«Արդյոք մեր զորքերը մտե՞լ էին Գետաշեն և Շահումյան:
Արդյոք հօ՞դս է ցնդել Գյանջայի օդանավակայանը:
Ինչո՞ւ և ո՞ւմ որոշմամբ հոկտեմբերի 19-ին չդադարեց պատերազմը:
Եվ վերջապես ինչպե՞ս մեդիադաշտում նախապատրաստվեց և հանձնվեց Շուշին:
Այս ֆիլմը նրա մասին է, թե ինչպես 44 օր մենք վստահ էինք, որ հաղթելու ենք, իսկ 45-րդ օրը պարզվեց՝ պարտվեցինք»:
Ահա այն հարցերը, որոնք տալիս է Ռուբեն Մխիթարյանն իր ֆիլմի սկզբում և փորձում դրանց պատասխանել:
Այս հարցերը և էլի բազում հարցեր է տալիս ամեն օր, ամեն ժամ մեզնից յուրաքանչյուրը և փորձում պատասխանել: Անշուշտ, ֆիլմն արժեքավոր է, արժեքավոր է նախ և առաջ օգտագործված փաստական նյութով, դրա դասակարգմամբ: Արժե դիտել և խորհել: Արժե, որ դիտեն մանավանդ ներկա և ապագա իշխանավորները, դիտեն ու հասկանան, որ սուտը, այն էլ այսպիսի սուտը ինքնին աղետ է:
Ասենք, որ ֆիլմը կշահեր առանց պաթետիկ վերջաբանի: Ցավոք, լեզվական ծեծված կլիշեներից զերծ չի մնացել շնորհալի հեղինակը՝ տուրք տալով քաղաքական այն թիմի քարոզչությանը, որի շարքերում երևացել է:
Ասենք նաև, որ 44-օրյա և հետագա ստերը, որոնց պակասը չկա հայկական քաղաքականացված մեդիադաշտում, վտանգավոր են թե՛ հանրության, թե՛ երկրի գոյության համար:
Հատկապես պատերազմական օրերի հրեշավոր սուտն է անվստահություն և տագնապ ծնել հասարակության շրջանում: Մարդիկ այսօր չեն վստահում ոչ ոքի, անգամ իրենք իրենց, որովհետև որպես օրինապաշտ քաղաքացիներ փորձում էին հավատալ պաշտոնական տեղեկատվությանը: Եվ քանի որ շատերի համար պաշտոնական տեղեկատվությունը նույնանում է պետության հետ, մարդիկ չեն հավատում սեփական պետությանը: Ուստի սուտը ինքնին դավաճանություն է: