...

ՌԵՏՐՈ. Ով է իրականում ծախում Ղարաբաղը

ՌԵՏՐՈ. Ով է իրականում ծախում Ղարաբաղը

ՍՏԱՏՈՒՍ

Հայկական մամուլում տպագրվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները՝ «փուլայինը», «փաթեթայինը» և «ընդհանուր պետությունը»: Թվում էր՝ հրապարակումները պայթած ռումբի ազդեցություն կունենան: Ամենևին: Այս անգամ նույնպես ճիշտ էր հաշվարկել Ռոբերտ Քոչարյանը՝ հույսը դնելով ժողովրդի կարճ հիշողության ու քաղաքական կուսակցությունների կոնյուկտուրային մորթապաշտության վրա: Ժողովրդի հիշողությունը թարմացնելու ունակ ուժերը ոչնչացված կամ մեկուսացված են, իսկ կուսակցությունները նպատակահարմար են համարում լավագույն դեպքում որևէ թերթում մեղմորեն բողոքել «ընդհանուր պետության» դեմ, հետո թերթի այդ համարը սրբորեն պահել չուլանի հեռավոր անկյունում. մարդ ես, կարող է իշխանությունները հանկարծ փոխվեն, և իրենց այդ խուլուհամր բողոքը պետք կգա: 

Հարկ ենք համարում ընթերցողների ուշադրությանը ներկայացնել «փաթեթային տարբերակի» և «ընդհանուր պետության» առաջարկների այն հատվածները, որոնք անմիջապես վերաբերում են Լեռնային Ղարաբաղի ստատուսի տարբերակին: Հիշեցնենք, որ «փաթեթային տարբերակը» ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ու իր զինակիցները ներկայացրեցին որպես «դավաճանական» ու այդ պատրվակով պալատական հեղաշրջում իրականացնելով՝ հասան իշխանության, որից հետո ընդունեցին «ընդհանուր պետության» առաջարկները: 

Ակնհայտ է, որ «ընդհանուր պետությունը» ոչնչով ավելի նպաստավոր չէ, քան «փաթեթային տարբերակը»: Ինչ վերաբերում է բուն կարգավիճակին, ապա երկու փաստաթղթերում էլ ձևակերպումը գրեթե նույնն է. «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է պետական և տարածքային կազմավորում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ընդունված սահմաններում»: Բայց բանն այն է, որ 97 թ. , երբ Հայաստանն ընդունում էր «փաթեթային տարբերակը», վերապահում արվեց, որ այդ կետը միանշանակորեն անընդունելի է: Ընդունելով «ընդհանուր պետության» առաջարկները՝ Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ այդ կետի մասին ոչ մի վերապահում չարեց: 

Եվս մի կարևոր հանգամանք: 1997թ. Ադրբեջանն ընդունեց փաթեթային տարբերակը, իսկ հետո մերժեց «ընդհանուր պետությունը», որն իր համար ավելի նպաստավոր էր: Ինչո՞ւ: Պատճառը միակն է՝ 97-ին Հայաստանի դիրքերը շատ ավելի ամուր էին, քան հիմա: Այլ կերպ ասած, Ադրբեջանը հիմա ավելի շատ բան է ուզում: Եվ գնալով մեծացնելու է իր պահանջները, որովհետև Հայաստանի տնտեսական անկման նման տեմպերը բերելու են դրան: 

Ժամանակը սկսեց ցույց տալ, թե իրականում ով է ծախում Ղարաբաղը:

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ 

«Չորրորդ իշխանություն», թիվ 158, փետրվարի 28, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ