...

Սա էլ հո դո՛ւք եք ասել

Սա էլ հո դո՛ւք եք ասել

Դաշնակցական, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Էդիկ Անդրեասյանը գրել է. «Չեմ կարող միանշանակ պնդել, որ Արայիկ Հարությունյանի` ազիկների ձեռքում հայտնվելը կվնասի Արցախին: Չի բացառվում, որ դա նույնիսկ նպաստի, որ Արցախի մասին հիշեն աշխարհում, Արայիկ Հարությունյանի լուսանկարը հայտնվի խոշորագույն թերթերի առաջին էջերում»:

«ՉԻ». Համացանցում պարբերաբար մի նամակ է տարածվում, որ 1918 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նամակ է ուղարկվել Օսմանյան կառավարության զինվորական մինիստր Էնվեր փաշային՝ Անդրանիկ Փաշային «վերջնականապես ջախջախելու» խնդրանքով:

Դաշնակները սա հերքում են, ասում են՝ սուտ է, սա կեղծված նամակ է: Օքեյ, բայց էս էլ հո սարքված չէ՞: Թե՞ տարիներ անց սա էլ եք հերքելու, որ ձեր անդամը դեմ չի եղել, որպեսզի Արայիկ Հարությունյանը հայտնվի ադրբեջանցիների ձեռքում: Ասելու եք՝ կեղծ հոդված է:

Օրերս Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել Հայաստանի նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ինչպիսին էլ լիներ մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ, բնականաբար, մենք Հայաստան պետությունից, իշխանություններից, արտգործնախարարությունից այս հարցում ակնկալում էինք կոշտ և անհրաժեշտության դեպքում նաև համարժեք արձագանք, որովհետև սա արդեն ոչ թե անձերի խնդիր է, այլ երկրի անվտանգության, հեղինակության, պետականության ամրության: 

Իսկ դաշնակներն այդպես չեն մտածում: Մտածում են դիտումների և լայքերի մասին, որոնք կշատանան, եթե Արայիկ Հարությունյանը հայտնվի Ադրբեջանի ձեռքերում: Ահագին օգուտներ կքաղեն դրանից, Բրյուսելում ու Լոսում միտինգներ կկազմակերպեն՝ ի պաշտպանություն Արայիկ Հարությունյանի: Բա ո՞նց:

Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե Արայիկ Հարությունյանին Բաքվի բանտում տեսնելու երազանք հայտներ որևէ քպ-ական: Պայ-պայ-պայ: Դաշնակների և քոչարյանականների վժժոցը աշխարհով մեկ կխլացներ Ուկրաինայի թեման: Էդիկ Անդրեասյանը կգրեր, որ միայն թուրքի լամուկը նման միտք կհայտներ, Անդրանիկ Թևանյանը կբացահայտեր այդ քպ-ականների թուրք-սորոսական գործակալ լինելը, Նաիրա Զոհրաբյանը ոստիկանական շղթան կճեղքեր, որպեսզի թքեր այդ քպ-ականի ճակատին: 

Այո, ափսոս, որ Էդիկ Անդրեասյանը քպ-ական չէ: Ի՜նչ վերնագրեր են կորչում, ի՜նչ վերնագրեր: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1574 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ