«Որքան էլ վարչապետը իրեն պատռի պարտված պատերազմի և Արցախի հայաթափման պատասխանատվությունից խուսափելու համար, այն, միևնույն է, ամբողջությամբ իր խղճին է։ Ցավոք, խիղճը տանջում է ոչ թե նրանց, ում պետք է, այլ նրանց, ովքեր խիղճ ունեն», հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Նիկոլ Փաշինյանը, իհարկե, պարտված պատերազմի ու Արցախի հայաթափման համար վաղ թե ուշ կանգնելու է դատարանի առաջ, ու եթե առ այսօր չի կանգնել՝ պատճառներից մեկն էլ այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ինքն իրեն հռչակել է նրա «գլխավոր այլընտրանք»։
Ինչ վերաբերում է խիղճ ունենալուն, ապա Քոչարյանն իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագրում նման «ունեցվածք» չի նշել։ Ընդամենը 4 միլիոն դոլար է նշել, մեկ էլ՝ մի երկու «մանր-մունր» անշարժ գույք։ «Երկրորդ նախագահի գրասենյակն» էլ, ի դեպ, գտնվում է իր հետ հեչ կապ չունեցող «Էրեբունի» հյուրանոցում։ Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե Քոչարյանը խիղճ չունի։ Ունի՛։ Պարզապես դրա մի մասը գրավադրված է իր ու իր ընտանիքի հետ հեչ կապ չունեցող «Արցախբանկում» և «Կոնվերսբանկում», մի մասն ապահովագրված է «Նաիրի Ինշուրանսում», որոշ մասեր բաժնետոմսերի տեսքով տեղաբաշխված են «Կոնգրես» հյուրանոցում, «Տոյոտա Երևան» ընկերությունում, «Նաիրի» բժշկական կենտրոնում, Հյուսիսային պողոտայում, «Կապուտակ Սևանում», Տանզանիայի ադամանդի հանքերում, հունական կղզիներում․․․ Եվ այս ահռելի խիղճը, անկասկած, ամեն օր տանջում է Քոչարյանին։