Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը` անդրադառնալով Ապրիլյան պատերազմին, ասել էր. «Ինչքան էլ ուզում ենք ասել, որ հաղթել ենք, թե ինչ ենք արել, մենք տարածք ենք կորցրել, իսկ տարածք կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին: Այն ամբողջը, որ ներկայացնում են, որ մեր ուժերը կարողացան կանգնեցնել հակառակորդի մեծ պատերազմը, իրականության հետ չի համապատասխանում, դա ուղղակի բառախաղեր են, որ անում են ու փորձում դրանով արդարանալ: Փաստը նա է, որ այո, այդ 21 դիրքը իրոք կորցրել են, դա փաստ է, և տարածքներ ենք կորցրել: Դրանով եթե կհամարեք, որ դա հաղթանակ է, թող համարեն, ովքեր այդ ձև են մտածում»:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ՝ արձագանքելով Սամվել Բաբայանի խոսքերին, ասել է. «Սամվել Բաբայանի կողմից տարածվող թեզերը գրեթե ոչնչով չէին տարբերվում Ապրիլյան պատերազմի հետ կապված ադրբեջանական պրոպագանդայի թեզերից: Սամվել Բաբայանը ոչինչ չի հասկանում արտաքին հարաբերություններից, դիվանագիտությունից, և իր պատկերացումներն Արցախյան բանակցությունների մասին, մեղմ ասած, խղճուկ են և աղքատիկ»:
«ՉԻ». Չմեռանք, դա էլ տեսանք. Սամվել Բաբայանին էլ համարեցին ադրբեջանական ջրաղացին ջուր լցնող: Աշոտյանի տրամաբանությունը հզոր է. ով ասում է, թե ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել, ուրեմն ադրբեջանամետ է:
Այսինքն, եթե Ադրբեջանը մի ամբողջ շրջան գրավեր, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարեր, որ իրականում մենք հաղթել ենք, ստիպված պիտի ասեինք, որ հա, հաղթել ենք, հակառակ դեպքում մենք Ադրբեջանի ջրաղացին ջուր կլցնեինք, քանի որ իրենք էին ասելու, որ հաղթել են:
Ընդ որում, ինչն է հետաքրքիր. Սամվել Բաբայանը ապրիլյան պատերազմի մասին խոսում է զուտ ռազմական տեսանկյունից, իսկ Արմեն Աշոտյանն ասում է՝ դու դիվանագիտությունից ու Արցախյան բանակցություններից բան չես հասկանում: Բանակում չծառայած անձնավորությունն է ասում:
Այսինքն, Աշոտյանը որտեղի՞ց իմանա, որ երբ ինքը դեռ նոր առաջին քայլերն էր անում կուսնոմենկլատուրայի հարթակներում, Սամվել Բաբայանը անձամբ է բանակցություններ վարել ադրբեջանցիների հետ (տեսանյութը կցում ենք), տեղյակ է եղել բանակցային գործընթացից, մասնակցել է ՀՀ և Արցախի Անվտանգության Խորհուրդների համատեղ նիստերին, որտեղ քննարկվել է բանակցությունների ընթացքը:
Բայց զգում ե՞ք, հենց սրանք ասելիք չեն ունենում, անմիջապես Ադրբեջանի ջրաղացին են օգնության կանչում: