...

Ռետրո. Ղարաբաղը, Ադրբեջանը, ԵԱՀԿ-ն

Ռետրո. Ղարաբաղը, Ադրբեջանը, ԵԱՀԿ-ն

Թե ինչպես է քայլ առ քայլ կերտվել Ղարաբաղյան հակամարտության մեր մեծ պարտությունը, ինչպիսի անհիմն համառությամբ են հայկական իշխանությունները դիմադրել միջազգային հանրությանը, ստորև ներկայացվող ՌԵՏՐՈ հոդվածն այդ թեմայով է։

Իրավիճակ

Վերջին քսանամյակի ամենահին հակամարտությունը` Ղարաբաղի ինքնորոշումն ու անկախության հռչակումը Ադրբեջանից, ծամում-ծամծմվում է տասնամյակ առ տասնամյակ։ Այդ ընթացքում սերունդներ են գալիս ու գնում, քաղաքական անցքեր են տեղի ունենում, համաշխարհային ու աշխարհաքաղաքական աղետներ փոթորկվում, իսկ Ղարաբաղը մնում է, հարցը մնում է նույն հանգույցում։

Ընդամենն օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում «ղարաբաղյան հակամարտություն» կամ «հայ-ադրբեջանական հակամարտություն» տերմինը փոխարինել է «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն» տերմինով։ «... Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է։ Այդուհանդերձ, մենք ցանկանում ենք խաղաղ կարգավորում բոլոր կողմերի համար», - գրել է ամերիկացի համանախագահը։

Մանավանդ ու նամանավանդ Ղրիմ-ՄԱԿ-Հայաստան-ՌԴ սկանդալային շարանի շրջանակներում, սա ինչ-որ տարօրինակ, այսպես ասենք` «բառային» ակտիվություն է թվում։ «Հարցի ճիշտ ձևակերպումը նախանշում է հարցի լուծումը։ Այնքան ժամանակ, որ մենք պնդում էինք, որ սա ոչ թե հայ-ադրբեջանական հակամարտություն է, որովհետև նման տերմինաբանությունն ընդհանրապես փոխում է էությունը։ Նախ կողմերն են տարբեր՝ Հայաստան, Ադրբեջան։ Երկրորդը՝ դա ցույց է տալիս երկու ազգերի միջև հակամարտություն։ Իսկ երբ ներկայացնում եք ադրբեջանա-ղարաբաղյան, սա արդեն ավելի կոնկրետ է, սա արդեն ավելի ճիշտ է թե՛ քաղաքական առումով, թե՛ բոլոր այլ տեսանկյուններից։ Որովհետև հակամարտությունը Ադրբեջանի կողմից պարտադրվել է Արցախին, և այս հակամարտությունը պիտի լուծվի։ Կարծում եմ, որ Ուորլիքի նկատառումը չափազանց կարևոր է, պատմական է նույնիսկ, քանի որ սա արդեն նշանակում է, որ պիտի համապատասխան քայլեր իրականացվեն, որպեսզի հակամարտության կարգավորումն ընթանա ճիշտ ուղղությամբ»` ահա պաշտոնական Ստեփանակերտի  հայտարարությունը։ Ստեփանակերտը պատմական իրադարձություն է համարել Ուորլիքի այս «լեզվասայթաքումը»։ 

Հազիվ թե մենք պատմական բնորոշումը կտանք Ուորլիքի խոսքերին, այլ միայն կասենք, որ այո, ողջունելի են, և ամենևին պատահաբար չեն ասվել ու ասվել են ՀԱՏԿԱՊԵՍ վերոհիշյալ «ՂՐԻՄԻ» շրջանակներում։ Մենք միայն համեստաբար ու խոհեմաբար կհիշեցնենք, որ «նույն» ամերիկացիների հորդորներին անսալով, Հայաստանի երկու հանճարեղագույն արտաքին քաղաքական փորձագետների` Ռ. Քոչարյանի և Վ. Օսկանյանի թեթևագույն ձեռքով էր Հայաստանը դարձել այս հակամարտության կողմ և մոռացության մատնվել Ղարաբաղի` որպես ազգային քաղաքական անկլավի քաղաքական սուբյեկտ լինելը, ընդդեմ Ադրբեջանի հակամարտության կողմ լինելը։ Նույն փորձագետների ձեռքով ու գրչով ազատագրված տարածքները կնքվել էին որպես գրավյալ, բռնազավթված... Այ դա հաստատ «պատմական» իրադարձություն էր, որ տեղի էր ունեցել ԵԱՀԿ ղեկավարների (ի բացառյալ թերևս Ռուսաստանի) և ԱՄՆ ղեկավարների հորդորներով, ու տեղի էր ունեցել խոստման դիմաց, թե հենց «մերոնք» խոստովանեն, Ղարաբաղի հարցը լուծվում է։ Հմուտ փորձագետներս դրանով ջուրն էին թափել մինչ այդ չարչարանքով ձեռք բերած Տեր-Պետրոսյանի կառավարության ծանրագույն հաջողությունը ու հաստատ կարծիք կա` քայլն անելու հիմնական պատճառը Քոչարյանի «ինադն» էր։ Նույն ինադին նույն ժամանակ «զոհ գնաց» ու խամրեց հայտնի քաղաքական փաստաթուղթը, որ Հեյդար Ալիևիչ Ալիևը ստորագրել էր ՀԱՆՈՒՆ հենց իր խնդրանքով իսկ հրադադարի հաստատման։ 1994-ին։

Եվ այն օրերից մինչև վերջերս միայն պաշտոնական Ստեփանակերտն էր շարունակաբար պնդում ԻՐ` հակամարտության կողմ լինելը, և Ադրբեջանի տխրահռչակ ջանքերը` Հայաստանին կոնֆլիկտի մեջ ներքաշելու ուղղությամբ։ «Վերջերս» Սերժ Սարգսյանը, այլևս չունենալով փաստարկային այլ ռեսուրս, քայլեր արեց` վերադառնալու իննսունականների առողջ դոկտրինին։

Մենք թվիթերյան սայթաքումը ԳՈՒՑԵ պատահականություն համարեինք, եթե Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը ֆեյսբուքյան իր էջում չգրեր, թե մինչև այժմ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության` դիվանագիտական ճանապարհով լուծման նկատմամբ լուրջ շահագրգռություն չի ցուցաբերել։ Կոզլարիչը, վերլուծելով Ղրիմի իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը, համոզմունք է հայտնել, թե Բաքուն այսուհետ փորձելու է խաղարկել ռուսական խաղաքարտը պետքարտուղար Քերիի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում իր դիրքորշմանն աջակցություն ստանալու համար։ Ինչը դեսպանը համարում է վտանգավոր խայծ ԱՄՆ-ի համար։

Ադրբեջանը միշտ է դժգոհ թե՛ ԵԱՀԿ-ից, թե՛ Մինսկի խմբից։ Ադաթով է դժգոհ։ ՆՐԱՆՑ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի առաջ բողոքի ակցիա է անցկացրել՝ ընդդեմ համանախագահների գործունեության, ովքեր, ցուցարարների խոսքերով, «22 տարիների ընթացքում չեն կարողացել լուծել Ղարաբաղյան հակամարտությունը»։ Ադրբեջանը, փաստորեն, ըստ սցենարի, «օպերատիվ» է արձագանքում զարգացումներին։ Ի դեպ ասեմ, չնայած ԵԱՀԿ-ից մեր շատ ավելի խորն ու պատճառաբանված դժգոհությանը, այդ թվում` Ղարաբաղի հարցով, ցավալիորեն համաձայն եմ վերը բերված գնահատականներին, որ ադրբեջանցիք որևէ ռեալ քայլ չեն արել` լուծելու կոնֆլիկտը։ Նրանց ընկալմամբ, նրանց միակ տրամաբանությամբ լուծումը Ղարաբաղի անեքսիան է իրենց կողմից և «փախստականների վերադարձը իրենց բնակության վայրերը», որ նրանք պատկերացնում են միայն ադրբեջանցի փախստականների առանձնացված մասով։

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ամենաբարդ խնդիրներից մեկը տարածաշրջանում Ղարաբաղյան հակամարտության համար կայուն քաղաքական կարգավորման ուղիներ գտնելն է։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ի 2013 թվականն ամփոփող զեկույցում, որը երեքշաբթի օրը տեղադրվել է կազմակերպության պաշտոնական կայքէջում։ 

Իրականում ուզում ենք ցուցանել, որ ամերիկյան այս «անակնկալ» ակտիվացումը բավական իմաստուն, թեև շատ ու շատ ուշացած քայլ է` ռևերանս ուղղված Հայաստանին։ Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի գործերի նկատմամբ տարիներ շարունակ որդեգրած ամորֆ ու անսեռ դիտարկումային քաղաքականությունը, որ բերել է այսօրվա տարածաշրջանային իրավիճակին, հուսանք ԱՄՆ-ին հանգեցրել է որոշ լուրջ եզրակացությունների։ Ուշացած, բայց հանգեցրել է։

Իր հերթին, որպես արձագանք դիվանագետի թվիթերին` Ղարաբաղին առաջարկում ենք քննարկել ոչ հայկական ինքնանվանումը բարեհունչ ու բարետես հայկական-միջազգային անվամբ շտապ փոխարինելու անհրաժեշությունը։ Հաստատ օգուտ կտա։

Ավետ Էվոյան

«Չորրորդ իշխանություն», 3 ապրիլի, 2014թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ