...

Քոչարյանն ինքն է իր հակաքարոզչության հեղինակը

Քոչարյանն ինքն է իր հակաքարոզչության հեղինակը

Վերջին օրերին քոչարյանական լրատվամիջոցները շատ են խոսում ներազգային թշնամանք հրահարելուց, բաժանարար գծերից: Իսկ ահա 7 օրը նկատել  է. «2008-ի մարտի 1-ին տեղի ունեցավ սահմանադրական կարգի տապալման փորձ։ Փորձը չստացվեց։ Իշխանությունը թույլ չտվեց, որպեսզի քիրվայականները, ներազգային թշնամանք հրահրելով («Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»), հասնեն իրենց նպատակին։ Ունեցանք 10 զոհ։ Հետագայում այդ զոհերը Լևոն Տեր-Պետրոսյանի համար դարձան շահարկման և առևտրի առարկա, իսկ բախումները հրահրած ու ապօրինությունները խրախուսած Նիկոլ Փաշինյանի համար՝ քաղաքական կարիերա անելու միջոց։ Տարիներ շարունակ մարդկանց կերակրում էին, թե, իբր, Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, նա է 10 զոհերի պատճառը, նա միլիարդավոր դոլարներ է թալանել և այլն, և այլն, և այլն» (7 օր. am 24,09. 2019թ): - անհանգստացել է մեկնաբանը։ Այնուհետև պարզաբանել է, որ Նիկոլը, Լևոնն ու իրենց շրջապատը տարիներ շարունակ ստել են։ Մարդկանց լկտիաբար խաբել են թե՛ սպանությունների, թե՛ գողացված միլիարդների մասին։  Հիմա արդեն պարզ է, չէ՞, թե որտեղից է հասարակության ատելությունն առ Քոչարյան: Մի փոքր ժպիտ և անցնենք առաջ: 

Ինչպես գիտենք զրպարտության, ստի, խաբելու, այն էլ լկտի խաբելու համար պիտի մարդկանց պատասխանատվության ենթարկեն, իրենց բարի համբավը արատավորելու համար, մանավանդ Քոչարյանն ունի հզոր փաստաբանական խումբ. ինչպես տեսնում ենք, նման բան չեն անում: Դեպքեր եղել են, որ Քոչարյանը լրատվամիջոցներին դատի է տվել: Սա ի միջի այլոց:

Փորձենք փարատել մեկնաբանի անհանգստությունը և հասկանալ, որ ոչ ոք չի կարող հեղինակազրկել մի մարդու, ով երկիր է ղեկավարել 10 տարի: Ենթադրվում է, որ գործունեությունը հրապարակային է եղել և սկսած անգրագետ Պողոսից (ներողություն, էն ժամանակ անգրագետ Պողոսը հայտնի չէր, ամեն ինչ որոշում էր թաղի խուժանը) մինչև գիտության դոկտոր քաջատեղյակ է, թե ինչ է կատարվել Հայոց աշխարհում: Իհարկե, Քոչարյանի նման երևույթի համար հակաքարոզչությունը պարզապես անիմաստ է, նրա ղեկավարած 10 տարիների ամեն մի օրը հակաքարոզչություն է եղել: Իհարկե, մենք չենք ասում, որ Քոչարյանը մարդասպան է, բայց ասում ենք, որ ղեկավարման տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների չբացահայտված սպանություններ են եղել, հոկտեմբերի 27 է եղել, և կազմակերպիչները չեն բացահայտվել, առանցքային վկաներից շատերն էլ կյանքից հեռացել են, էդ գործով դատապարտված, մասնագիտությամբ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը մահացել էր բանտում էլեկտրական սարքի հետ անզգույշ վարվելու պատճառով, մարդուն սխալ բարևելու համար Քոչարյանի կուկուները քացու տակ գցեցին և սպանեցին Պողոս Պողոսյանին և պատասխանատվության չենթարկվեցին: Իհարկե, մենք չենք ասում, որ Քոչարյանը գողացել է, բայց մենք ասում ենք, որ Քոչարյանը Երևան է եկել նախագահի աթոռն է զբաղեցրել, նույնիսկ մշտական գրանցում չի ունեցել, բիզնես չի ունեցել, ինչպես ինքն է ասում՝ զրոյից են սկսել, իսկ որդին էլ հայտարարում է, թե իրենք միլիոնատեր են, իսկ պատերազմող և շրջափակված երկրում բիզնես գործունեություն ծավալել և զրոյից միլիոնատեր դառնալ քչերին է հաջողվել: Քոչարյանին և իր մերձավորներին: Մենք նաև ասում ենք, որ երկրի ռազմավարական նշանակության օբյեկտները հանձնել է օտարին: Հանրության ատելության մի ծանրակշիռ փաստարկ ևս, որ Հյուսիսային պողոտա կառուցեց յուրայիններով՝ ունեզրկելով կենտրոնում ծնված և մեծացած քաղաքացուն: Բուզանդի փողոցում նախկինում ապրող քաղաքացուն քարոզ պե՞տք է, թե՞ ոչ: Իհարկե, ո՝չ: 

Իսկ հիմա մարտի մեկի մասին: Ինքներդ էլ տեսնում եք, որ մեկնաբանն ինքն է ասում, որ մարտի մեկին սահմանադրական տապալման փորձ է եղել, չի ստացվել, իշխանությունները թույլ չեն տվել որպեսզի քիրվայականները (քիրվան թուրքերենից թագմանաբար նշանակում է քավոր) ներազգային թշնամանք հրահրելով հասնեն իրենց նպատակին: Էդ երբվանի՞ց է խաղաղ հանրահավաքը սահմանադրական կարգի տապալում համարվում, երբ ՀՀ քաղաքացին դուրս էր եկել և պայքարում էր կեղծված ընտրություների համար, որ իշխանությունն էլ թույլ չի տվել, բայց ինչպե՞ս թույլ չի տվել, մեկնաբանը լռում է:

Իսկ իշխանությունը թույլ չտվեց՝ կրակելով խաղաղ ցուցարարների վրա: Ունեցանք 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ և մարդասպանների փոխարեն բանտերում հայտնվեցին շինծու մեղադրանքներով ընդիմության գործիչները, որոնց գործերը հերթով արդարացնում է ՄԻԵԴ-ը: Քարոզ պե՞տք է, թե՞ ոչ, իհարկե ո՝չ: Թե որտե՞ղ է Լևոն Տեր-Պետրոսյանը շահարկել, դարձյալ մեկնաբանը լռում է: Շահարկելու բան չկա, իսկ չեղած բանն ինչպե՞ս պիտի շահարկեր: Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը: Մարտի մեկը համարել քաղաքական կարիերա, պարզապես անիմաստ է: Ոչ ոք ներազգային թշնամանք չի հրահրել, պարզապես քաղաքացիներն իրենց քվեարկության արդյունքն էին պահանջում:

Իսկ երեկ հայտնաբերվել է 1999-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր վկայի կարգավիճակով: Միխայիլ Գորբաչովը կասեր՝ ու՞մ էր սա ձեռնտու:

Ջավահիր Այվազյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5200 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ