«Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել»:
Սա հատված էր ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հարզացրույցից՝ տրված «Հրապարակ» օրաթերթին:
«ՉԻ». Նախ պետք է չակերտների մեջ վերցնել Ռոբերտ Քոչարյանը, քանի որ գաղտնիք չէ՝ այսպիսի հարցազրույցները, որն իբրև տալիս է Քոչարյանը, իրականում գրում է Վիկտոր Սողոմոնյանը մի քանի այլ հեղինակների հետ միասին:
Ուրեմն՝ ճիշտ կլինի հակադարձել գրասենյակի ղեկավարին: Պարոն Սողոմոնյան, օրինակ, Գերմանիայի հասարակությունը ցնծում էր, երբ ընթանում էր Նյուրնբերգյան դատավարությունը: Եվ դրանից կարճ ժամանակ անց ստեղծվեց հզոր ու դինամիկ զարգացող պետություն:
Այո, հայաստանյան հասարակությունն ուրախանում է, որ տասը տարի անց արդարությունը վերականգնվում է: Ուրախ է, որ իր քվեն գողացողը ենթարկվում է քրեական պատասխանատվության: Ուրախ է, որ իրեն ունեզրկողի գույքի գոնե մի մասը կալանքի տակ է: Ուրախ է, որ դատարանների բռնաբարողը խոսում է իրավական անարդարությունից:
Իսկ Քոչարյանն ուրախ չէ՞ր լինի, եթե հայտնաբերվեր և քրեական պատասխանատվության ենթարկվեր իր տունը թալանողը: Դա բնական, մարդկային զգացում է: Մեկ տարին բավարար էր, որ Քոչարյանը հասկանար, թե ինչ ավերածություններ է գործել, և դեռ երկար ժամանակ է հասարակությունն ուրախանալու նրա կալանքով: Եվ վերջում, երբ Քոչարյանն էր իշխում, և ժողովուրդը ուրախ չէր, ինչ էր ստեղծվել. ուրախ էր միայն Քոչարյանը, և իր նեղ շրջապատը, որ «Լինսի» հիմնադրամի միջոցներից կարելի է լուրջ հարստություն դիզել: