Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով Ադրբեջանի ռազմական գործողություններին Արցախում՝ ասել է. «Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս տեղի ունեցած շփումների արդյունքում համապատասխան հայտարարություն կարվի արտաքին գործերի նախարարության գծով»:
«ՉԻ». Հիմա որ համացանցը նայեք, պայթում է ռուսների հասցեին հայհոյանքներից ու անեծքներից: Ավելի կոնկրետ՝ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսների: Իսկ եթե ավելի կոնկրետ՝ Արցախում խաղաղապահ առաքելություն չիրականացնող ռուսների:
Առայժմ ձեն-ձուն չկա, թե ինչ են պատրաստվում անել խաղաղապահ ուժերը: Բացի նրանից, որ շփումներ են լինելու:
Արդեն տեղեկություններ են տարածվում, որ հենց ռուսներն են ադրբեջանցիներին փոխանցել արցախյան ռազմական ստորաբաժանումների դիրքերի, տեխնիկայի տեղակայման կոորդինատները: Ճիշտ է դա, թե ոչ, չգիտենք, բայց փաստ է, որ ադրբեջանական բանակը հրթիռային ճշգրիտ հարվածներ է հասցնում մեր դիրքերին:
Մեծ հավանականությամբ, Ադրբեջանի այս նոր ագրեսիայի մասին ռուսական կողմը նախօրոք տեղյակ է եղել: Այսինքն՝ Ադրբեջանի ՊՆ-ն դրա մասին հայտարարել է: Ու հիմա մի կողմ է քաշվել: Մեր կանխատեսած «Կոլցո-2» օպերացիան սկսվել է: