչև հոկտեմբերի 27-ի զոհերը, կապվում էին «ղարաբաղյան կլանի» գործունեության հետ։ Նշենք՝ բնավ չենք ուզում խախտել անմեղության կանխավարկածը, և ընդգծենք, որ խոսում ենք հանրության մեջ տիրող համոզմունքների մասին։

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը սկզբում՝ թաքուն, հետո արդեն բացահայտ դժգոհություն ծնեց, որ կապվում էր ղարաբաղցի պաշտոնյաների գործունեության հետ։ 

Եվ որքան էլ մեր հանրության գիտակից հատվածը ձգտում էր հեռու պահել Արցախն ու արցախցուն տեղայնական այս անտագոնիզմից, այն չէր կարող գոնե կենցաղային մակարդակում գոյություն չունենար։

Ուրեմն հայաստանցի-ղարաբաղցի հակադրության իրական ծնողը կամա-ակամա դարձավ հենց Ռոբերտ Քոչարյանը։ Նրա քաղաքական որոշ հակառակորդներ, «ընդդիմադիր» որոշ լրագրողներ, որոնք միշտ են խաղացել կենցաղային բամբասանքի դաշտում, շատ լավ օգտագործեցին ղարաբաղցի նախագահի տված առիթը։ Համոզված ենք՝ հայաստանյան այս բամբասանքը ձեռնտու էր նաև թշնամուն։ 

Հավելենք, որ քոչարյանականներն իրենք էին քաղաքական խոսույթի առարկա դարձնում հայաստանցի-ղարաբաղցի ողբերգական հակադրությունը՝ հակառակորդներին իբր ապազգայնության մեղադրանք ներկայացնելով, իսկ իրականում կրակի վրա յուղ լցնելով։

Գիտակցո՞ւմ է սա Ռոբերտ Քոչարյանը՝ չգիտենք։ Սակայն շարունակում է քաղաքական կոպիտ սխալներ անել՝ ապացուցելով այն կասկածը, որ իրականում նրան ոչ թե Արցախն է հետաքրքրում, այլ սեփական իշխանությունը, իսկ գուցե արդեն նույնիսկ դա չի հետաքրքրում, այլ մեկ ուրիշ բան․․․

Նրա «ծառայություններից» չէր կարող չօգտվել Նիկոլ Փաշինյանը։ Ռ․ Քոչարյանին դարձնելով թիվ 1 ընդդիմադիր՝ նա երկար ժամանակով ամրապնդեց իր իշխանությունը։ Եզրափակելով նշենք՝ քոչարյանականները, ներառյալ դաշնակցականներին, հաճույքով օգտագործվում են ազգակործան պատուհասի կողմից՝ Հայաստանն ու Արցախը տանելով նորանոր փորձությունների։

Զարուհի Գաբրիելյան 

(շարունակելի)                       

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   2113 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ