...

Սերժ Սարգսյանը նույնպես գերադասեց պոպուլիզմը

Սերժ Սարգսյանը նույնպես գերադասեց պոպուլիզմը

ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը ահագին մարդու դուր էր եկել։ Շատերը հրճվել էին «նախրի միջից ամենաբարձր զռռացող էշի ճակատը պաչելու» համեմատությունից, ուրիշներին դուր էր եկել, որ նա «անկեղծորեն» նաև իր սխալներն է ընդունում՝ հանդուրժող են եղել կոռուպցիայի նկատմամբ, ժողովրդի սպասելիքները չեն արդարացրել, կուսակցությունը լցվել է պատեհապաշտներով, փոփոխությունները դանդաղ են եղել, և այլն։ Բայց արդյո՞ք հասարակությունն ա՛յդ ինքնախոստովանությանն էր սպասում։ Հազիվ թե, որովհետև նրա այդ «մեղայականը» գուցե տեղին կլիներ 2-3 տարի առաջ, բայց 44-օրյա պատերազմից ու Արցախի մեծ մասի կորստից հետո մարդիկ նրանից այլ հարցի պատասխան էին ակնկալում՝ չի՞ փոշմանել, որ 1997-98-ին մասնակցել է պալատական հեղաշրջմանը, ու հիմա է՞լ է կարծում, որ կարգավորման այն ժամանակվա առաջարկները մերժելը ճիշտ էր, իսկ ժամանակը մեր օգտին էր աշխատում, ու Հայաստանը «դեռ 100 տարի կարող էր զարգանալ շրջափակման պայմաններում»։ 

Այս հարցերի պատասխանն ուղղակիորեն չտրվեց, բայց ելույթից ընդհանուր տպավորությունն այն էր, որ նա, որքան էլ ներքուստ համոզված լինի, որ 1997-98-ի իրենց պահվածքը կոպտագույն սխալ էր, երբեք այդ մասին բարձրաձայն չի ասի ու կգերադասի հայրենասիրական պաթոսը։ Խոսքն, ի դեպ, ՀՀ առաջին նախագահի ու նրա քաղաքական թիմի նկատմամբ վերաբերմունքի մասին չէ։ Սերժ Սարգսյանը դրան գրեթե չի անդրադառնում՝ ընդամենը հպանցիկ արձանագրելով, թե «երկրորդ աշխարհամարտից հետո տարածքային ձեռքբերմամբ և առանց սանկցիաների ուղեկցվող հաղթանակներ չեն եղել աշխարհում, ինչպե՞ս չկարողացանք բացատրել մեր ժողովրդին այս բարեբախտության նշանակությունը» (կարծես թե այդ «բարեբախտությունն» ինքն իրեն՝ երկնքից էր ընկել, կամ աշխարհը «գիր-ղուշ գցելով» էր որոշել մեր դեմ սանկցիաներ չկիրառել)։ Խոսքն այն մասին է, որ Սերժ Սարգսյանի ասածը փաստորեն հետևյալն է․ այո, մենք այն ժամանակ ճիշտ ենք արել, որ հրաժարվել ենք կարգավորումից, դրանից հետո բանակցությունների սեղանի շուրջ մեր դիրքերն ավելի ու ավելի էին ամրապնդվում, և ամեն ինչ շատ լավ կլիներ, եթե դրսի դավադիր ուժերի աջակցությամբ ժողովուրդը չխաբվեր ու «նախրի միջից ամենաբարձրը զռռացող էշի ճակատը չպաչեր»։ 

Այ այստեղ է, որ Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասում։ 1998-ի հեղաշրջումից հետո, որի առանցքային դերակատարներից մեկն էլ ինքն էր, հայկական կողմի բանակցային դիրքերը շարունակաբար թուլացել են։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև Ադրբեջանն իր տնտեսությունն ու բանակը հզորացնում էր ավելի արագ տեմպերով, քան Հայաստանը, և դա վաղ թե ուշ հանգեցնելու էր մեզ համար ցավալի հանգուցալուծման՝ բանակցային զիջումների կամ պատերազմի միջոցով։ Ուրիշ բան, որ Նիկոլ Փաշինյանն իր պատուհասներով ոչ միայն արագացրեց դա, այլև կատարյալ տհասությամբ (այնքան կատարյալ, որ նախապես պլանավորվածի տպավորություն է թողնում) այնպես արեց, որ «հանգուցալուծումը» լինի հնարավոր ամենացավալի տարբերակով, ու կորցնենք նույնիսկ այն, ինչը թշնամին նույնիսկ ամենահամարձակ երազներում չէր տեսնի։ Եվ սրա համար այս պատուհասները վաղ թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու։ Բայց սա չի նշանակում, թե մինչ այդ երկիրը ճիշտ ուղղությամբ էր գնում։ 

Առաջին հերթին հենց այս հարցերի մասին պիտի խոսեր Սերժ Սարգսյանը, բայց գերադասեց խոսել ոչ թե որպես պետական գործիչ, այլ որպես ժողովրդին դուր գալու ցանկություն ունեցող կուսակցության ղեկավար։ Իսկ այդպիսիների պակաս Հայաստանում չկա։ Իրենից ավելի լավ հռետորներ, ի դեպ, նույնպես։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2555 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ