«Ես համոզված եմ, որ Արսեն Թորոսյանը դատվելու է Նյուրնբերգյան կոնվենցիային համապատասխան. կլինի, կտեսնեք: Դատվելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որովհետև Համաշխարհային բանկի թվերով, եթե երկրի ՀՆԱ-ն իջնում է 10 տոկոսով, դա հանգեցնում է բնակչության 2 տոկոսով նվազեցման, իսկ ՀՀ-ում ՀՆԱ-ն իջել է 10 տոկոսով, հետևաբար, դա նշանակում է, որ աղքատությունից կմահանա 50 հազար մարդ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«ՉԻ». Սա արդեն չափազանց է անգամ Կարեն Վարդանյանի համար: Բավական չէ, որ հակագիտական և հակատրամաբանական թեզերի տիրաժավորմամբ է զբաղված, որոնք կարող են նորանոր մահերի պատճառ դառնալ, հիմա էլ սկսել է համաշխարհային տնտեսություն և միջազգային իրավունք վերլուծել:
Կարեն Վարդանյանի խոսքից հետևում է, որ Միացյալ նահանգները և Չինաստանը իզուր էլ վիճում են, թե որ երկիրն է վիրուսի ստեղծման հայրենիքը: Վարդանյանը գտել է մեղավորին՝ Արսեն Թորոսյանն է ստեղծել կորոնավիրուսը, տարածել աշխարհով մեկ, իհարկե, չմոռանալով հայրենիքի մասին: Եվ այսքանից հետո նեղանում է, որ իրեն լուրջ չեն ընդունում:
Ինչ վերաբերում է համաշխարհային տնտեսությանը: Աշխարհի առաջատար տնտեսական վերլուծական կենտրոնները դեռ չունեն տվյալներ, թե որքան անկում կապրի համաշխարհային տնտեսությունը: Բայց Կարեն Վարդանյանը հաշվել է և ունի ստույգ տվյալներ:
Այն, որ համաշխարհային տնտեսությունը անկում է ապրելու, կասկած չի հարուցում, սակայն աշխարհում չի լինելու գեթ մեկ պետություն, որ կշրջանցի դա: Ուրեմն, ըստ Վարդանյանի տրամաբանության, աշխարհի 230 պետությունների ղեկավարները ծախված են և պետք է դատվեն: Այս միտքը անպայման պետք է հասնի Գրետա Թումբերգին: Աղջնակը հաստատ նոր հմայք կհաղորդի Վարդանյանի մտքի թռիչքին:
2008 թվականի տնտեսական ճգնաժամի արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվեց 14 տոկոսով: Չեք գտնի գեթ մեկ մեղսունակ անձնավորություն, որ պնդի, թե այդ ժամանակ սովից մահացավ 70000 հազար մարդ: Սերժ Սարգսյանի բախտը բերել է, որ այդ ժամանակ Կարեն Վարդանյանը չարացած չի եղել իշխանությունների վրա: