...

Ռուսաստանի՞ց ինչու չեք պահանջում

Ռուսաստանի՞ց ինչու չեք պահանջում

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանը 9 տարի առաջ խոսում էր այդ պահին ընդդիմադիր պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումից՝ տալով իր կոնկրետ որակումները: Դեսպանը չէր կաշկանդվում «պետության ներքին գործ» ձևակերպումից:

Հիշեցնեմ՝ Հայաստանը միակ Եվրոպական երկիրն է, որտեղ ընդդիմադիր երեք պատգամավոր ապօրինաբար կալանավորված են, ավելին՝ առանց ԱԺ համաձայնության: Իսկ ԱՄՆ դեսպանը, Եվրոպական երկրների դեսպանները վճռական լռության մեջ են»:

«ՉԻ». Որոշ փաստաբաններ իրենց հոնորարի համար կարող են պնդել, որ մածունը սև է: Հաստատ մի քանի այդպիսի փաստաբանների Վարդևանյանը կճանաչի: Բայց Եվրոպան կամ Միացյալ Նահանգները չեն կարող պնդել, որ շատ էլ ճիշտ է արել Չարչյանը՝ ստիպելով իր աշխատողներին գնալ և ընտրել Քոչարյանին կամ «Հայաստան» դաշինքին: Նույնը նաև համայնքի հողերը ապօրինի օտարած Մեղրու ու Սիսիանի քաղաքապետերի մասով:

ԱՄՆ-ը և Եվրոպան մեղք չունեն, որ դաշինքի նախընտրական ցուցակը համալրել էիք այնպիսի դեմքերով ու դեպքերով, որոնց համար Քրեական օրենսգիրքը պարզապես «լացում է»: Թե՞ ձեզ թվում է, որ Հայաստանում հավատարմագրված դեսպանները մեր երկրի մասին տեղեկություններ ստանում են միայն «5-րդ ալիք» նայելով:

Եթե Օսկանյանը հանցագործություն էր արել և դրա համար չդատապարտվեց, առաջնահերթ պետք է մեղադրել ոչ թե ԱՄՆ-ին կամ Եվրոպային, այլ ներկայիս դաշնակից Սերժ Սարգսյանին, Ապարանում «Հայաստան» դաշինքի համար քարոզչություն իրականացնող այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ներկայումս ձեր թիմում գտնվող մի շարք այլ նախկին պաշտոնյաների:

Հ.Գ. Եվ վերջապես կարևոր չէ, թե ինչու ժամանակին Ռուսաստանը ձայն չի հանել Օսկանյանի համար: Ճիշտ կլինի, եթե Վարդևանյանը մի քանի խայթոցներ էլ հասցեագրի այդ երկրին: Օրինակ՝ Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան վերացնի այդ երկրի գլխավոր ընդդիմադիր Մեդվեչուկի տնային կալանքը: Կարող է նույնը անել նաև «Հայաստան» դաշինքի համար: Թե՞ «սլաբո» է Ռուսաստանից որևէ բան պահանջելը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   699 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ