ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ
2020 թվականն է:
Ինքը Արփինե Հովհաննիսյանի հետ թևանցուկ քայլում է Երևանի փողոցներով: Ժամանակ առ ժամանակ վանկարկում են՝ «Վերջ ռեպրեսիոն և էքսպրոպրիացիոն համակարգին»: Հաշվի առնելով որոշակի օբյեկտիվ պատճառներ` նա միայն արտասանում է՝ «Վերջ ..... համակարգին»: Վանկարկումների միջակայքում ինքը մոտենում է մայթեզրերին կանգնած քաղաքացիներին և ներողություն խնդրում ռեժիմի ապօրինությունների և բռնաճնշումների համար:
Պատկերը փոխվում է:
Կոստյա Տեր-Նակալյանը հայտարարում է. «Այժմ ելույթ կունենա հեղափոխությունների վետերան, մեր կամանդիր Սասուն Միքայելյանը»: Ի զարմանս իրեն` Զարուհի Փոստանջյանը ոչ միայն չի խանգարում, այլև օգնում է բարձրանալ բեմ: «Ժողովուրդ ջան, այս շարժումն ավելի կարևոր ա, քան Արցախի ազատամարտը: Այս շարժումն ավելի կարևոր ա, քան 2018 թվի հեղափոխությունը: Այս շարժումը հնարավորություն կտա մեզ իրականացնել մեր մանկության բոլոր երազանքները»: Արփինե Հովհաննիսյանը տեսնում է, որ կարող է ավելի հեռուն գնացող հայտարարություններ անի, փորձում է ձեռքից խլել բարձրախոսը:
Ինքը վրդովված իջնում է բեմից և շշով հարվածում Բազազի գլխին: Թևերը ոլորում են ու տանում ոստիկանություն: Ավտոբուսի մեջ ինքը ոստիկաններին պատմում է, որ Ալիկ Սարգսյանն իր ընկերն է, Վովա Գասպարյանն իր ընկերն է, Վալերի Օսիպյանն իր ընկերն է: Նրան փոխանցում են, որ նրանցից ոչ մեկը չի աշխատում: «Հա լավ, հիշեցի ոստիկանության պետը ժամանակավոր պաշտոնակատար է, անունը չեմ հիշում, բայց իմ հարյուր տարվա ընկերն է»:
Արթնանում է համհարզի զանգից. «Կամանդիր զարթնի, ոստիկանությունից զանգին, Սերժին են ձերբակալել, վռազ պետք ա ներողություն խնդրող ու իրան ընկեր ճանաչող»: